Ի՞նչն է հերքում ՕԵԿ-ը

16/09/2009

Սեպտեմբերի 25-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Ալլա Պուգաչովայի համերգը: Պարզվում է՝ բոլորովին էլ հեշտ չէ Հայաստանում մեծ մասշտաբի համերգային ծրագիր կազմակերպելը: «Ֆորպոստ» եւ «Արտաս» պրոդյուսերական ընկերություններն այս միջոցառման նախապատրաստական աշխատանքների համար ստիպված են եղել բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել, եւ ոչ միայն՝ կազմակերպչական: Ադմինիստրատիվ, տեխնիկական խնդիրներից բացի, համերգի կազմակերպիչները ստիպված են եղել «զբաղվել» նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից «ձրի» տոմսեր պահանջելու մասին հեռախոսազանգերով: Մեր նախորդ համարում «Սոցիալապես անապահով խավը» վերնագրով հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ ազգությամբ ռուս կազմակերպչին են զանգահարել «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակից եւ «ՕԵԿ» նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի անունից «ձրի» տոմսեր են «խնդրել»: Հրապարակման հաջորդ օրը «ՕԵԿ» գրասենյակից մենք ստացանք մի գրություն, որով նամակագիրները մեր թերթում տպագրվածը «բացահայտ կեղծիք» են անվանում: Մեր թղթակիցն այս օրերին կապվեց «Ֆորպոստ» ընկերության նախագահ Զառա Մխեյանի հետ: ՕԵԿ գրասենյակի ուղարկած հերքման տեքստը զարմացրեց Զ. Մխեյանին. «Ի՞նչն են ուզում հերքել: Դա իսկապես եղել է, եւ այդ մասին ինձ տեղեկացրել են իմ աշխատակիցները: Կարդալով ձեր տպագրած այդ լուրը՝ իսկապես զարմացել էի, թե ինչպես եք այդ մասին իմացել»: