Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանն, արդեն 17 տարի, ղեկավարում է այգին եւ 17 տարի շարունակ ասում է, որ այգում ամեն ինչ կարգին է, կենդանիները ապահովված են անհրաժեշտ մինիմումով, գտնվում են մասնագիտական հսկողության տակ եւ … երջանիկ են: Եվ, իհարկե, նշում է, որ փողն է քիչ, եթե շատ լիներ` կենդանիները ավելի երջանիկ կլինեին: Ինչպես հիշում ենք, նույնը (բայց արդեն մարդկանց մասին) 70 տարիների ընթացքում ասում էին խորհրդային ղեկավարները: Սովետական մարդիկ պարտավոր էին երջանիկ ու կուշտ լինել, դա նրանց վերեւից էր հրահանգած: Հիմա, երբ Հայաստանն արդեն 18 տարի անկախ պետություն է հռչակվել, կենդանաբանական այգու բնակիչներին հրահանգվում է նմանատիպ պատրանքների զոհը մնալ: Այգում առկա բազմազան խնդիրների մասին չի խոսվում, իսկ Ս. Աբովյանին թվում է, որ եթե չի խոսվում, ուրեմն սույն խնդիրները գոյություն չունեն: «Կարգին հունով բոլոր աշխատանքները գնում են»,- ասաց նա երեկ` «Տեսակետ» ակումբում հանդիպելով լրագրողների հետ: Պարզվում է, որ ըստ տնօրենի` խնդիրներ չկան: Եվ քանի դեռ Ս. Աբովյանը այդ իր համոզմունքը մինչեւ քաղաքապետարան է հասցնում (իսկ այգին մունիցիպալ կառույց է), քաղաքապետարանն էլ որոշում է ավելի խորը չփորել հողը` թողնելով ամեն բան ինքնահոսի: Փաստը մնում է փաստ. Երեւանի կենդանաբանական այգի այցելող յուրաքանչյուր մարդու լացը գալիս է, երբ նա մուտք է գործում այգու տարածք: Իսկ երեխաներին երկընտրանք է տրվում. կամ լաց լինել ծնողների հետ, կամ էլ այգու ղեկավարների նման դաժան դառնալ: Կենդանիները լաց լինել (ու առավելեւս բողոքել) չեն կարող, այդ պատճառով էլ նրանց համար քաղաքապետարանի հովանու տակ գործող այդ հիմնարկը միայն մի ճանապարհ է թողել. մահը: Եվ կենդանիները սատկում են: Վերջին տարվա ընթացքում, օրինակ, շատ էր խոսվում գետաձիերի ընտանիքի մասին: Այն պայմանները, որոնք ստեղծվել էին այգում, չէին համապատասխանում այդ ջրասեր կենդանիների նվազագույն պահանջների բավարարմանը: Ձագի ծնունդից հետո պարզ դարձավ, որ մեկ ջրավազանը բավական չէ, քանի որ որձ Մանուկն ու էգ Մանուշը պետք է առանձին ապրեն, այլապես` որձը կոչնչացնի ձագին կամ էլ ձագին պաշտպանող մորը: Ցանկացած կենդանասեր մարդ կարող էր վստահությամբ ասել, որ գետաձիերի զույգի անդամներից մեկը մոտակա ժամանակներում անպայման սատկելու է: Արդեն 2 ամիս է, ինչ Մանուշը, որը գազազած Մանուկից փորձել է պաշտպանել իր ձագին (դա բնազդ է, որը նույնիսկ Ս.Աբովյանը ջնջել չի կարող), սատկել է: Ուշագրավ է լսել Մանուշի վախճանի հետ կապված այգու տնօրենի (այսինքն` փաստացի գլխավոր մասնագետի) կարծիքը: «Գետաձին սատկել է ինքնաթունավորման պատճառով»,- կտրուկ ու մշուշոտ ասաց նա` կարծես մտածելով` թողեք ինձ հանգիստ: Մենք տնօրենին հանգիստ չթողեցինք` հիշեցնելով, որ մասնագիտական եզրակացության մեջ նշվում է, որ գետաձին սատկել է «անաէրոբ ինֆեկցիայի» արդյունքում: «Այդ ինֆեկցիան հենց ինքնաթունավորում է նշանակում»,- պնդեց Ս.Աբովյանը: Մենք չզլացանք ու փորձեցինք ավելի լուրջ աղբյուրներից տվյալ ինֆեկցիայի ծագման պարզաբանումները ստանալ: Կենդանաբանական այգիների համաշխարհային ցանցը մեզ տեղեկացրեց, որ այդ հիվանդությունը ծագում է խոշոր կենդանիների կծելու ու մկանային հյուսվածքների քայքայման արդյունքում, եւ խնդրեցին նշել, թե հատկապես ինֆեկցիայի ո՞ր տարբերակի պատճառով է սատկել երեւանյան գետաձին: Ս.Աբովյանից դա ճշտել չկարողացանք, քանի որ նա այդ տեղեկությունը չէր հիշում, սակայն խոստացավ հետագայում մեզ ուղարկել արձանագրությունը: Մենք սպասում ենք, թեեւ արդեն իսկ պարզ է, որ Մանուշը սատկել է Մանուկի հարձակման պատճառով (մանավանդ, որ Մանուշի դիակը գտնվել է այն փակ տարածքում, որտեղ պահվում էր Մանուկը): Ինչ-որ կենդանի կծել է նրան: Առյուծն, օրինակ, դա անել չէր կարող, առյուծը հեռու էր: Ինչպես նաեւ հեռու էին մարդիկ, որոնց պարտականությունը կենդանիներին խնամելն է, այլ ոչ թե վայրի միջավայրի վերստեղծումը: Ի դեպ` ռուս եւ չեխ անասնաբույժները, որոնց մենք խնդրեցինք նշել նաեւ անաէրոբ ինֆեկցիայի բուժման ուղիները, պահանջեցին ինֆորմացիա փոխանցել, թե ինչպիսի՞ վիրաբուժական միջամտություն է ցուցադրվել, արդյո՞ք ճիշտ են մշակվել ու կարվել կենդանու վնասվածքները: Սույն ինֆորմացիան փոխանցելն, իհարկե, այգու գլխավոր անասնաբույժի գործն է, չէ՞ որ հենց նա է վայրի կենդանիների բուժումն իրականացնող գլխավոր հայաստանցի մասնագետը: Համենայնդեպս` ի պաշտոնե այդպես է: Սակայն ո՞վ կարող է իմանալ, թե ինչպես են բուժել գետաձիուն, եթե ըստ Ս.Աբովյանի՝ գետաձին սատկել է ինքնաթունավորման պատճառով: Միգուցե ինքնասպա՞ն է եղել… Եթե այդ մասին հաճախ ասվի, օրերից մի օր բոլորս էլ կհավատանք, որ նման բաներ եւս լինում են: «Դե գիտեք, այգիներում ամեն ինչ էլ լինում է»,- ասաց Ս.Աբովյանը երեկ` չմոռանալով նշել, որ իրենք հիմա ավելի լուրջ հարց են լուծում` փղիկի զույգ են որոնում: Որպես բարի ու լուսավոր «PR» ակցիա այս նորությունը կարող է ընկալվել: Դեռ կարող է… Գործարար Հրանտ Վարդանյանն էլ նոր փղիկի համար վճարելու է, այգին էլ նորից հարսանիք է կազմակերպելու: Բա հետո՞…
Իհարկե, ամեն ինչ էլ լինում է, եւ օրերից մի օր նաեւ պատասխանատվությունն իր խղճի վրա վերցնելու պահն է գալու: Կամ էլ այգի է գալու լուրջ մասնագետներից բաղկացած ռեւիզորների թիմը: Երեւանի Կենդանաբանական այգին հիմա փոքրիկ շրջափակված կղզյակ է դարձել, որը կարծես համաշխարհային այգիների ասոցիացիայի հետ ոչ մի աղերս ունենալ չի ցանկանում: Համարձակվում ենք ենթադրել, որ պատճառը վախն է: Եթե մեկ խնդիր մատնանշվի, ապա այն իր հետ խնդիրների ահռելի մի կույտ կհանի ջրի երես: Եվ այդ դեպքում Ս.Աբովյանը, նաեւ այգու գլխավոր անասնաբույժ Աբովյան-կրտսերը այլեւս չեն կարողանա մեղմ ժպիտով ասել, որ ամեն ինչ կարգին է: Ինչպես ասաց վերջերս Հայաստան ժամանած Ամստերդամի Թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը (որը մտավ մեր այգին ու սարսափած այնտեղից փախավ), եթե Երեւանի այգին ահազանգի աշխարհին իր խնդիրների մասին, բոլոր այգիները անհատույց օգնության կհասնեն: Սակայն ահազանգողներ չկան: Հայտնի է, որ Հայաստանում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող մի քանի միջազգային կառույցներ կան, որոնք, սակայն, գերադասում են գործ չունենալ Երեւանի այգու հետ, քանի որ այգին այնքան բարձր պատնեշներ է դնում իրենց առջեւ, որ տարրական ինֆորմացիա ստանալ անգամ չի ստացվում: Երբ անցյալ տարի սատկեց «Կարմիր գրքում» գրանցված մուֆլոնը, այգու բոլոր աշխատակիցները վախեցած նշեցին, որ Ս.Աբովյանն անձամբ է հրամայել այդ մասին ոչ մեկին չասել: Մուֆլոնին արագ թաղեցին, որպեսզի նրա հետքն անհետանա: Չկա մուֆլոն, չկա նաեւ մահ: Երբ ղեկավարը չի կարողանում իր գործը կատարել, բնական է ենթադրել, որ նրան հասցեագրված հարցերը շատանում են: Օրինակ, Մանուշի մահից հետո էլ արդիական է մնում երկրորդ ջրավազանի հարցը: Ս.Աբովյանը վստահեցրեց, որ իրենք արդեն կառուցել են երկրորդ ջրավազանը, եւ գետաձին կարող է մինչ ձմեռվա գալուստը ջրում լինել: «Իսկ ձմեռն ինչպե՞ս է լինելու» հարցին նա պատասխանեց. «Դե պետք է մտածենք ջրավազանը ջեռուցելու մասին»: Մտածելն ու անելը տարբեր բաներ են, Ս.Աբովյանն էլ գիտե, որ մտածելուց հետո պետք է քննարկման փուլ անցկացնել ու լավագույն տարբերակը գտնել: Դեռ անցյալ տարի, օրինակ, մենք ինքնուրույն ուսումնասիրություն անցկացրեցինք ու մասնագետներից պարզեցինք, որ ֆիլտրային ու ջեռուցման համակարգով ջրավազան կարելի է կառուցել 3 հազար դոլարով: Սակայն այդ ջրավազանի կառուցման միտքը այգու տնօրինությանը դուր չեկավ, եւ հարցը մնաց օդում կախված:
Հարկ է հիշեցնել, որ, օրինակ, կոկորդիլոսների համար նախատեսված փակ տարածքի կառուցումը ըստ պաշտոնական փաստաթղթերի` արժեցել է 58 հազար դոլար: Ինչո՞ւ է առաջնահերթությունը տրվել կոկորդիլոսներին, ոչ ոք հասկանալ չի կարող: Մանավանդ, որ այդ փակ վանդակը կառուցումից հետո` անմիջապես վերակառուցվել է, քանի որ օդափոխանակման սխալ համակարգ է տեղադրվել: «Հիմա կոկորդիլոսների տարածքը լավագույնն է»,- հպարտանում է Ս.Աբովյանը: Թեեւ պարզ տրամաբանությունը հուշում է, որ նման խոշոր գումար այդ տարածքի վրա ծախսելը աննպատակահարմար էր: Այգին շատ ավելի լուրջ խնդիրներ ունի, եւ առաջինն այդ շարքում գիշատիչ կատվազգիներին խուց-վանդակներից հանելն է: Եվ եթե այգին ահազանգի, ապա ցանկացած քաղաքացի գոնե 200 դրամ հանգանակություն անելով` կարող է նոր վանդակների հիմքը դնել: Նույնիսկ ավելորդ է նշել, որ շատ արտասահմանյան այգիներ օգնության կգան: Սակայն, երբ մտածում ես, որ օգնությունը տալով` բարերարը նաեւ որակյալ աշխատանք է պահանջելու այգուց, համոզվում ես, որ այգին օգնություն չի խնդրի: Դա տնօրինությանը ձեռնտու չէ: Այնտեղ 17 տարի շարունակ «ուրիշները թող իրենց քիթը մեր գործերի մեջ չխոթեն» սկզբունքն է գործում: Ս.Աբովյանն, օրինակ, երեկ նշեց, որ տեղյակ չէ, թե ինչպես են աշխատում հարեւան երկրների կենդանաբանական այգիները եւ որքան ֆինանսավորում են ստանում: Երեւի նա միայն իր խնամքի տակ եղած կենդանիների ճակատագրով է մտահոգվում ու ժամանակ չունի այլ երկրների փորձն ուսումնասիրել ու ահազանգ հնչեցնել: Ահազանգ չհնչելու պատճառներից մեկը թերեւս այգի մուտք գործող գումարների բաշխումն է: Այգին տարեկան 117 մլն դրամ ֆինանսական աջակցություն է ստանում: Ըստ տնօրենի` այդ գումարը բավարարում է միայն կենդանիներին սննդով ապահովելու եւ որոշ վերանորոգման աշխատանքներ անելու համար: Այցելուները նկատած կլինեն, թե ինչ կարկատաններով է ասֆալտապատվել այգու գլխավոր ծառուղին, եւ ինչպես են հնամաշ սյուները ներկվել ներկի թարմ շերտով ու որպես նոր սյուներ տեղադրվել: Ինչպիսի անխնամ տեսք ու խարխլված հոգեբանություն ունեն կենդանիները: Այգին լուրջ անասնաբույժների կարիք ունի: Ինչպես նկատում են արտասահմանցի անասնաբույժները, եթե Երեւանի կենդանաբանական այգում ստուգումներ անցկացվեն, գրեթե ոչ մի մասնագետ որակավորում չի ստանա: Իսկ տնօրենն ասում է, որ ամեն ինչ կարգին է եւ նույնիսկ առեւտրի կրպակներն են հանվել այգու տարածքից, քանի որ, ըստ նրա` կենդանաբանական այգին երբեք բիզնես չպիտի համարվի: Բիզնեսը թերեւս ստորջրյա կամ ստվերային է լինում: Իսկ այդ ստվերում մնում են կենդանիները, որոնք կարծես միայն խանգարում են այգու ղեկավարներին` պարբերաբար չդիմանալով «անմարդկային» փորձություններին ու սատկելով: