– Ինչպիսի՞ ազդեցություն թողեց ճգնաժամը «Ֆլեշ» ընկերության գործունեության վրա։
– Եթե նկատի ունեք մեր հիմնական ճյուղը՝ վառելիքի ներկրումը, այստեղ ճգնաժամի ազդեցությունը շատ քիչ արտահայտվեց։ Բնական է, ներկրման ծավալները որոշ չափով կրճատվեցին։ Տնտեսության վիճակից ելնելով, սահմանափակվեց նաեւ բենզինի եւ դիզվառելիքի իրացումը։ Զգալի էին մեր մյուս ձեռնարկությունների կորուստները՝ կապված արտահանման հետ։ Խոսքը վերաբերում է հիմնականում գինու, կոնյակի արտադրությանը, որի արտադրանքը գերազանցապես իրացվում է Ռուսաստանում։ Եթե վառելիքի շուկան ավելի թեթեւ տարավ ճգնաժամի հետեւանքները, ապա այսօր մի նոր վտանգ է կախված այս ոլորտի գլխին՝ դրամի արժեզրկումը։ Այն 14-15 դրամը, որ կորցրեց մեր արժույթը վերջին երկու շաբաթում, խիստ լարված վիճակ է ստեղծել այս շուկայի գների կարգավորման հարցում։
– Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ տնտեսությունն այսօր եւ սպասելիքները ետճգնաժամային շրջանում։
– Հայտնի է, որ արժեթղթերի շուկան ՀՀ-ում կայացած չէ, եւ մենք այս իմաստով ինտեգրված չենք համաշխարհային շուկային։ Այնպես որ, կարող էր վիճակը եւ ավելի վատ լինել։ Մեզ մոտ ՀՆԱ-ի աճը հիմնականում հիմնված էր շինարարության վրա, որի ծավալները խիստ կրճատվեցին։ Հայաստանի կարեւորագույն՝ հանքարդյունաբերության ոլորտը նույնպես, ցավոք սրտի, ամենամեծ անկումն ունեցավ՝ աշխարհում այդ շուկաների գների փլուզման հետեւանքով։ Այլ ոլորտներում մեր շուկան մեծապես կապված էր Ռուսաստանի հետ, որի հետեւանքով մեծ վնասներ կրեցին, ինչպես խմիչքների արտադրությունը, գյուղատնտեսական մթերքների, մրգի արտահանումը եւ այլն։ Սրանք են բարձր տնտեսական անկման հիմնական պատճառները։ Կրկնում եմ, կարող էր ավելի վատ լինել։ Համաշխարհային ճգնաժամը, ճիշտ է, մեծ վնաս հասցրեց մեր տնտեսությանը, սակայն երկրաշարժ, պատերազմ, արհավիրքներ տեսած մեր ժողովուրդը այսպիսի դժվարություններ չէ, որ հաղթահարել է։ Ամեն ինչ կախված է մեր հետագա կազմակերպվածությունից եւ աշխատանքի որակից։ Եթե հույսներս դնենք տրանսֆերային գումարների, վարկերի վրա, բնական է, որ դժվար կտանենք ճգնաժամի հետեւանքները։ Բայց մեր ժողովուրդը մտածող, ստեղծագործող ժողովուրդ է, այս տեսանկյունից մենք, կարծում եմ, մոտ ապագայում պատվով դուրս կգանք այս վիճակից։ Ճգնաժամեր են, կգան ու կանցնեն, ինչպես ձմռանը հաջորդում է ամառը։
– Ի՞նչ հետեւանքներ կթողնի ՀՀ տնտեսության վրա թուրք-հայկական սահմանի բացումը։
– Որպես բիզնեսմեն՝ վստահ եմ, որ այն դրական ազդեցություն կթողնի, քանի որ այսօր հիմնական շուկաների հետ կապ ապահովող միակ ճանապարհը Վրաստանն է։ Անձամբ ես եւ՛ ներկրող եմ, եւ՛ արտահանող։ Ցավոք սրտի, Վրաստանում մեզ հաճախ թելադրում են ոչ նորմալ պայմաններ, եւ մենք ոչինչ չենք կարող ձեռնարկել դրա դեմ։ Տնտեսական առումով, Թուրքիայի սահմանի բացումն այսօր մեզ համար փաստացի նշանակում է ապաշրջափակում։
– Իսկ վտանգնե՞րը։
– Իհարկե, պետք է անհրաժեշտ զգուշություն։ Այստեղ լուրջ անելիքներ ունի պետությունը՝ հանձինս Ազգային ժողովի եւ կառավարության, օրենսդրական ակտերով չեզոքացնելու տնտեսական էքսպանսիայի հնարավորությունը, սատարելու եւ խթանելու մեր ներքին արտադրողին։ Այստեղ ավելի խանգարում են հոգեբանական արգելքները։ Գուցե կենցաղային մակարդակով, բայց մեզ մոտ տիրում է ուժեղի եւ թույլի հարաբերության հոգեբանությունը, գործում է ինքնապահպանության բնազդը։ Չպետք է վախենանք։ Ընդհանրապես տրամաբանությունը հուշում է, որ չեն կարող հարեւանները երկար, առավել եւս՝ հավերժ թշնամիներ լինել։ Ինչպես քաղաքականության մեջ է ասված, չկան հավերժ բարեկամներ եւ հավերժ թշնամիներ, կան հավերժ շահեր։ Սա ավելի քան իրավացի է բիզնեսի համար։ Պարզապես պետք է ազգովին պատրաստ լինել նոր, լուրջ մարտահրավերների՝ հանուն լավագույն ապագայի։ Այլ կերպ չի լինում, ամբողջ աշխարհը բաց սահմաններով է ապրում։
– Ինչո՞վ է պայմանավորված, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը հատկապես այսօր լուծման իրական հեռանկար ստացավ։
– Դա լուրջ վերլուծության թեմա է, վերջնական պատասխանը պատմությունը կտա։ Սակայն կարծում եմ՝ այստեղ երկրի ղեկավարի անհատական գործոնը գլխավոր դեր ունի։ Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, ընդհանրապես ավելի կոշտ դիրքորոշման կողմնակից էր։ Հիշո՞ւմ եք, Ստրասբուրգում հայտարարեց, թե՝ չեք բացում սահմանը, մի բացեք, առանց ձեզ էլ յոլա կգնանք։ Սերժ Սարգսյանը քաղաքական հարաբերություններում այլ տոնայնություն մտցրեց, այն է՝ մենք չնայած ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, բայց պատրաստ ենք ձեզ հետ բարիդրացիական նորմալ հարաբերություններ հաստատել։ Նա քաղաքականության մեջ մի նոր մշակույթ է բերում՝ հանդուրժողականության, սիրո, հարգանքի, միմյանց ձեռք մեկնելու։ Մենք քրիստոնյա ազգ ենք, եւ քրիստոնեական հանդուրժողականությունը իսկապես դրսեւորվում է ՀՀ նախագահի այս մոտեցումներում։ Իսկ հարաբերությունների շահավետության հարցում դեռ պարզ չէ, այս բացումը ում է ավելի շատ պետք՝ թուրքերի՞ն, թե՞ մեզ։ Մենք շատ չպետք է ոգեւորվենք, բայց ոչ էլ ընդհանրապես անզիջում դիրք գրավենք՝ դրանով կվնասենք ինքներս մեզ։
– Ինչպիսի՞ն է բենզինի գների համեմատական պատկերը մեզ մոտ եւ տարածաշրջանում, մասնավորապես՝ Թուրքիայում։
– Բենզինի գնի հարցը մեզ մոտ նորմալ է։ Այն չի տարբերվում շատ ավելի մեծ հնարավորություններ ունեցող երկրների գներից, եւ եթե տարբերվում էլ է, շատ անգամ՝ դրական առումով։ Թուրքիայում, օրինակ, բենզինի լիտրը տատանվում է 3 դոլարի շուրջ, Հայաստանում՝ մեկից քիչ պակաս, 95 ցենտ է։ Բենզինի գնագոյացումը բավական բարդ գործընթաց է, որտեղ էական դեր են խաղում միջազգային գները, տրանսպորտային ծախսերը, հարկային դաշտը, պետական քաղաքականությունը եւ այլ գործոններ։ Այստեղ նույնպես կարող եմ ենթադրել, որ Թուրքիայի սահմանը բացելով՝ ինքնարժեքը տրանսպորտային ծախսերի մասով կկրճատվի, եւ գները մեզ մոտ ավելի ցածր կարող են դառնալ։
– Համաշխարհային ճգնաժամը ցույց տվեց, որ այսօր ձեւախեղվել է ազատ շուկայի սկզբունքը։ Ամենաազատական երկրներում անգամ հսկայական պետական միջամտություն է կատարվում բիզնեսի գործերին, հաճախ՝ ոչ հավասարաչափ եւ արդարացի։ Որո՞նք են այստեղ մեր անելիքները, արդյո՞ք պիտի փոխվեն ազատական տնտեսության սկզբունքները։
– Այդ ամենը նկատի ունենալով հանդերձ, ես մնում եմ այն տեսակետին, որ մեր առաջընթացը այսօր, շուկայական հարաբերություններից բացի, ուրիշ համակարգ ապահովել չի կարող։ Շուկայական սկզբունքները չպետք է շփոթել քաոսի, «բազարային» հարաբերությունների հետ։ Մեզ մոտ ստեղծվել են նաեւ համապատասխան պետական կառույցներ, որոնք կոչված են կարգավորել գների անկանոն զարգացումները։ Բոլոր դեպքերում, այստեղ եւս մեր օրենքները անկատար են, նույնիսկ հակամենաշնորհային մեր պետական օրգանները չունեն այն բոլոր լծակները, որ կարողանան տնտեսվարող սուբյեկտներին որոշակի եւ ամբողջովին վերահսկելի խաղի կանոններ թելադրել։ Ինչ վերաբերում է ճգնաժամի պայմաններում պետական խոշոր միջամտություններին, որ իրականացվում են այսօր տնտեսության կարգավորման բնագավառում, դա ամենեւին չի հանգեցնում շուկայական հարաբերություններից հրաժարման։ Պետությունը օգնում է շուկայական մեխանիզմներին՝ հաղթահարելու ճգնաժամը։ Այդ թվում՝ պետական ռեզերվներից օգնությունը։ Շատ երկրներ պահուստներից աննախադեպ միջոցներ հանեցին շուկա (ԱՄՆ, Ռուսաստան), նաեւ՝ մենք։ Այս քայլերում ես քաղաքակիրթ շուկայական հարաբերություններից սկզբունքային նահանջ չեմ տեսնում։
– Ձեր կարծիքը տնտեսական մենաշնորհների մասին։ Արդյո՞ք կարող է փոքր կամ միջին բիզնեսի ներկայացուցիչը այսօր մրցակցություն ցուցաբերել ոլորտի փորձված, մեծ կապեր, միջազգային վստահություն եւ ֆինանսական կարողություններ ունեցող ֆիրմաների հետ։
– Չզարմանաք, եթե ես՝ խոշոր գործարարս, անկեղծորեն ասեմ, որ հիմնավորապես դեմ եմ մենաշնորհներին։ Բացատրեմ ինչու։ Իմ բիզնեսը ես այս մակարդակին հասցրել եմ տարիների մրցակցության, հետեւողական աշխատանքի արդյունքում։ Բիզնես աշխարհում մենաշնորհն անթույլատրելի է, այն խանգարում է ազատ գործարարությանը։ Այլ խնդիր է, որ ՀՀ-ում, ցավոք սրտի, միջին եւ փոքր բիզնեսը դեռ կայացած չէ։ Սա նույնպես գալիս է մեր աշխարհայացքից, հոգեկերտվածքից։ Պետք է տարիներ անցնեն, գուցե տասնամյակներ, որ մարդկանց մոտ ձեւավորվի բիզնես-մշակույթը։ Կան ոլորտներ, որոնք ավանդաբար փոքր, միջին բիզնեսինն են, եւ այդտեղ տգեղ է խոշոր գործարարի ներթափանցումը։ Մարդկանց ագահությունը պետք է չափ ու սահման ունենա։ Երբ մարդ իր ոլորտում հզոր է, բայց ձեռքը մեկնում է ամենուր, այդ թվում՝ դիմելով արտոնությունների, հովանավորչության, դեմպինգի մեթոդների, սա եւս, կարծում եմ, ազնիվ չէ։ Երբեք մտքովս չի անցել, օրինակ, որ Հայաստանում պահեմ, ասենք, երթուղային տաքսիներ կամ նման մանր-մունր բաներ՝ որպես եկամուտի աղբյուր։ Ոչ թե նրա համար, որ խելքս չի հասնում, այլ ուղղակի համարում եմ, որ պետք է ողջ ուշադրությունս եւ հնարավորություններս կենտրոնացնեմ իմ ոլորտի արդյունավետության բարձրացման, դրա հետագա կատարելագործման ուղղությամբ։ Եվ ոչ թե ուրիշ տեղերից էլ եկամուտներ պոկեմ, դնեմ սրա վրա՝ գերիշխանության հասնելու նպատակով։ Հակառակը, եթե զուգահեռ ձեռնարկություններ եմ հիմնում՝ միայն հայրենական արտադրության զարգացման՝ հոգու պարտքի համար։ Հայաստանը փոքր երկիր է, բիզնես ոլորտները հայտնի են, եւ գիտենք, թե ով ինչով է ապրում։ Մեկ-մեկ էլ, ցավոք, գուցեեւ իրավիճակի թելադրանքով, տնավարի է ամեն ինչ կատարվում։ Նոր ենք անցնում գործարար հարաբերությունների, քաղաքակիրթ բիզնեսի, ընդամենը շուրջ մեկուկես տասնամյակ՝ անկախացումից ի վեր։ Եվ դեռ շատ բան ունենք սովորելու։
– Ի՞նչ հարաբերության մեջ են բիզնեսը եւ քաղաքականությունը Հայաստանում։
– Բիզնեսը եւ քաղաքականությունը սերտորեն կապված են։ Այս ճանապարհը անցել է ամբողջ աշխարհը։ Սակայն մեզ մոտ սա էլ հիպերտրոֆիայի է ենթարկված։ Այնպես պետք է անել, որ բիզնեսի աշխատած փողերը չդրվեն քաղաքականության մեջ, ասենք՝ ընտրությունները ուղղորդելու կամ պարզապես պատգամավոր դառնալու համար։ Հայաստանում ստեղծվել է մի թյուր կարծիք, որ եթե մարդ պատգամավոր է, ապա քաղաքականությամբ է զբաղվում։ Այսօր դա կարծես մոդա է։ Իրականում ճիշտ հակառակը, գնալով քաղաքական գործիչների փոխարեն բազմանում են կոճակ սեղմողները։ Չեմ հասկանում՝ մի՞թե դա այդքան հրապուրիչ պարտականություն է։ Ես այդ մոդային չեմ հետեւել իմ գործունեության 18 տարիների ընթացքում։ Ընդհանրապես դեմ եմ, որ խոշոր գործարարները մտնեն անմիջականորեն քաղաքականություն, բայց խոշոր բիզնեսմենը կարող է լոբբինգով մասնակցել քաղաքականությանը, եթե խորությամբ է հասկանում դրա անհրաժեշտությունը։ Սրանք տարբեր բաներ են։ Ամեն մի բիզնես, բնագավառ թիմ է պահանջում, պետք է ունենաս քո թիմը, խոսքը սրա մասին է։ Ձեզ չթվա, թե ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում խոշոր բիզնեսմենները քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց նրանք այնքան գեղեցիկ են զբաղվում, որ իրենց անունը չի շոշափվում։ Հայաստանում այս մշակույթը ձեւավորված չէ։ 98թ., եթե հիշում եք, դեռեւս Վազգեն Սարգսյանը արգելել էր խոշոր գործարարների մուտքը պառլամենտ։ Սա կարծես Սահմանադրությամբ էլ չի թույլատրվում։ Ցավոք սրտի, հետո դա «բնականոն», հայաստանյան ձեւով գնաց։ Կարող է, սա մարդու տեսակի խնդիր է։ Ասում են, որ քաղաքականության մեջ բարոյականությունը առաջնային չէ։ Բայց միեւնույն է, մենք պարտավոր ենք հասնել գոնե նրան, որ Հայաստանի քաղաքացին իր ձայնը չվաճառի 5000 դրամով։ Սա մահացու վիրավորանք է նույնիսկ բիզնեսի տեսակետից։ Կյանքի օրենքները եւ ժամանակը ինքնըստինքյան կարգավորելու են նման հարաբերությունները։
Անժելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ