Գոհ են ու երջանիկ

18/09/2009

«Ես չեմ գտնում, որ այդ զեկույցով մարտիմեկյան դեպքերի քննարկումների էջը փակված է, մենք նույնպես կարծում ենք, որ ճիշտ կլինի ստեղծել նախաքննչական իրավասություններով օժտված նոր հանձնաժողով»,- երեկ ԱԺ ճեպազրույցում` անդրադառնալով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից նախօրեին ներկայացված զեկույցին՝ ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ` այն հավասարակշռված փաստաթուղթ է: Նա նաեւ ընդգծեց, որ եթե ՀՅԴ-ն ամբողջությամբ կողմ լիներ հանձնաժողովի վերջնական եզրակացությանը, ապա հավելյալ կարծիք չէր ներկայացնի: Իսկ ԲՀԿ խմբակցության անդամ, ժամանակավոր հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում էր, թե մարտիմեկյան հանձնաժողովն աշխատել է ազնվորեն: Նա բնական համարեց նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի անհամաձայնությունը ընդունված եզրափակիչ զեկույցի առնչությամբ, քանի որ, ըստ Ն. Զոհրաբյանի` հանձնաժողովն իր առջեւ խնդիր չի դրել բավարարել այս կամ այն քաղաքական ուժի ցանկությունը: Նա կարծում է, որ մարտիմեկյան ողբերգական դեպքերը որոշ քաղաքական ուժերի կողմից չպետք է օգտագործվեն «աղմուկ բարձրացնելու եւ սեփական անառողջ խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու» համար: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ անդրադարձավ ԱԺ շենքի դիմաց հավաքված 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժածների ծնողների ու հարազատների բողոքներին, որոնք ուղղված էին ԱԺ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովին: «Մամուլը հանձնաժողովի կազմավորման օրվանից հասարակության միտքը շեղեց այն իմաստով, որ հանձնաժողովն իրավունք ունի նաեւ հետաքննություն իրականացնելու ու իրավապահների դեր կատարելու, եւ մարդիկ մտածում էին, թե սա այն հանձնաժողովն է, որ բացահայտումներ պետք է իրականացնի»,- ասաց Գ. Սահակյանը` մոռանալով, որ հանձնաժողովի խնդիրներից մեկը հենց զոհերի մահվան հանգամանքների բացահայտումն էր: