Դավիթաշեն համայնքում օրը մի քանի անգամ էլեկտրաէներգիան անջատվում է:
Բնակիչներն արդեն չեն հիշում, թե երբ են առանց ընդհատումների հոսանք
ունեցել: Անջատումները լինում են ամեն օր եւ նույնիսկ օրը մի քանի անգամ:
Հուսով եմ, պատկերացնում եք, թե ինչ է նշանակում՝ օրը մի քանի անգամ
տարբեր տեւողությամբ հոսանք չունենալ: Բնակիչները պատմում են, որ ամեն
անգամ, երբ հոսանքը գնում է, վերելակի մեջ անպայման մարդ է մնացած լինում,
ու շենքերում աղմուկ-աղաղակ է բարձրանում:
«Պատկերացնո՞ւմ եք՝ ամառվա այս շոգին մնում ես փակ վերելակի մեջ ու
չգիտես, թե երբ հոսանքը կտան, որ դուրս գաս,- դժգոհում է Դավիթաշենի
առաջին թաղամասի բնակիչներից մեկը: -Կամ էնքան պիտի բղավես՝ օգնություն
կանչես, որ մեկը լսի եւ գա բացի: Եվ մինչեւ բացեն, դու կարող է շոգից ու
բղավելուց էնքան թուլացած լինես, որ արդեն չկարողանաս լիֆտից դուրս գալ:
Մնացողների մեջ հաճախ ծերեր ու երեխաներ են լինում, ովքեր վախենալով ու
չիմանալով, թե երբ դուրս կգան, կարող է տեղում ինֆարկտ ստանան կամ մեկ
ուրիշ հիվանդություն ձեռք բերեն: Պատասխանն ո՞վ է տալու»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ Դավիթաշենին սպասարկող
«Մաշտոց» մասնաճյուղի գլխավոր ինժեների տեղակալ պարոն Ղալումյանն
էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումները բացատրեց անընդհատ տեղի ունեցող
վթարներով ու աշխատանքներով:
«Դե, մի անգամ վթար է լինում, մյուս անգամ պլանային աշխատանքներն է
պատճառը կամ լաբորատորիան է աշխատում, դրա համար էլ անջատում ենք»,-
բավական անվրդով պատասխանեց նա՝ զարմանալով, որ մարդիկ դա նորմալ չեն
ընդունում:
Ու օրվա ընթացքում այդ մի քանի անգամ անջատելու արդյունքում, վերելակների
կանգնելուց բացի, մեկ-մեկ էլ կենցաղային տեխնիկան է շարքից դուրս գալիս,
խանութների սառնարանների ապրանքն է փչանում, փչացած ապրանքը ժողովուրդը
գնում է եւ թունավորվում: Էլ չենք ասում, որ հոսանքի բացակայության
պատճառով Դավիթաշենում բենզալցակայանների աշխատանքն էլ է կանգնում: Ու այս
ամբողջ վնասի համար փոխհատուցում, բնականաբար, չի լինում:
«Ի՞նչ է, մեր բնակչությունն իր սովետական տեխնիկան արդեն հասցրել է
ամբողջությամբ թարմացնե՞լ, որ փչանալուց եք հարցնում,- արդեն վրդովված
ասաց պարոն Ղալումյանը: -Եվ հետո, ի՞նչ տարբերություն՝ հոսանքը գնա՞ց, թե՞
վիլկայից անջատեցիք»:
Հետաքրքիր է, պարոն Ղալումյանը տարբերությունը չի՞ հասկանում, թե՞
ձեւացնում է, որ չի հասկանում: Այսինքն՝ ի՞նչ տարբերություն:
Խմբագրությանն ահազանգող բնակիչներից մեկը պրն Ղալումյանի այս պատասխանն
իմանալով, ասաց. «Ուրիշ բան, եթե պարոն Ղալումյանն էլ հոսանքով աշխատեր:
Պրոբլեմ չէր լինի: «Վիլկայից» կմիացնեին, եւ բոլոր հարցերը
կկարգավորվեին»: Դավթաշենի բնակիչները բողոքում են նաեւ, որ երբ անձրեւ է
գալիս՝ իրենց հոսանքն անջատվում է:
«Այո, դա այդպես է,- չհերքեց «Մաշտոց» մասնաճյուղի գլխավոր ինժեներ պարոն
Խաչատրյանը: -Որովհետեւ կտուրները ծակ են, ու կաբելները թրջվում են»:
Ստացվում է, որ դավիթաշենցիները նորմալ հոսանք կունենան միայն այն
ժամանակ, երբ Երեւանում անապատային կլիմա հաստատվի: Թեեւ մյուս կողմից էլ,
կուզեք՝ հավատացեք, կուզեք՝ ոչ, բայց Երեւանի մյուս թաղամասերում նույնպես
երբեմն անձրեւ է գալիս:
Այնուամենայնիվ, պարոն Խաչատրյանը հավատացնում է, որ այս վիճակը երկար չի տեւի: Տեսնենք: