Կարող է ճանաչել

18/09/2009

«Նախագահական ընտրություններից հետո Ուկրաինան կարող է ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը»,- երեկ նման հայտարարություն է արել ուկրաինական «Տարածաշրջանների կուսակցության» ներկայացուցիչ, պատգամավոր, Ուկրաինայի նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչի ղեկավարած կառավարության կաբինետի անդամ Անատոլի Տոլստոուխովը: «Շատ հաճելի է լսել, երբ այնպիսի երկրներ, ինչպիսին Վենեսուելան է, ճանաչում են Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, բայց ավելի կարեւորն այն է, որ նման գործընթաց ընթանում է հետխորհրդային տարածքում»,- ասել է ուկրաինացի պատգամավորը` կարծիք հայտնելով, որ նախագահական ընտրություններից հետո Ուկրաինան նույնպես այդ երկրների անկախությունը ճանաչելու վերաբերյալ իր ծանրակշիռ խոսքը կասի: Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա օգոստոսի 26-ին նույն կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է ընդունի Հարավային Օսիայի ու Աբխազիայի ժողովուրդների կամքը եւ ճանաչի այդ պետությունների անկախությունը: Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2010 թվականի հունվարի 17-ին: Յանուկովիչն այս անգամ եւս առաջադրելու է իր թեկնածությունը: