Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշել է պատժամիջոցներ չկիրառել միությունում Ադրբեջանը ներկայացնող «Իքթամայ» ընկերության դեմ: Ավելի վաղ Եվրոպական հեռարձակողների միությունը բողոքներ էր ստացել այն մասին, որ «Եվրատեսիլ 2009» մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին քվեարկած ադրբեջանցիները հրավիրվել են երկրի Ազգային անվտանգության նախարարություն: Գործի առնչությամբ EBU-ն քննություն էր անցկացրել։ Եվրոպական հեռարձակողների միությունում Ադրբեջանը ներկայացնող եւ այս տարվա երգի մրցույթը երկրում հեռարձակած «Իքթամայ» ընկերությունը EBU-ին հղած իր պարզաբանման մեջ տեղեկացրել էր, թե իրենք «ստացել են Ազգային անվտանգության նախարարության հավաստիացումն այն մասին, որ որեւէ մեկը չի կանչվել նախարարություն եւ չի հարցաքննվել»: Եվրոպական հեռարձակողների միության փորձագիտական խումբը սեպտեմբերի 11-ին, Օսլոյում, քննարկել է Ադրբեջանին վերաբերող այս խնդիրը եւ որոշել է պատժամիջոցներ կիրառելու փոխարեն՝ լրացումներ կատարել «Եվրատեսիլ» մրցույթի կանոնադրության մեջ: Ըստ այդմ, մրցույթին մասնակցող երկրների հեռարձակող ընկերությունները այսուհետ պատասխանատվություն են կրում քվեարկողների անձի գաղտնիության պահպանման համար: Եթե նոր կարգը խախտվի, Եվրոպական հեռարձակողների միությունը իրավասու կլինի համապատասխան պատժամիջոցներ կիրառել հեռարձակող կոնկրետ ընկերության նկատմամբ: «Եվրատեսիլ» մրցույթի նախկին կանոնադրությունը հեռարձակող ընկերությանը պարզապես կոչ էր անում հարգել քվեարկողի իրավունքները: