TEMPUS ծրագրին Հայաստանում շատերն են ծանոթ՝ հատկապես բուհական համակարգի ներկայացուցիչները։ Արդեն 14 տարի շարունակ Եվրամիության ֆինանսավորմամբ այս ծրագիրը փորձում է մոտեցնել մեր կրթական համակարգը եվրոպական չափանիշներին։
TEMPUS-ը (Trans European Mobility Program for University Studies) Եվրոպական հանձնաժողովի ծրագիր է, որի նպատակն է՝ աջակցել Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում բարձրագույն կրթական համակարգերի բարեփոխումների եւ արդիականացման համար տարվող աշխատանքներին։ Այն նախատեսում է ԵՄ-ի եւ ծրագրում ներգրավված երկրների միջեւ ստեղծել փոխշահավետ համագործակցություն բարձրագույն կրթության բնագավառում, մասնավորապես` բազմակողմանի գործընկերության հաստատում Եվրոպայի եւ մասնակից պետությունների բուհերի միջեւ, համատեղ ծրագրերի իրականացման միջոցով նոր ուսումնական ծրագրերի, դասավանդման նոր մեթոդների կամ նոր ուսումնական նյութերի ստեղծում, բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման մոդելների արդիականացում եւ այլն։ Ծրագիրն ընդունվել է 1990թ. ԵՄ Նախարարների խորհրդում եւ այդ ժամանակից ի վեր երկարացվել է 4 անգամ։ Ներկայումս գործում է Tempus IV-ը, որը շարունակվելու է մինչեւ 2013թ.։
TEMPUS-ը Հայաստանում
Հայաստանը TEMPUS-ին մասնակցում է 1995 թ.-ից։ Բոլոնիայի գործընթացով առաջադրված նպատակներին հասնելու տեսանկյունից՝ TEMPUS-ի դերը դժվար է գերագնահատել։ Այն հնարավորություն է տալիս հայաստանյան բուհերին բարելավել իրենց կրթական ծրագրերը, իրականացնել արդյունավետ կառավարում, տեխնիկապես վերազինվել եւ այլն։ Հայկական բուհերը Tempus-ի միջոցով կարող են համագործակցություն հաստատել լավագույն եվրոպական կրթական հաստատությունների հետ եւ մեծացնել ուսանողների եւ դասախոսական անձնակազմի շարժունակությունը։ Tempus-ի հայաստանյան ազգային գրասենյակի կոորդինատոր Լանա Կառլովան ասում է, որ կան համագործակցության լավ օրինակներ, որոնք շարունակվում են մինչ օրս՝ ծրագրի ավարտից տարիներ անց։ Չնայած՝ «Ոչ բոլոր դեպքերում է համագործակցությունը շարունակվում»,- ասում է տկն Կառլովան։
Tempus-ի ծրագրերը՝ թե քանակով, թե բովանդակությամբ ու մասշտաբներով, իրոք տպավորիչ են։ Նախ` Tempus-ն իր ծրագրերում հաշվի է առնում գործընկեր երկրի առաջնահերթությունները՝ ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային առումով։ Ազգային առաջնահերթությունները հաստատվում են Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության եւ գործընկեր երկրի Կրթության նախարարության համատեղ քննարկումների արդյունքում։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային առաջնահերթություններին, դրանք հիմնված են Գործընկեր երկրների հետ՝ ԵՄ գործընկերության քաղաքականության վրա։
TEMPUS-ի նախագծերի եւ միջոցառումների առաջնահերթությունները 2009թ. համար
Բավական է նշել, որ 1995-2007թթ. ԵՄ-ի կողմից ֆինանսավորվել են 32 ծրագրեր եւ 60 անհատական գրանտներ՝ 5.5 մլն եվրո ընդհանուր արժեքով։ Լ. Կառլովան ասում է, որ հայաստանյան բուհերի կողմից այս ծրագրերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է՝ հատկապես պետական բուհերի կողմից։ Ընդհանուր առմամբ, համատեղ նախագծերին, կոմպակտ նախագծերին եւ կառուցվածքային միջոցառումներին մասնակցել են 94 եվրոպական բուհեր, 12 պետական բուհեր ՀՀ-ից, 12 ոչ ակադեմիական կազմակերպություններ եւ 6 համալսարաններ կովկասյան տարածաշրջանից։ Ակտիվության մասին է խոսում նաեւ այն, որ ըստ Լ. Կառլովայի, անցյալ տարի ՀՀ-ն ներկայացրել է 32 ծրագիր։ Դրանցից հաստատվել են 4-ը՝ 3.9 մլն եվրո ընդհանուր արժեքով։
Վիճակագրություն
Ինչպես տեսնում եք, 2008թ. ընթացքում ԵՄ-ն հատկացրել է աննախադեպ մեծ ծավալի ֆինանսավորում՝ գրեթե 4 մլն եվրո։ Դա պայմանավորված է նրանով, որ չնայած մինչ այժմ կատարված քայլերին՝ անելիքներ դեռ շատ կան։ Լ. Կառլովան առկա խնդիրներից առանձնացնում է բարձրագույն կրթական համակարգում առկա անտարբերությունը՝ թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների եւ վարչական անձնակազմի կողմից։ «Ուսանողը պետք է իր ուսման պատվիրատուն լինի, ինչը մեզանում բացակայում է։ Համալսարանը պետք է լինի ուսանողների համար, ոչ թե ադմինիստրացիայի, ուսանողը պետք է որոշի իր կարիերան»,- նշում է նա։ Ըստ Լ. Կառլովայի, լուրջ խոչընդոտ է նաեւ լեզվի խնդիրը, քանի որ հատկապես ավագ սերնդի դասախոսներն ու ադմինիստրատիվ աշխատողները չեն տիրապետում օտար լեզուների։
Այդուհանդերձ, Լ. Կառլովայի խոսքերով, նոր սերունդն ավելի ճկուն է, այսինքն՝ առաջընթացի հնարավորություն կա։ Իսկ 1995-ից ի վեր իրականացված ծրագրերի արդյունքում, նրա համոզմամբ, անգամ ադմինիստրատիվ աշխատողները փոխվում են։ Դրան նպաստում են հաճախակի կազմակերպվող այցելությունները, երբ մարդիկ շփվում են, ծանոթանում եվրոպական կրթական լավագույն ավանդույթներին։