«Խորհրդային տարիներին մենք շուրջօրյա ջրամատակարարում ենք ունեցել,-
ասում են Լենինգրադյան 30 շենքի բնակիչները: -Այս էլ 3-4 տարի է, ինչ էդ
իտալացիները եկել են, մենք ջուր ունենք օրական 6 ժամ, լինում է նաեւ ավելի
քիչ, երբ վերեւներում հսկողությունը թուլանում է: Երբ բողոքում ենք՝
օրական 15 ժամ են ջուր տալիս»:
Անցած տարի հուլիսի 8-ին Երեւանի «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ն (ԵՋԿ) հրապարակեց
քաղաքի ջրամատակարարման առաջին գրաֆիկը, եւ Աջափնյակ համայնքի
ջրամատակարարումը հիմնականում նշված էր 7.00-22.00 ժամերի սահմաններում:
Պատկերը կտրականապես փոխվեց դեպի վատը երկրորդ՝ 30.10.04թ., եւ երրորդ՝
26.4.05թ., գրաֆիկների ժամանակ: Բնակիչներն անընդհատ բողոքել են եւ պատկան
ատյաններից ստացել տարբեր խոստումներ, ընդհուպ՝ մինչեւ շուրջօրյա կամ
18-ժամյա ջրամատակարարում, սակայն որոշ ժամանակ հետո 6-ժամյա
ջրամատակարարումը նորից վերականգնվում է: Բնակիչները դրա բացատրությունն
ունեն: Լենինգրադյան 6 շենքի մոտից նեղ շերտով բավական նկատելի կարկատած
ասֆալտը մայթով ձգվում է մինչեւ նույն փողոցի 18 համարի շենքը, հետո
հատում է փողոցը մինչեւ դիմացի մայթին տեղադրված կահույքի սրահը, ու հետքը
կորչում է: Լենինգրադյան 30 շենքի բնակիչ, պատմաբան Ռեմ Ղազանջյանի
կարծիքով՝ այդ ուղիով «լեւի» ջրագիծ է անցնում եւ հասնում նույն փողոցի
վրա գտնվող նոր կառուցված «Խրճիթ», «Չերի», «Վալեմ» եւ «Ինգա»
ռեստորանային համալիրները, որոնք ունեն նաեւ շոգեբաղնիքներ (սաունա),
բնականաբար՝ շուրջօրյա ջրամատակարարումով: Չի բացառվում, որ այս
համալիրներն ունեն շուրջօրյա երկրորդ՝ օրինական գիծը, որից էլ սնվում է 32
շենքը: Այս կարկատած ասֆալտի ու «լեւի» ջրագծի մասին իրենց կասկածները
բնակիչները հայտնել են թե՛ հանձնաժողովին, թե՛ ԵՋԿ-ին, սակայն ոչ մի
բացատրություն չեն ստացել: Իսկ թե ինչո՞ւ իրենց ջրամատակարարումը չի
համապատասխանում սահմանված գրաֆիկին, այսինքն՝ կրկնակի-եռակի պակաս են
ստանում, ԵՋԿ-ից ամեն անգամ իրարամերժ պատասխաններ են ստացել: ԵՋԿ-ն այդ
շենքի ջրամատակարարման հետ կապված բացատրություններ է տվել նաեւ Հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այդ գրությունը վերլուծել են
30 շենքի բնակիչները եւ կետ առ կետ «սխալ հանել»:
1. «Տեղեկացնում եմ, որ ձմռան ամիսներին ջրաղբյուրներում ինքնահոս ջրի
պակասի պատճառով «Մաշտոց» մասնաճյուղի ջրաքանակը պակասում է»,- նշված է
գրության մեջ:
«2004թ. դեկտեմբերին ամբողջ 1 ամիս եւ 2005թ. հունվարին 20 օր մեր շենքն
ունեցել է օրական 15 ժամ ջուր,- ասում են 30 շենքի բնակիչները: -Այդ
ինչպե՞ս եղավ, որ ձմեռվա առաջին կեսը ջուրը հերիքում է, մյուս կեսն էլ՝
պակասում»:
2. «Մասնաճյուղում ընթանում են գոտիավորման աշխատանքներ եւ պաշտոնական
հրապարակմամբ Աջափնյակի 1-6 թաղամասերի ջրամատակարարման գրաֆիկը
հայտարարվել է 6-ժամյա»:
«Անցած տարի երբ բողոքեցինք, մեզ նորից պատասխանեցին, թե գոտիավորում է
տեղի ունենում,- ասում է պարոն Ղազանջյանը: -Ի՞նչ է, մի ամբողջ տարի
գոտիավորո՞ւմ են: Ուրեմն կամ անցած տարի են մեզ խաբել, կամ էլ այս տարի»:
3. «2004թ. հոկտեմբերից 2005թ. մայիսը մասնաճյուղի սպասարկման տարածքում
24-ժամյա ջրամատակարարումն աճել է 10 տոկոսով եւ կազմել 67,88 տոկոս»:
«- Նայեք 3 գրաֆիկները՝ Աջափնյակի ոչ մի շենքի համար շուրջօրյա
ջրամատակարարում նշված չէ: Ո՞վ է խաբում: Վոլքլի՞նգը, տնօրեն Գառնիկ
Ալեքսանյա՞նը, թե՞ մասնաճյուղի տնօրեն Վահրամ Մկրտչյանը»,- ասում է Ռեմ
Ղազանչյանը:
Արդյոք այս խնդիրների առաջացման պատճառներից մեկը վերջերս Դավիթաշենում
կառուցված Ջրաշխարհը (պատկանում է գործարար Խաչիկ Խաչիկյանին) չէ՞, որը
նույնպես սպասարկվում է բնակչության հաշվին: «Ջրաշխարհի մուտքը 3000 դրամ
է,- ասում է բնակիչներից մեկը: -Մեզանից ջուրը խլում են, որ այդ
Ջրաշխարհում արդեն 3000 դրամով նորից մեզ վաճառեն»:
Ի տարբերություն մյուս համայնքների, որոնց գրաֆիկը շենք առ շենք է նշված,
Աջափնյակում ոչ մի շենքի ջրամատակարարման ժամերը նշված չէ: Համայնքի
սպառողների կարծիքով՝ դիտավորյալ են այդպես արել, որպեսզի իրենց կատարած
չարաշահումները չբացահայտվեն: Երեւանի «Ջրմուղ-Կոյուղու» ցանցում, եթե
գրաֆիկի խախտման դեպքեր են լինում, սպառողները պատշաճ ձեւով չեն
տեղեկացվում:
«Հայտարարում են միայն հեռուստատեսությամբ, որը քիչ է,- ասում է
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: -Կարող է մեկը
հեռուստացույց չունի, ինչպե՞ս իմանա, որ ասենք երկու օր ջուր չի
ունենալու: Ջրմուղը պարտավոր է իր սպառողներին տեղեկացնել նաեւ այլ
ձեւերով՝ հայտարարություններ փակցնի իր տարածքային բաժանմունքներում,
շենքերի մուտքերին եւ այլն: Դա չի արվում: Մինչդեռ իմ տեղեկություններով՝
բնակիչներին տեղեկատվությամբ ապահովելու համար ԵՋԿ-ն 3 տարվա համար ստացել
է 21 մլն դոլար»:
Վատ ջրամատակարարման համար Լենինգրադյան 30 շենքի բնակիչները բողոքի ու
պատասխանների մեծ փաթեթ են հավաքել: Չի պահպանվում նաեւ 6-ժամյա
ջրամատակարարումը, որ պիտի լինի առավոտյան՝ 7-10-ը եւ երեկոյան՝ 19-22-ը
ժամերին: Երեքշաբթի, մեր այցելության պահին՝ երեկոյան ժամը 8-ին, շենքը
դեռ ջուր չուներ: