– Ձեր կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանը տնտեսապես ավելի շատ կշահի՞, թե՞ կտուժի: Կա՞ վտանգ, որ թուրքական ապրանքները կներխուժեն Հայաստան, ու մեր արտադրողները մեծ վնասներ կկրեն, ինչպես պնդում են ոմանք:
– Ես արդեն 10-15 տարի առաջ ասել եմ, թե ինչ կտա մեզ սահմանի բացումը: Այն ժամանակ մենք նոր էինք սկսել համագործակցել թուրք գործարարների հետ եւ նոր էինք տեսնում թուրքական 70-80 միլիոնանոց շուկան: Մինչ այժմ հնարավորություններ չենք ունեցել նման շուկա դուրս գալու: Վրաստանը մեզ համար շուկա չէ, իսկ Իրանը ֆունդամենտալ իսլամական երկիր է, նրանց օրենքները տարբերվում են եվրոպական երկրների ու Ամերիկայի օրենքներից: Շատ դժվար է իրանցիների հետ լուրջ հարաբերություններ հաստատել, կամ ավելի ճիշտ` Իրանի հետ հարաբերություններ կան, բայց միակողմանի են, տեսեք` ողջ Հայաստանը իրանցիներով է լցվել: Իսկ Թուրքիայում օրենքները համարյա լրիվ եվրոպական են, մեզ համար շատ հեշտ կլինի շփվել: Պետք չէ վախենալ թուրքական ապրանքների` Հայաստան մտնելուց, դա աբսուրդ է: Ավելի լավ, սահմանի բացմամբ մենք մեր հարկային ու մաքսային դաշտը հստակեցնելու խնդիր կունենանք, ավելի շատ կմտածենք տեղական արտադրողների բիզնեսի ռիսկի նվազեցման մասին: Ճիշտ այնպես, ինչպես այսօր Թուրքիայում են խթանում տեղական արտադրությունը:
– Դուք չե՞ք վախենում, որ թուրքական ապրանքները կներխուժեն Հայաստան եւ հենց Ձեր արտադրած ու Հայաստանում վաճառվող ապրանքատեսակների շուկան «կխլեն» Ձեր ձեռքից:
– Իհարկե չեմ վախենում, եւ հակառակը՝ ջատագովն եմ այն բանի, որ սահմանը շատ արագ բացվի: Խնդիրն այն է, որ մենք կարող ենք Հայաստանում ապրանքներ արտադրել, տեղական շուկան լցնել այդ ապրանքներով, բայց չենք կարող այդ ապրանքները արտահանել, կամ, եթե արտահանում ենք, տրանսպորտային ծախսերի պատճառով գինը բավականին մեծ է դառնում: Օրինակ, հիմա շատ լուրջ խնդիր է մրգերի, գյուղատնտեսական արտադրանքների արտահանումը, չենք կարող արտահանել, որովհետեւ կոմունիկացիա չունենք:
– Դուք՝ որպես ներդրող, պատրա՞ստ եք Ձեր արտադրանքը արտահանելուց բացի՝ ներդրումներ կատարել Թուրքիայում:
– Եթե հնարավոր լինի այնտեղ բիզնես անելու, ինչո՞ւ չէ, բիզնեսը ոչ սահմաններ է ճանաչում, ոչ ազգություն: Բայց մենք ավելի շուտ կհաղորդակցվենք, կօգտվենք կոմունիկացիաներից, մեր արտադրանքը կարտահանենք, քան ներդրումներ կանենք: Համենայնդեպս, առաջին փուլում, չեմ կարծում, թե ներդրումներ անենք, դրա համար պատրաստվել է պետք: Ինձ առաջարկություն եղել է տարիներ առաջ Թուրքիայում ներդրումներ անել: Բայց հաշվի առնելով շատ հանգամանքներ, այդ թվում՝ փակ սահմաններն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, մենք ձեռնպահ մնացինք: Եղել է դեպք, երբ Թուրքիայի կառավարությանը խնդրել ենք կոնկրետ ապրանքի ներմուծման համար կոնկրետ որոշում կայացնել, թույլտվություն տալ, դա շատ ձեռնտու էր, բայց ամեն անգամ չենք կարող այդպիսի բան անել:
– Նախօրեին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային փաթեթը, որը հնարավորություն է տալիս հարկային գործակալին «առաքելություն» իրականացնել խոշոր ընկերություններում: Ընդունելի՞ է Ձեզ համար այս օրենսդրական նախաձեռնությունը:
– Ես նախորդ քննարկման ժամանակ, երբ դեռ չէին կատարվել Ձեր նշած այդ փոփոխությունները, երեւի այն հատուկենտ պատգամավորներից մեկն եմ եղել, որը կողմ է եղել այդ նախաձեռնությանը: Ճիշտ է, շատ է շահարկվում, որ հարկային տեսուչը կգա մինչեւ տուն կմտնի, որ իրեն կարող են կաշառել, որ ինքը կարող է ճիշտ չաշխատել եւ այլն: Բայց ընդամենը 18 հիմնարկի մասին է խոսքը, եւ ես միշտ ասել եմ` եթե այդ տեսուչներից մեկը, երկուսը, երեքը մաքուր, ազնիվ աշխատեն, մենք էլի առաջընթաց կունենանք, առաջ կգնանք: Վերջապես` լավ չի աշխատի` փոխեք: Մեզ մոտ պրոբլեմները շատ են: Չենք թաքցնում, դաշտում կան արտոնյալներ, ոչ արտոնյալներ, պարզ երեւում է, ասել էլ պետք չէ: Ով ուզում է, կարող է հետաքրքրվել ու մարդկանց, անողներին գտնել, չանողներին գտնել: Այսինքն` մենք պետք է վերանանք այդ երկու կոպեկը փախցնելուց: Մենք պետք է մտնենք հավասար հարկային դաշտ: Հավասար հարկային դաշտ ստեղծելը պետությանը մի երկու-երեք քայլով առաջ է տանում, այսինքն` հավատը պետության, բիզնեսի նկատմամբ շատ կարեւոր է: Այդ ստուգումները ի վերջո պետք է չլինեն, մարդը պետք է հասնի նրան, որ ինքը տանի իր հարկերը վճարի: Իսկ մեզ մոտ ստուգումը մի լուրջ խնդիր է դարձել, անպայման պետք է ստուգեն, որ տանեն մուծեն: Այսինքն` հավասար պայմանների ապահովման խնդիրը չի լուծվում: Եթե խնդիրը դնենք այն ձեւով, թե ինչ ենք շահելու հարկային գործակալների վերաբերյալ օրենքի ընդունումից, ինձ թվում է՝ ավելի շատ դրական է լինելու հետեւանքը: Վերջին հաշվով ես հույսս մարդկության նկատմամբ չեմ կորցրել: