Վրաստանում ապրող ադրբեջանցիները մտահոգված են Ռուսաստանի որոշմամբ, համաձայն որի՝ այսուհետ արգելվում է հատել ռուս-ադրբեջանական ցամաքային սահմանը: «Վրաստանի ադրբեջանցիներն այս լուրն ընդունեցին մեծ մտահոգությամբ, քանի որ նրանք կարողանում էին Ռուսաստան գնալ ռուս-ադրբեջանական սահմանով: ՌԴ ԱԳՆ վերջին որոշումն էլ ավելի է մեծացնում վրաստանաբնակ ադրբեջանցիների վրա գործադրվող ճնշումները»,- հայտարարել է Վրաստանի ադրբեջանցիների «Հեյրաթ» ազգային շարժման նախագահ Ալիբալա Ասկերովը: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Վրաստանի՝ ԱՊՀ-ի կազմից դուրս գալուց հետո այս երկրի քաղաքացիներն այլեւս չեն կարող Ռուսաստան գնալ ռուս-ադրբեջանական սահմանով: Ըստ Ասկերովի, ԱԳՆ-ի այս որոշումից հետո վրաստանաբնակ ադրբեջանցիներն ամբողջությամբ կկորցնեն կապը Ռուսաստանում ապրող հարազատների հետ: Նրա խոսքերով` Վրաստանի ադրբեջանցիների մեծ մասը հնարավորություն չունի Ռուսաստան գնալու համար օգտվել օդային տրանսպորտի ծառայություններից: