«Ո’չ նախապայմաններին», «Չուրանանք, չզիջենք, ընդվզենք» բովանդակությամբ պաստառներով 24 դաշնակցականներ նախօրեին, ժամը 15:00-ին մոտ հացադուլ սկսեցին Արտգործնախարարության շենքի առջեւ: Հացադուլավորները պարբերաբար` յուրաքանչյուր 48 ժամը մեկ, փոխվում են, իսկ հացադուլը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը: Հացադուլավորները նաեւ ստորագրահավաք են կազմակերպել` առաջարկելով անցորդներին ստորագրել նախաստորագրված երկու արձանագրություններում Դաշնակցության առաջարկած փոփոխությունների օգտին: Իրենց այդ առաջարկությունները դաշնակցականները տեղադրել են ցուցատախտակների վրա: Միաժամանակ նրանք իրենց առաջարկած փոփոխություններով բուկլետներ են բաժանում անցորդներին: Հացադուլավորներից մեկի ասելով՝ առաջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 1000 ստորագրություն է հավաքվել: «Դատելով այն ակտիվությունից ու հետաքրքրվածությունից, որ ցուցաբերում է մեր ժողովուրդը այս նախաձեռնության նկատմամբ, կարծում եմ, մեր այս հացադուլը կարող է ազդեցություն թողնել իշխանությունների վրա»,- մեզ հետ զրույցում նշեց մեկ այլ հացադուլավոր` Արամ Նազարյանը: Իսկ Դաշնակցության առաջարկությունները վերաբերում էին ինչպես նախաստորագրված արձանագրությունների տեքստում տեղ գտած առանձին բառերի ու արտահայտությունների, այնպես էլ` որոշ նախադասությունների ու պարբերությունների: Օրինակ, արձանագրություններից մեկի տեքստային հետեւյալ պարբերությունը` «իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար», առաջարկվում է շարադրել հետեւյալ կերպ. «իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսություն»: Հիշեցնենք, որ արձանագրության այս ձեւակերպումը ամենից շատ քննադատության արժանացած մասն է, քանի որ ենթադրվում է, որ այդ ձեւակերպման հետեւանքով Ցեղասպանության հարցը կարող է դառնալ քննարկման առարկա: Առաջարկվում է նաեւ ամբողջությամբ հանել սահմանների փոխադարձ ճանաչման մասին դրույթը, այն է` «Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»: Նշենք, որ հացադուլին մասնակցում էին Դաշնակցության Երեւանի ու մի քանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, նաեւ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սիմոն Սիմոնյանը ու «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը: Հացադուլավորները նշեցին, որ հացադուլին կմիանան նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներ: