Էլեկտրահարո՞ւմ, թե՞ սպանություն

23/09/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

2007թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի թիվ N զորամասում մահացել է ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը, որն ըստ պաշտոնական վարկածի` ռադիոռելեային կայանի ալեհավաքի վրա գործողություն կատարելիս էլեկտրահարվել է: Վերջինս 2000 թվից բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում: Նա Պյատիգորսկի Պոլիտեխնիկական համալսարանի ֆինանսներ եւ վարկեր ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող եւ Սրավրոպոլի երկրամասի ձյուդոյի չեմպիոն էր: Հայրը` Սուրեն Օհանջանյանը, պատմում է, որ որդուն ճանապարհել են Հայաստան զինվորական ծառայությունն անցկացնելու, իսկ իրենք` ընտանիքով շարունակել են բնակվել ՌԴ-ում: «Գրեթե ամեն երկու օրը մեկ զանգահարել ենք` տեղեկանալու, թե ինչպես է անցնում ծառայությունը: Ոչ մի խնդիր չի ունեցել, չնայած, եթե անգամ ունենար` չէր ասի: Հանգիստ ենք եղել, որովհետեւ ինքը պինդ, դաստիարակված տղա էր: Հանկարծ զանգահարում, ասում են…»,- պատմում է Ս. Օհանջանյանը, ով որդու հետ կատարվածից հետո առողջական ծանր խնդիրներ ունի, 2-րդ կարգի հաշմանդամ է դարձել: Տիգրանի ծնողները միանշանակ պնդում են, որ իրենց որդին ոչ թե էլեկտրահարվել, այլ ենթարկվել է դաժան խոշտանգումների, այնուհետեւ սպանվել է: Նման ենթադրության առիթ են հանդիսացել Տիգրանի մահվան հանգամանքների վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, դեպքի վայրի տեխզննության, էլեկտրատեխնիկական փորձաքննության արդյունքները, ինչպես նաեւ մահվան իրական պատճառի հակասական փաստարկները: Ներկայումս Տ. Օհանջանյանի գործը գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Իսկոյանի վարույթում: Ի դեպ, օգոստոսի 27-ին, այսինքն` դեպքից երեք օր առաջ նույն զորամասում միջադեպ է տեղի ունեցել, որի մանրամասները, սակայն, ոչ մի դեպքում չեն հրապարակվում: Փոխարենը մեր ձեռքի տակ է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական ծառայության եւ ռեժիմի վարչության պետ, գնդապետ Հ. Սահակյանի զեկուցագիրն ուղղված ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, Պաշտպանության նախարարի այն ժամանակվա առաջին տեղակալ Ս. Օհանյանին, որտեղ մասնավորապես ասվում է. «Ձեզ եմ ներկայացնում ս.թ. օգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ ԶԾ եւ Ռեժիմի վարչության սպաների կողմից կցված ծառայողական քննության նյութերը»: Զեկուցագրում նաեւ նշվում է, որ ծառայողական քննության նյութերը բաղկացած են 43 թերթից, մինչդեռ ըստ Ս. Օհանջանյանի՝ ՀՀ ՊՆ համապատասխան մարմինները հրաժարվում են ծանուցել նույն զորամասում կատարված այդ միջադեպի առիթով կատարված ծառայողական քննության մանրամասները: Նա չի բացառում, որ որդու «առեղծվածային» եւ չպատճառաբանված» մահվան հետ այդ դեպքն անմիջական կապ ունի: «Դիահերձարանում որդուս լուսանկարել եմ: Պարանոցի վրա մեծ կտրվածք կար, ինչը պարանով խեղդամահ անելու սպի էր: Դեմքը ծեծված, կապտած էր, իսկ ոտքերի տակ մեխով կամ սուր գործիքով մաշկը պոկած, արյունլվա հատված կար: Ատամ էլ էր բացակայում: Խնդրեմ, ինքներդ նայեք, սրանից էն կողմ` էլ ի՞նչ ապացույց»: Ս. Օհանջանյանի` դիահերձարանում կատարած լուսանկարներում անզեն աչքով երեւում է, որ Տիգրանին դաժանաբար ծեծել են, իսկ ոտքերի տակի հետքերը պարզապես չէին կարող էլեկտրահարվելու արդյունք լինել:

Պաշտոնական վարկած

Համաձայն պաշտոնական վարկածի` 2007թ. օգոստոսի 30-ին, ժամը 22:30-ի սահմաններում N զորամասի 3-րդ մարտկոցի 3-րդ հրանոթի հրամանատար, ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանը երեկոյան անվանականչից հետո դուրս է եկել զորանոցից եւ գնացել զուգարան: Ժամը 22:50-ի սահմաններում, N զորամասի 2-րդ ՀԱԿ-ի հերթապահ, կրտսեր սերժանտ Ա. Գալստյանը Ռ-419 ռադիոռելեային կայանի ալեհավաքի կողմից լսել է ձայներ, մի քանի վայրկյան հետո քայլելով ձայների ուղղությամբ՝ տեսել է հոսանքահարված, անգիտակից կրտսեր սերժանտ Տ. Օհանջանյանին: Հետաքրքիր է նաեւ այն, որ փաստի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ամրագրվել է հետեւյալը. «Տ. Օհանջանյանի դիակը հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի կապի հանգույցի շենքի մոտ, հողածածկ արահետի վրա: Կապի հանգույցից 12 մետր հեռավորության վրա տեղակայված է տելեսկոպիկ կայմ: Կայմի վրա ամրացված են ձգաձողեր, որոնք կայմը պահում են ուղղահայաց դիրքով: Նշված կայմից դեպի կապի հանգույցը ձգվում է ձգաձող, որը ցցաձողի միջոցով ամրացված է գետնին, եւ այն գտնվում է կապի հանգույցի շենքից 1,5 մետր հեռավորության վրա: Նշված վայրում էլ ձգաձողի տակ հայտնաբերվել է Տ. Օհանջանյանի դիակը»: Այնուհետեւ նախաքննական մարմինն արձանագրում է, որ Տ. Օհանջանյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նրա մահը վրա է հասել էլեկտրահարվելու հետեւանքով: Մինչդեռ, այն ժամանակվա Պաշտպանության նախարարի հրամանում արձանագրված է, որ վերջինիս ցույց է տրվել առաջին բուժօգնություն, որից հետո անմիջապես նրան տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Հետեւաբար հարց է ծագում, թե ի՞նչ բուժօգնություն են ցուցաբերել արդեն մահացած զինվորին եւ ինչո՞ւ է արձանագրված, որ վերջինիս մահը վրա է հասել հոսպիտալում: Այսպիսով, հակասական են գործի նյութերում առկա փաստերն այն մասին, թե ե՞րբ է Տ. Օհանջանյանի մահը վրա հասել: Ավելին, Տիգրանի հայրը պնդում է, որ որդու առգրավված համազգեստը եղել է պատառոտված, իսկ 9 ամիս հետո փորձաքննության ենթարկված հագուստը եղել է միանգամայն նոր համազգեստ, ինչը վկայում է այն մասին, որ վիճաբանության արդյունքում պատառոտված իրական հագուստը «ոչնչացվել է» քրեական գործի իրեղեն ապացույց հանդիսացող նյութերից: «Ծառայողական քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը N զորամասի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, կապիտան Ս. Տարախչյանը` ըստ գրաֆիկի զորամասի պատասխանատու եւ զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Ն. Մարգարյանը պատշաճ կերպով հսկողություն չեն սահմանել օրվա կարգացուցակի ճիշտ կատարման նկատմամբ, ինչպես նաեւ թերացել են իրենց ֆունկցիոնալ պարտականությունների մեջ»,- նման հրաման է արձակել այն ժամանակվա ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը` հանձնարարելով զորամասի մի շարք պատասխանատուների կարգապահական տույժերի ենթարկել: Նաեւ բավական հակասական են ալեհավաքի դատաէլեկտրատեխնիկական փորձաքննության արդյունքները, քանի որ մի դեպքում ՀՀ Փորձագիտական կենտրոնի փորձագետ Գենադի Հարությունյանի փորձագիտական եզրակացությամբ հաստատվում է Տիգրանի էլեկտրահարվելու հանգամանքը, մյուս դեպքում` անկախ փորձագետների մասնակցությամբ` բացառվում է հոսանքի թույլ լինելու հանգամանքով:

Իրարամերժ եզրակացություններ

ՀՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական դատական բժշկության կենտրոնի» փորձագետ Վ. Ադամյանի դատաբժշկական ախտորոշմամբ` Տ. Օհանջանյանի մահը հետեւանք է տեխնիկական էլեկտրական հոսանքի ազդեցությամբ օրգանիզմի վրա էլեկտրահարությունից, որը հիմնավորվում է դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված` պարանոցի, ձախ դաստակի, մատների, աջ ոտնաթաթի 1-ին մատի շրջանների էլեկտրանշաններով, աջ ոտնաթաթի շրջանի արյունազեղումով, տվյալ մահվան բնորոշ նշաններով: «Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է աջ նախաբազկի, ձախ արմնկահոդի շրջանի քերծվածքներ, որոնք առաջացել են կենդանության օրոք, բութ առարկաների ազդեցությամբ, նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում եւ նման վնասվածքները սովորաբար կենդանի անձանց մոտ առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում»,- նշվում է եզրակացության մեջ, որը կատարած փորձագետը Տիգրանի պարանոցի խոր կտրվածքն անվանել է ընդամենը քերծվածք: Տիգրանի հայրը` Սուրենը, պնդում է, որ, անգամ լուսանկարներում է երեւում, որ դիակի վրա բազում բռնության հետքեր կան, իսկ պարանոցի խոր կտրվածքը պարանով խեղդելու հետեւանք է. «Դիահերձարանում խնդրեցի, որ դատաբժշկական փորձաքննություն չանեն, մինչեւ ես իմ կողմից անկախ փորձագետ չհրավիրեմ: Ես չեմ վստահում այդ կենտրոնին եւ ի սկզբանե գիտեի, որ փորձաքննության եզրակացությունը հարմարեցնելու են «սարքած» գործին, որպեսզի սպանությունը կոծկեն: Ինձ պատին դեմ տվեցին, թե՝ չենք կարող սպասել, 2 ժամվա ընթացքում կամ ձեր փորձագետին բերեք, կամ էլ դիակը տարեք, ազատ սառնարան չունենք, որ պահենք: Որդիս բանակ գնալուց առաջ ատամնաշարի դիմացի մի ատամը չուներ, բայց եզրակացության մեջ գրել էին, որ դիմացի ատամները տեղում են: Ի՞նչ է, բանակում նրա ատամները գցե՞լ էին: Ինքս համոզվեցի, որ նրա սեղանատամներից բացակայում են, հարվածից ջարդուփշուր արած էր, բայց էդ ատամների բացակայության մասին եզրակացության մեջ ոչինչ չկար»: Ինչ վերաբերում է էլեկտրատեխնիկական փորձաքննությանը, ապա այս նյութերի հակասություններն էլ իրենց հերթին հիմք են տալիս ենթադրելու, որ, այնուամենայնիվ, Տ. Օհանջանյանի մահվան պատճառն ամենեւին էլ էլեկտրահարումը չէ: ՀՀ Փորձագիտական կենտրոնի էլեկտրատեխնիկական միակ փորձագետ Գենադի Հարությունյանը եզրակացության մեջ նշել է. «Տ. Օհանջանյանը պարանոցով եւ ձախ դաստակով հպվելով հենականգնակի ձգալարերին՝ ընկել է հպման լարման տակ: Նրա մարմնով փակվել է էլեկտրական շղթան ու Տ. Օհանջանյանի մարմնով անցել է 0,3Ա հոսանք, որի 6,8%-ը 0,026Ա` սրտի միջով: Զորամասում չի իրականացվել հողակցման հուսալիությունը եւ դրա ընդհանուր վիճակի ստուգումը, որը պետք է կատարվի տարեկան 1 անգամից ոչ ուշ: Հողակցման ստուգումների արդյունքները պետք է գրանցվեն մատյանի մեջ: Զորամասում բացակայում են հողակցման հարմարանքի կատարողական գծագրերը, որտեղ պետք է նշված լինեն ստորերկրյա հաղորդակցության ուղիների դասավորությունը, հողակցման հարմարանքի էլեմենտների տեղադրման ստորերկրյա աշխատանքների ակտերը եւ հողակցման համակարգի ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրությունները»: Գ. Հարությունյանը տեղի ունեցած դժբախտ պատահարի համար նշում է. «Պատասխանատվություն են կրում

Ռ-419 կայանը եւ հողակցումները սպասարկող անձինք, որպես անմիջական խախտողներ, այնպես էլ նրանք, ովքեր չեն ապահովել միջոցների կատարումը»: Այնուհետեւ դատարանում նույն ինքը` Գ. Հարությունյանը, հայտարարել է, թե փորձաքննության ժամանակ պահանջել է, որպեսզի մալուխն իրեն ներկայացնեն, ինչպես նաեւ կայմը իջեցնեն, սակայն իր պահանջները չեն կատարել: Ընդունման-հանձնման փաստաթղթեր է խնդրել, որոնք, սակայն, չեն ներկայացրել: Ասել է թե` նյութերը բավարար չեն եղել եզրակացության հանգելու համար: Վերջինս դատարանին նաեւ հայտնել է, որ ինքը միայն արտաքինից է ուսումնասիրել Ռ-419 ռադիոկայանը, ինչպես նաեւ չի ուսումնասիրել այդ նույն կայանի բլոկները, անձամբ չի չափել հողի մեջ խրված ցցաձողերի երկարությունը, բայց ենթադրելով՝ գրել է 50սմ: Ավելին` փորձագետը դեպքի վայրն ուսումնասիրել է առանց համապատասխան մասնագիտական սարքերի, իսկ ձգալարերում հոսանքի առկայությունը չափել է զինվորներից մեկի սարքով: Գ. Հարությունյանն առանց հողի դիմադրությունը չափելու արձանագրել է, որ այն կազմում է 400-500օհմ: Այդուհանդերձ, նախաքննության ընթացքում նշանակված դատաէլեկտրատեխնիկական փորձաքննությունը հակասում է ՀՀ ՊՆ կողմից իրականացված ծառայողական քննության արդյունքներին, համաձայն որի` տվյալ վայրում հոսանքահարման դեպքը բացառվում էր: Համաձայն ՀՀ ՊՆ գնդապետ Ա. Գեւորգյանի` ՀՀ Սեւանի կայազորի զինդատախազ Գ. Համբարձումյանին ուղղված 01.09. 2007թ. գրության` 2007թ. օգոստոսի 31-ին կատարված տեղանքի զննումից պարզվել է, որ նշված հատվածում, ձգարաններում եւ ցցաձողերում էլեկտրական հոսանք չէր կարող լինել, քանի որ Ռ-419 ռադիոռելեային կայանի ալեհավաքը չունի ուղիղ կապ կենցաղային լարման հետ: Հաղորդիչ ալեհավաքից մոտ 6-7մ հեռավորությամբ անցնող 380վ լարման օդային գծից հնարավոր չէ հոսանքի անցումը ալեհավաքին, առավել եւս դրա միջոցով անցում ձգարաններին եւ ցցաձողերին: «Դեպքի վայրի տեղազննության ընթացքում բոլոր շահագրգիռ անձանց ներկայությամբ կատարվել է ձգարանների եւ ցցաձողի լարման առկայության ստուգաչափում: Արդյունքում պարզվել է, որ լարում չկա»,- նշված է արձանագրության մեջ:

Հ.Գ. 2007թ. օգոստոսի 30-ին Տ. Օհանջանյանի մահվան պաշտոնական վարկածը չի ապացուցվում ձեռք բերված նյութերով, մինչդեռ սպանության վարկածի վկայությունը դիակի լուսանկարներն են, որոնց մի մասը չենք տպագրում միայն պատճառով, քանի որ ընթերցողի վրա այն կարող է ծանր ազդեցություն գործել: