Հայաստանում կուտակվել է մեծ քանակությամբ (մոտ 870 տոննա) հրթիռային
մելանժ կոչվող վառելանյութ, որն այլեւս հնարավոր չէ պահեստավորել, քանի որ
տարաները ժանգոտում են: Մինչեւ վերջերս գաղտնի էր պահվում, որ Հայաստանը
նման վառելանյութ ունի: Իսկ դրա առկայությունը հայտնի է դարձել այն
ժամանակ, երբ ֆինանսների բացակայության պատճառով ՀՀ պաշտպանության
նախարարը նախորդ տարի թունավոր եւ քիմիապես ակտիվ նյութը ոչնչացնելու կամ
վերամշակելու խնդրանքով դիմել է ԵԱՀԿ-ին, որն էլ համաձայնել է օգնել
Հայաստանին: Մելանժը 1989-ից պահվում է Սպիտակ քաղաքի Ղալթաղչի գյուղում:
Մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը հրաժարվում է 1989-ին Հայաստանից
սովետական հրթիռների դուրսբերումից հետո դուրս է բերել նաեւ դրանց համար
նախատեսված վառելանյութը, քանի որ Ոուսաստանը վերջինիս հիմնական արտադրողն
է, եւ Հայաստանում եղած մելանժի տեղափոխումը մեծ ծախսերի հետ է կապված:
«Ազատություն» ռ/կ փոխանցմամբ` ԵԱՀԿ-ն եւ ԱՄՆ-ը խոստացել են Հայաստանին
1,4 մլն եվրո հատկացնել, որով Սպիտակում պետք է կառուցվի մելանժը
վերամշակող գործարան: Վանաձորի քիմիական գործարանի օժանդակությամբ արդեն
պատրաստ է մելանժը վերամշակող գործարանի նախագիծը: Մելանժը վերամշակելիս
հայ մասնագետներին օգնելու են եվրոպացի իրենց գործընկերները: Վերամշակման
արդյունքում մելանժից սելիտրա է ստացվելու, որն էլ անվճար բաժանվելու է
գյուղացիներին: