Հայաստանի Հանրապետության լրատվական գործակալությունները ինֆորմացիա են տարածում այն մասին, որ Ամերիկյան կինոակադեմիայի կողմից սահմանած «Օսկար» մրցանակաբաշխությանն այս տարի մասնակցելու է (նոմինացված է) Ռուբեն Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» ֆիլմը։ «Արմինֆո» գործակալությունն, օրինակ, փոխանցում է, որ ֆիլմը «լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում է նոմինացված։ Ուշագրավ է, որ ոչ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը (որի նախագահն է Ռ.Գեւորգյանցը), ոչ Ազգային Կինոկենտրոնը չեն մտահոգվում սույն ինֆորմացիան առնվազն հերքելու կամ ճշտում մտցնելու մասին։ «Օսկարի» կանոնադրության մեջ նշվում է, որ օտարերկրյա ֆիլմերի մրցույթին կարող են մասնակցել միայն ԱՄՆ սահմաններից դուրս ստեղծված լիամետրաժ խաղարկային ֆիլմերը։ Մինչդեռ «Հրաշագործի աշունը» ֆիլմը վավերագրական է, եւ ուրեմն նոմինացվելու իրավունք չունի։ Այդ իրավունքը ձեռք բերելու համար կանոնադրությունը եւս մեկ պարտադիր կետ է նշում. ֆիլմը պետք է մեկ շաբաթվա ընթացքում ցուցադրվի արտադրող երկրի կինոդահլիճներում։ «Հրաշագործի աշունը» նման բախտ չի ունեցել։
Ակնհայտ է, որ կինոլորտի հայրենական կարգավորիչները նման մանրուքներով հետաքրքրվել չեն շտապում, արագ մի բան են մոգոնում (եւ որքան շշմեցուցիչ, այնքան լավ) ու չեն մտածում, որ ինֆորմացիոն դաշտի բաց լինելու պայմաններում, հետագայում ստիպված են լինելու խոստովանել, որ աշխատել չգիտեն։ Ի դեպ՝ երբ անցյալ տարի «Օսկարի» փորձում էր ուղարկել իր «Քրմուհի» ֆիլմը Վիգեն Չալդրանյանը, նա գոնե կարող էր բաց ճակատով ասել, որ պահպանել էր ֆիլմի նոմինացվելու կարգն ու հետեւել էր պայմաններին։ Եվ եթե նույնիսկ այդ ֆիլմն իր թերի գեղարվեստական արժանիքների պատճառով չհայտնվեց նոմինանտների ցուցակում, սակայն այն պարտադրված բոլոր կետերի կատարմանը հետամուտ էր եղել։ Իսկ այն, ինչը հիմա է կատարվում, վեր է տրամաբանությունից, քանի որ «Հրաշագործի աշունը» ֆիլմը մի քանի դրվագներ է ներկայացնում հայտնի սցենարիստ, պոետ ու դիզայներ Տոնինո Գուերայի կյանքից ու չունի ոչ «feature»՝ խաղարկային ֆիլմերին հատուկ սյուժե, ոչ էլ մեկշաբաթյա հաջող ցուցադրումների փուլ է անցել։
«Օսկարի» կայքը փաստում է, որ նոմինանտների «short list»-ը, վերջնական ցանկը հրապարակվելու է 2010-ի հունվարին, ապա ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն հիմա գիտե, որ նոմինանտների շարքում է հայտնվել։ Ցանկալի իրադարձությունը փաստի ուժ երբեք չի դառնա, եթե նույնիսկ բոլոր անկյուններում գոռաս, որ աննախադեպ բան է եղել՝ հայկական ֆիլմը նոմինացվել է «Օսկարի»։
Նույն մոդելով, մի քանի ամիս առաջ հայտարարվում էր, որ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները» ֆիլմը մասնակցում է Կաննի միջազգային կինոփառատոնին, մինչդեռ ֆիլմը չէր կարողացել անցնել մի քանի փուլանի ընտրական ցանցով։ Հաստատ կարելի է ասել, որ «Օսկարից» հետո հայրենական կինոգործիչները հայտարարելու են (արդեն հայտարարում են), որ Վենետիկի փառատոն է գնալու Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը, մինչդեռ դա ոչ թե փաստ է, այլ՝ ընդամենը վարկած։ Իսկ վարկածներով ուղղորդվել կարելի է, երբ նստած ես տանդ խոհանոցում, այլ ոչ թե՝ երբ մի լուրջ ոլորտ ես ղեկավարում ու պատասխանատվություն ես կրում սխալներիդ համար։