Ապագայի պարզեցված հայը

27/08/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Բուհական ընդունելության քննությունների արդյունքների հրապարակումները,
քննություն ընդունող դասախոսների հարցազրույցները եւ կրթության ու
գիտության նախարարի ասուլիսն այս թեմային նորից անդրադառնալու առիթ է։
Ընդունելության քննությունների առթիվ քիչ է մնում պաշտոնական սուգ
հայտարարվի։ Բոլորը ցնցված են։ (Առաջին հերթին՝ բանասերի կրթություն
ունեցող նախարարը)։ Անբավարար գնահատական ամենաշատն արձանագրվել է Հայոց
լեզու եւ գրականություն, ինչպես նաեւ՝ Հայ ժոողովրդի պատմություն
առարկաներից։ Այն տպավորությունն է, որ կրթության ոլորտի պաշտոնյաները
նոր-նոր են արձանագրում, թե հայագիտությունը Հայաստանում հեղինակություն
չունեցող ոլորտ է։ Նրանց համար նորություն է, որ վերջին տասնամյակներում
ամենաթույլ աշակերտներն են հիմնականում ընտրում Հայոց լեզվի եւ
գրականության մասնագիտությունը։ Պաշտոնյաների կողմից այս փաստն
արձանագրելը կարելի է համարել 2005-ի ընդունելության քննությունների միակ
դրական կողմը։ Այն, որ այս փաստն ի վերջո կրթության չինովնիկներն
արձանագրեցին, քիչ բան չէ։ Հաջորդիվ նրանք, հավանաբար, կընկալեն, որ սա
գիտության եւ մասնավորապես, հայագիտության նկատմամբ տարվող պետական
քաղաքականության արդյունքում ձեւավորված պատկերն է։ Քննությունների հետ
կապված հրապարակային մյուս երեւույթները անպարկեշտ անեկդոտներ են
հիշեցնում։ Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի
պատասխանատու Ռ. Թոփչյանն անզոր արձանագրում է, որ դիմորդները համարյա
անսահմանափակ քանակով կարող են հետաձգել քննությունը։ Իրենք անզոր են, եւ
այս հարցը պետք է կարգավորել օրենքով։ Հրապարակված վերջին տվյալներով՝
1617 դիմորդ հետաձգել է իր քննության օրը։ Նախարարն ուրախացած ասում է, որ
հետաձգելու ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է։ Ավելին,
հայտարարվում է, որ հետաձգողները նախորդ տարիների նման բարձր
գնահատականներ չեն ստանում։ Առայժմ չեն ստանում, որովհետեւ նրանք, ովքեր
պիտի բարձր ստանան, դեռ չեն մասնակցել քննության։ Քննությունից հետո այս
մասին այլեւս հրապարակումներ չեն լինի։ (Այսպես է վկայում նախորդ տարիների
փորձը)։  

Հայ ժողովրդի պատմության քննությունից անբավարար է ստացել դիմորդների
25%-ից ավելին։ Սա առանձին վերլուծության նյութ է։ Նախ՝ անաչառություն
ապահովելու հույսով վերջին տարիներին այս քննությունը գրավոր է
անցկացվում։ Պատմությունը գրավոր վերաշարադրելն անհամեմատ ավելի բարձր
իմացություն, ինտելեկտուալ մակարդակ ու հմտություն է պահանջում, քան կարող
է ապահովել միջնակարգ դպրոցը։ Այս նորամուծությունը ոգեւորությամբ
ընդունեցին միայն պարապող դասախոսները։ Որովհետեւ այն ոչ թե իմացություն
ստուգելու միջոց է, այլ՝ թեստի պես մի բան։ Թեստերը մեզանում վաղուց
դարձել են իմացությունից կտրված երեւույթ։ Եթե համաձայն չեք, կարող եք
դիտարկել Անգլերեն լեզվի քննության արդյունքները։ Դիմորդների 43%-ն
անգլերենից 18-20 միավոր է ստանում, անբավարար՝ միայն 7%-ը։ Սրանից,
իհարկե, չի կարելի եզրակացնել, որ մեր երեխաներն այդ լեզուն մայրենիից
ավելի լավ գիտեն։ Պատճառը, ըստ պաշտոնական բացատրության, այն է, որ
«դիմորդները անգլերեն լեզվի թեստերը պարզապես անգիր են արել»։ Այսինքն,
անգամ չինովնիկները հասկանում են, որ թեստը լեզվի իմացության հետ կապ
չունի։ Հասկանում են, բայց շարունակում են թեստի մեթոդը կիրառել այլ
առարկաների գծով եւս։ Արդյունքում, հայերենի եւ անգլերենի քննությունները
ակադեմիական նույն առաջադիմությունն են արձանագրում։ Մոտ 2000 դիմորդից
Հայոց լեզվի գրավորից 18-20 է ստացել 880-ը, անգլերենից՝ մոտ 860-ը։  

Ընդունելության քննությունների ընթացքում մամուլում եղած ամենազավեշտալի
հրապարակումը պնդում է՝ դիմորդների ցածր գնահատականները բացատրվում են
նրանով, որ նրանք պարապել են ուսուցիչների մոտ։ Փաստորեն, հանրակրթական
դպրոցը վաղուց արդեն որեւէ կապ չունի դիմորդի եւ ընդունելության
քննություններին պահանջվող գիտելիքների հետ։ Սա արձանագրում են անգամ
ուսուցիչները։ Վերջին տարիներին ավարտական դասարաններում աշակերտները,
որպես կանոն, դպրոց չեն հաճախում։ Հանրահայտ է նաեւ այդ «իրավունքից»
օգտվելու երեւանյան դպրոցների տնօրենների սահմանած սակագինը։ Տարվա համար
200 դոլար վճարելով աշակերտն իրավունք է ստանում դպրոց գալ շաբաթական
ընդամենը 1 օր։ Մնացած օրերին նա դասախոսների մոտ պարապում է
ընդունելության քննության առարկաները։ Հանրակրթական դպրոցի նկատմամբ այս
վերաբերմունքը վաղուց է ձեւավորվել։ Սրանում կրթության եւ գիտության
այսօրվա նախարարին մեղադրելն այնքան էլ ճիշտ չէ։ Բայց պարոն Երիցյանը եւս
ոչինչ չի անում իրավիճակը փոխելու համար։ Փոխարենը, վերջին ասուլիսի
ժամանակ մեղադրում էր ուսուցիչներին, որ «նրանք մասնագիտություն ընտրելու
հարցում իրենց աշակերտներին չեն կողմնորոշում»։ Հայաստանում երեխայի
մասնագիտություն ընտրելու հարցում հանրակրթական դպրոցը վաղուց արդեն
անելիք չունի։ Այս հարցում կողմնորոշիչը, եթե հաշվի չառնենք ծնողների
ֆինանսական հնարավորությունը եւ կաշառքը, հասարակական մոդան է։ Այս մոդան
էլ ձեւավորում է բուհական շուկան։ Տարիներ առաջ մոդա էր բժշկի եւ
իրավաբանի մասնագիտությունը. ուստի բժշկական եւ իրավաբանական
համալսարաններ էին բացվում։ Ընդունելության քննությունների ամենամեծ
կաշառքը այս ոլորտի պետական բուհերին է բաժին ընկնում։ Այսօր մոդայիկ են
դարձել տնտեսագետի, համակարգչային գործի մասնագիտությունները։ Հասարակական
պահանջն ու առաջարկվող կաշառքը համամասնորեն տեղափոխվել է այս գծով
պետական բուհեր։ Զուգահեռ՝ այս մասնագիտությունների գծով պետական
ամենաբարձր վարձավճարներն են սահմանված։ Հասարակական պահանջը, քիչ թե շատ
շնորհք ունեցող աշակերտներին, այս (ու օտար լեզուների) մասնագիտության է
ուղղորդում։ Հայագիտությանը բաժին են ընկնում հիմնականում անվճարունակ
ընտանիքների եւ ակադեմիական կրթության իմաստով ամենաթույլ աշակերտները։
Բուհական համակարգի սպասվող բարեփոխումներն այս գործընթացն ավելի են
խորացնելու։ Պետպատվերի վերացումն ու 100%-անոց վճարովի բուհական
համակարգի անցումը հասարակության մոտ լրիվ կարժեզրկի հայագիտությունը։
Կարժեւորվեն, շուկայական տերմինով ասած, միայն լիկվիդային
մասնագիտությունները։ Այսինքն՝ նրանք, որոնց ձեռքբերման համար ներդրված
ֆինանսական միջոցները հնարավոր է վերադարձնել առավելագույն արագությամբ։
Սա, հնարավոր է, շուկայական ճիշտ մոդել է։ Եթե իհարկե, ընդունելության
քննությունների ժամանակ կաշառքի գործոնն այդքան զգալի չլիներ։
Փորձագիտական տվյալներով՝ ընդունելության քննությունների շուկան
գնահատվում է 3-5 մլն դոլար։ Երեխային բուհ ընդունելու համար այդքան
գումար է վճարվում։ Գումար, որ արժեզրկում է կրթության ոլորտի ցանկացած
բարեփոխում։