Երեկ իֆթարի արարողության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական բանակցային գործընթացում Թուրքիայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: «Քանի դեռ Ադրբեջանի գրավյալ տարածքները չեն վերադարձվել, Հայաստանի հետ սահմանը չի բացվի»,- հայտարարել է Էրդողանը: «Թուրքիան գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ մոտ է: Եթե մենք Հայաստանի կողմից չտեսնենք կոնկրետ քայլեր, սահմանի բացման մասին ոչ մի խոսք չի կարող լինել»,- հավելել է նա: Թուրքիայի վարչապետի այս հայտարարությանն անմիջապես հետեւել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը: «Ադրբեջանը ողջունում է Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունը, որով հերթական անգամ ամրագրվում է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը: