Հայաստանը պատրա՞ստ է առաջիկա մարտահրավերներին

16/09/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

2008թ. հուլիսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում տնտեսական եւ ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին: Ստորագրումից օրեր անց, ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանի լիազոր ներկայացուցչի նախկին խորհրդական, այժմ անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ահազանգ հնչեցրեց հնարավոր այն զարգացումների մասին, որոնք կարող են վտանգել մեր երկիրը:

– Մեդվեդեւի՝ Բաքվում կատարած քայլը` ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ կնքված բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը, գլոբալ, համաշխարհային նշանակություն ունեցող հանդիպում էր: Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման ժամանակ տեղի ունեցավ մի բան, որը կարող է փոխել համաշխարհային տնտեսությունը: Իսկ համաշխարհային տնտեսությունը քանդվում է, ճգնաժամ է սկսվել` վառելիքի, նավթի թանկացման պատճառով: Այդ հռչակագիրը, կարծում եմ, վաղուց է նախապատրաստվել, ոչ թե միանգամից գնացին եւ ստորագրեցին, 2-3 տարի շարունակ նախապատրաստվել են, մեծ աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ: Հիշո՞ւմ եք, դեռեւս 4 տարի առաջ Նազարբաեւն էր խոսում Կասպից ծովի տակով գազամուղ անցկացնելու մասին, բայց այսօր Ռուսաստանը դա արեց: Դեռեւս 2003թ. ՌԴ նախկին նախագահ Վ. Պուտինին գրած իմ նամակներում ասում էի`«Գազը կգնեք, ու մեր Հայաստանը մի քանի տարի հետո ձեզ տալու բան չի ունենա, որի արդյունքում դուք կհանձնեք Հայաստանը»: Ես Պուտինին խնդրում էի` մի ստեղծեք այնպիսի դրություն, որ հետո հանուն ՌԴ շահերի՝ Հայաստանը հանձնեք, եւ ընդունեք Ադրբեջանին, ու մեզ կհանձնեք, ինչպես 1915 թվին: Այն ժամանակ այլ միջոցներով էին կոտորում, այսօր` տնտեսապես ճնշումների են ենթարկում: ՌԴ-ն իր առջեւ ծագած խոշորագույն հարցերի լուծման համար զոհաբերեց ռազմավարական իր գործընկերոջը: Բայց ՌԴ-ն դա արեց հանուն իր շահերի, ուրեմն մենք էլ պետք է քայլեր կատարելիս մեր շահերը տեսնեինք: Իսկ դրա համար պետք են լուրջ քաղաքական գործիչներ, որոնք կարող են հեռահար քայլեր կատարել: Մեր սխալների պատճառով խաղաղ պայմաններում մենք դարձանք տարածաշրջանում ոչ լիարժեք երկիր,- ասում էր իրավապաշտպանը:

Իսկ այն հարցին, թե բացի հրապարակված դրույթներից, ուրիշ ինչ կարեւոր կետեր կան Մեդվեդեւի եւ Ալիեւի միջեւ ստորագրված փաստաթղթում, Ա. Խաչատրյանն ասել էր.

– Ռուսաստանն այսուհետ կգնի Ադրբեջանի ամբողջ գազը, եւ ինքը կմատակարարի Եվրոպային: Եթե մինչեւ 2007թ. Ադրբեջանը «Գազպրոմի» գնորդներից էր, ապա այժմ արդեն դարձել է գազ վաճառողներից մեկը: Ընդ որում, Բաքուն Մոսկվայից ոչ միայն դրա դիմաց փող է պահանջում, այլեւ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում պահանջներ է դնում: Չմոռանանք, որ ՌԴ-ն ԼՂՀ հարցի լուծման գործընթացում միջնորդ երկիր է հանդիսանում: Հռչակագրում նշված է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Մինչ օրս թեեւ այդ խնդրի մասին խոսվել է, սակայն, վտանգավորն այն է, որ այսօր այդ մասին փաստաթուղթ է ստորագրվել: Այդպիսով, Հայաստանի տակ դրվեց մի ռումբ, որը շատ արագ կարող է պայթել, մենք շատ արագ կզգանք դրա վնասները: Հարվածը նույնն է, ինչ 1915 թվի կոտորածը, սակայն արդեն տնտեսական ճգնաժամի, շրջափակման տեսքով. այն ժամանակ կոտորում էին այլ զենքով, այսօր` այլ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե մի քանի տարի հետո այդ գազամուղը կառուցվի, մատակարարի աշխարհի հզոր երկրներին: Եվ այդ գազամուղի առկայությամբ մենք ի՞նչ կարող ենք անել: Պարզ է, չէ՞, եթե գազամուղն ունենա համաշխարհային նշանակություն, եւ Ռուսաստանը լինի դրա խոշոր բաժնետերերից մեկը, ինչ վիճակում ենք մենք հայտնվելու, չհաշված Վրաստանում տեղի ունեցող դեպքերը` ռմբակոծումներ, սահմանների փակման սպառնալիք եւ այլն: Ահավոր վտանգ է կախվել ՀՀ-ի վրա: ԵԽ ԽՎ՝ ՀՀ մասին բանաձեւն էլ ցույց է տալիս աշխարհի վերաբերմունքը մեր նկատմամբ: Արտաքին քաղաքականության ասպարեզում եւ ներքաղաքական կյանքում թույլ տրված սխալները, երկրի տնտեսական ծանր վիճակը երկիրն այնպիսի մի վիճակի հասցրեց, որ արդեն մենք ոչ մեկին պետք չենք, հետաքրքիր չենք: Մենք կարո՞ղ ենք այլեւս որեւէ քայլ կատարել՝ մի քանի տարի հետո տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցող գազամուղի շրջակայքում: Իսկ եթե դու ոչինչ չես կարող անել, ուրեմն դու ոչ մեկին պետք չես: Ավելին, ՌԴ նախագահի աշխատակազմի իմ աղբյուրներից տեղեկացա, որ Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման ժամանակ նաեւ համաձայնություն է ձեռք բերվել հայկական զորքերը ազատագրված 7 շրջաններից դուրս բերելու մասին: Իհարկե, սա ինձ ասվել է բանավոր, իսկ քանի դեռ չեմ տեսել գրավոր որեւէ նյութ այդ մասին` չեմ կարող ասել, թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը:

Այս հարցազրույցից ամիսներ անց, ավելի ստույգ` 2009թ. հունիսի վերջին Դ. Մեդվեդեւը եւ Ի. Ալիեւը Կասպից ծովի վերաբերյալ համատեղ հայտարարություն արեցին, համաձայնագիր ստորագրվեց «Գազպրոմի» եւ Ադրբեջանի պետական նավթընկերության միջեւ` ադրբեջանական բնական գազի առք ու վաճառքի հիմնական պայմանների կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում էր, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ մշակվող կոնվենցիայում մերձկասպյան երկրների դիրքորոշումները մոտեցել են: Նրանք նաեւ համատեղ հայտարարություն ստորագրեցին պետական սահմանի սահմանագծումն ավարտելու եւ ՌԴ-ի ու Ադրբեջանի միջեւ Սամուր գետի ջրային ռեսուրսների բաշխման հիմնական սկզբունքների մասին:

Օրերս Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության վերաբերյալ Ա. Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց.

– Այդ արձանագրության մեջ վտանգավորն այն կետն է, որում նշված է. «Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները»: Մնացած ձեւակերպումները` երկրների բարեկամության եւ այլնի մասին, շաբլոն տողեր են, որոնք դիվանագիտական նման տեքստերում սովորաբար գործածվում են: Այդպիսով, այսօր կարող է ստորագրվել մի փաստաթուղթ, որը հետո, հարյուրամյակներ շարունակ կարող է մեր դեմ օգտագործվել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդպիսով պատմությունը փոխելու քայլ է կատարում: Համոզված եմ, որ նա այժմ ծանր խնդիրների առջեւ է կանգնած, եւ միգուցե այլ ելք չկար, կամ միգուցե նա ինչ-որ քայլեր արդեն մտածել է: Ես չեմ կարող իրավիճակը գնահատել միայն խոսակցությունների վրա հիմնվելով: Խնդիր այն է, որ հիմա չափազանց կարեւոր եւ պատասխանատու, իհարկե նաեւ` պետականության նկատմամբ վտանգներով լի շրջան է ՀՀ-ի համար` հաշվի առնելով նաեւ տարածաշրջանային, համաշխարհային եւ տնտեսական գլոբալ մարտահրավերները:

– Կարծիքներ են հնչում, որ այդպիսով ՀՀ-ն պոկվում է ՌԴ-ից:

– Հայերիս մեջ տարածված մենթալիտետի համաձայն` մենք երբեք մեզ չենք պատկերացրել առանց Ռուսաստանի: Սահմանների բացման ուղղությամբ կատարվող այս քայլը ՀՀ-ն ՌԴ-ից ինչ-որ առումով անջատում է, բայց սա սովորական իրավիճակ չէ: Պարզ է, պետք է հարեւան երկրների հետ լավ լինես, որպեսզի կարողանաս ապրել: Հայաստանն իր անմիջական հարեւաններ Ադրբեջանի, Թուրքիայի հետ վատ հարաբերություններ ունի, Վրաստանի հետ լավ փոխհարաբերություններն անմիջապես անդրադառնում են Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների վրա… Եթե ՌԴ-ի հետ ՀՀ հարաբերությունները վատանան, ապա ի՞նչ կարող է տեղի ունենալ` հաշվի առնելով ՌԴ-ում ապրող եւ աշխատող միլիոնավոր հայերին… Թուրքիայի հետ սահմանների բացումը կարող է նպաստել երկրի տնտեսական վիճակի եւ հարաբերությունների որոշակի բարելավմանը, ու որոշ ժամանակ կսկսի Հայաստանի տնտեսությունը շնչել, բնակչությունը` ապրել: Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների լավ կամ վատ լինելը, ցավոք, մշտապես պայմանավորված է եղել 2 երկրների նախագահների անձնական փոխհարաբերություններով, եւ ոչ թե ռազմավարական խնդիրներով ու պետական շահերով: Ու այսօր Հայաստանը տարածաշրջանում չունի քաղաքական, տնտեսական որեւէ լծակ, իսկ նախագահների անձնական հարաբերությունները երբեք պետության շահերը չեն փրկում: Հիմա ամենավտանգավոր ժամանակներն են սկսվում Հայաստանի համար: Ոչ ոք չի վերլուծում, ՀՀ-ում ամեն մեկն իր անձնական շահերով է առաջնորդվում, դաշնակներն` իրենց շահերն ունեն, սահմանների բացմամբ չեն ուզում իրենց կուսակցության «բիզնեսի» թեման կորցնեն, քանի որ դրսում հազարավոր գրասենյակներ-հաստատություններ են գործում, ֆինանսներ են հայթայթվում Ցեղասպանության թեման շահարկելով: Ընդդիմությունը իրար կոկորդ է կրծում կամ ներքաղաքական ծիծաղելի մանր հարցեր է առաջ քաշում, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր շահերն է հետապնդում, երբ իրեն հարմար է` արտահայտվում է, երբ հարմար չէ` լռություն է պահպանում, իշխանություններն իրենց նեղ անձնական կամ բիզնես շահերն են հետապնդում, իշխանություններին մոտ կանգնած բիզնեսմեններն իրենց շահերն ունեն… պետական շահը հետին պլան է մղված:

Իսկ ՀՀ-ում տարիներ շարունակ դիվանագիտական միտք չկա, արտաքին քաղաքականության ասպարեզում ոչինչ չի արվել տարիներ շարունակ, դիվանագետներ ենք ունեցել եւ ունենք, որոնք տարիներ շարունակ ընդունել կամ ճանապարհել են ՀՀ պաշտոնյաներին այն երկրներում, որտեղ հավատարմագրված են եղել: Դա է եղել իրենց գործը: Այնպես որ, ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ թույլ հիմքերի վրա է եղել, կարելի է ասել` քաղաքականություն չենք ունեցել: Ուրեմն, հարց է ծագում` հնարավո՞ր է արդյոք այսօր նման դիվանագիտական, քաղաքական, տնտեսական փոխհարաբերությունների պայմաններում անվտանգության այնպիսի հենք ստեղծել, որպեսզի այս Արձանագրությունից հետո թուրքերը չմտնեն Հայաստան, ինչպես պարսիկները, որոնք կամաց-կամաց հողեր, տարածքներ են գնում Հայաստանում, երեխաներ են ունենում, հիմնվում են, կամ, որպեսզի այնուհետեւ քրդերը չսկսեն ներթափանցել… Սրանք քայլեր են, որոնք նախապես պետք է անել, պատրաստվել: Հասկանո՞ւմ եք, այդպիսով կարող է տեղի ունենալ տարածքների գրավում՝ Անգլիայի, Ամերիկայի եւ մնացած երկրների միջոցով: Տարածքները միայն պատերազմով չեն գրավվում, այլ նաեւ խաղաղ միջոցերով են դա անում, քաղաքակրթությունն իր ձեւերն է բերում: Չգիտեմ` որքանով է Հայաստանը պատրաստ առաջիկա մարտահրավերներին: Ամենավտանգավորն այն է, որ այստեղ կոլապս կարող է տեղի ունենալ: Ռուսական զորքերի եւ ռազմակայանների տեղակայման մասին ՀՀ-ն եւ Ռուսաստանը պայմանագիր ունեն: Իսկ ի՞նչ կպատահի տարածաշրջանում, եթե մի քանի տարի հետո Ռուսաստանին դրսից առաջարկ արվի զորքերը հանել Հայաստանից. կկրկնվի Վրաստանի հետ տեղի ունեցած նույն պատմությունը՝ ավելի ծանր վիճակով: Ու դա շատ մեծ վտանգ կստեղծի ՌԴ-ում ապրող այն հայերի համար, որոնք այնտեղ աշխատում են, ավելին` օգնում են ՀՀ-ում ապրող իրենց ազգականներին: Ճնշում կսկսվի: Եվ սա այն վտանգն էր, որ ես տեսնում էի, եւ որի մասին ասում էի ձեր թերթին տված իմ հարցազրույցներում: Հայաստանը այս վիճակից հանելու, փրկելու միջոցներ շատ կան: Երբ որ տունդ վտանգի մեջ է, դու պատրաստ ես ցանկացած քայլի դիմել: Բոլոր երկրներն ունենց իրենց շահերը, այս պահին` նավթային եւ գազային շահերը տարածաշրջանում: Ռուսաստանը համոզված է, որ մինչեւ ռուսական ռազմակայանների եւ զորքերի տեղակայման մասին պայմանագրի ժամկետների ավարտը դեռ ինչ-որ քայլեր կանի եւ չի կորցնի Հայաստանը: Հույս ունեն, որ իներցիայի ուժով կպահեն: Տարածաշրջանը միայն եւ միայն մեկ բանի համար է պետք հզոր երկրներին` նավթամուղի եւ գազամուղի շահագործման եւ դրանց անվտանգության համար: Եվ եթե հանկարծ Հայաստանը պատերազմի միջոցով ցանկանա խանգարել գազամուղին կամ նավթամուղին, աշխարհի հզոր երկրների դեմ ի՞նչ կարող է անել ՀՀ-ի 3մլն բնակչությունը:

Նաեւ չպետք է մոռանալ համաշխարհային տնտեսական-քաղաքական գլոբալ զարգացումների մասին: Ամերիկայի պես երկրի նախագահն այսօր փորձում է ետ բերել այն օֆշորային երկրներում պահվող գումարները, նույնիսկ Շվեյցարիայինը, որտեղ գաղտնի գումարներ են պահվում: Այն դեպքում, երբ այդ գումարների հաշվին գոյատեւում են փոքր երկրները: Ձեր թերթում մի անգամ արդեն ասել եմ, որ փոքր պետություններից շատերը գրեթե կվերանան: Կստեղծվեն նոր կազմավորումներ, որոշ երկրներ ընդհանրապես կդադարեն գոյություն ունենալուց, մի մասը կմիավորվի այս կամ այն պետության հետ: Միմյանց դեմ պատերազմներ կսկսվեն, աղետներ կլինեն, սով կլինի: Սակայն փոքր երկրների վերացման հետեւանքին, միեւնույն է, հզոր երկրները չեն դիմանալու: Քանի որ, նույնիսկ, եթե Օբամայի բանկում լինի 100 տրիլիոն, կամ թե՝ 200 տրիլիոն, միեւնույն է, տնտեսական համակարգը չի աշխատի: Տնտեսական, բանկային նոր համակարգեր պետք է ստեղծվեն: Իսկ Հայաստանի պես փոքր երկրները, որոնք չունեն ֆինանսատնտեսական, քաղաքական բազա, պետք է շատ զգույշ լինեն իրենց քայլերի մեջ: Հայաստանի ներկայիս ծանր վիճակը նաեւ հետեւանք է ոչ միայն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, այլեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թւյլ տված սխալների (Վազգեն Սարգսյանի հետ միասին), որոնք ժամանակին թույլ չտվեցին մուսուլմանական աշխարհի տնտեսական որեւէ նախագիծ ՀՀ-ում, որեւէ գազամուղ, նավթամուղ չանցավ ՀՀ-ի տարածքով, որոնց միջոցով այսօր մենք կկարողանայինք դիմանալ, հետաքրքիր դառնալ աշխարհին: Այսինքն` մենք այնպիսի քաղաքականություն վարեցինք, որ մյուս երկրները շրջանցեցին մեզ: Եվ մենք հայտնվեցինք տնտեսական-քաղաքական շրջափակման մեջ: