Նամակ վարչապետին

16/09/2009

Երեկ ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանն ու Ստյոպա Սաֆարյանը «Ժառանգություն» կուսակցության եւ ԱԺ համանուն խմբակցության անունից պաշտոնական գրություն են ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Դեռեւս սեպտեմբերի 3-ին «Ժառանգությունը» հանդես էր եկել Շվեյցարիայի ԱԳ Դաշնային դեպարտամենտի, ՀՀ-ի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների` 2009թ. օգոստոսի 31-ի մամլո հաղորդագրությանն ու նախաստորագրված երկու արձանագրություններին նվիրված հայտարարությամբ: Ի թիվս հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ պետական-հասարակական-քաղաքական վերաբերմունքի ու տեսակետների վերհանմանն ուղղված եւ մեր կողմից նպատակահարմար համարվող 10 քայլերի, մենք նշել էինք, մինչեւ արձանագրությունների վերջնական ստորագրումն ու վավերացումը, առաջիկա 1 ամսվա ընթացքում հանրաքվեի դնել համաձայնեցված փաստաթղթերը` զուգակցված երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով: Քաջատեղյակ եք, որ համաձայն «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում 26.12.2008թ, կատարված փոփոխությունների եւ լրացումների` իբրեւ ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացման մեխանիզմ` հանրաքվեի (համաժողովրդական քվեարկության) կարող են դրվել նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցեր (հոդված 1-ին, 1-ին մաս): Հիշյալ օրենքի 8.1 հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը, ով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը եւ հանրաքվեի դրվող հարցերը նախապես քննարկում է ՀՀ նախագահի հետ (3-րդ մաս): Վստահ ենք` չեք վիճարկում, որ նաեւ Ազգային անվտանգության ռազմավարությունում պատշաճ ամրագրում եւ պաշտոնական գնահատական ստացած հայ-թուրքական հարաբերությունները համարվում են պետական կյանքի եւ ազգային անվտանգության կարեւորագույն հարց: «Ժառանգության» եւ համանուն խմբակցության անունից դիմում ենք Ձեզ` իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով Ձեզ վերապահված պատասխանատվությունն ու իրավունքը, այն է` նախաձեռնել եւ առաջիկա 1 ամսվա ընթացքում կազմակերպել համաձայնեցված ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե, որը զուգակցված կլինի երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով»,- ասված է նամակում: