Վաղուց է նկատվում, որ հայ հասարակությունը, կարծես թե, մի տեսակ փակ է ցանկացած նորամուծության համար, եւ նույնիսկ սպառողի շահերից ակնհայտորեն բխող գրեթե ամեն մի քայլ հանրությունն ընդվզումով է ընդունում։ Օրինակ, ՀԴՄ կտրոններով բոնուսներ եւ շահումներ ստանալու հնարավորությունը, չգիտես ինչու, գոնե սկզբնական փուլում ընդունվեց սվիններով կամ ծաղրանքով։ Մինչդեռ կյանքը ցույց տվեց` ամեն ինչ այդքան անհույս չէր, ինչպես շատերին թվում էր:
Մեզանում հարկային մարմիններին չեն քննադատում թերեւս ամենածույլերը: Կասկածից վեր է, որ դրա համար քննադատողները բազմաթիվ հիմքեր ունեն: Հասկանալի է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանում երկրի եկամուտները հավաքագրող մարմինների աշխատանքներն առավել ուշադրության են արժանանում: Բայց նույնիսկ անզեն աչքով արդեն տեսանելի է, որ առնվազն մի ասպարեզում հարկային մարմիններին հաջողվում է այս տարվա ընթացքում որոշակի առաջընթաց արձանագրել` ՀԴՄ-ների կիրառումը մեր տնտեսությունում արմատավորելու հարցում: 2009 թվականը, ինչպես գիտենք, մեկնարկեց ՀԴՄ-ների կիրառման նկատմամբ հսկողության բարձրացման համեմատաբար վճռական քաղաքականությամբ։ Բնականաբար, կառավարության այդ ձգտումն, «ավանդույթին» համաձայն՝ ինչ-ինչ պատճառներով, տարեսկզբին մեծ աղմուկ բարձրացրեց։ Ավելի շուտ, հասկանալի պատճառներով, աղմկում էին խանութպանները, վաճառողուհիներն ու տոնավաճառների առեւտրականները։ Սակայն դա երկար չտեւեց, քանի որ թե՛ բնակչության հետաքրքրությունը կտրոնների հանդեպ եւ թե՛ հարկային ոլորտում ձեռնարկված վարչարարությունը շատ շուտով տվեցին իրենց արդյունքները։ Միեւնույն ժամանակ՝ եւ՛ սպառողները, եւ՛ գործարարները զգացին, որ ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանների՝ անբարեխիղճ խանութները մի քանի օրով փակելը եւ ՀԴՄ կտրոնների տրամադրումը ոչ թե միանվագ գործողություն է, այլ հետեւողական քաղաքականություն։ Եթե մինչեւ 2008թ. հուլիսի 1-ը պաշտոնապես հանրապետությունում հաշվառված էր 33 հազար 417 ՀԴՄ, որից փաստացի գործել է 26 հազար 394-ը, ապա 2009թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված է 48 հազար 917 ՀԴՄ, որից փաստացի գործում է 34 հազար 580-ը։ Առաջին վեց ամիսների վերլուծությունը բավականին խոսուն է. նախորդ տարվա համեմատ՝ արձանագրվել է ավելի քան 40 միլիարդ դրամով ավելի ֆիսկալ հասույթ, ինչի արդյունքում ութ ամսվա կտրվածքով ակնկալվում են ավելի քան 5 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր։ Այսինքն` մի զարմանալի երեւույթ արձանագրվեց. ստացվեց, որ Հայաստանում ճգնաժամի պայմաններում ավելացավ մանրածախ առեւտրի շրջանառությունը եւ, բնականաբար, ավելացան նաեւ հարկային մուտքերը: Դժվար չէ հասկանալ, որ իրականում այս արդյունքները մանրածախ առեւտրում ստվերային շրջանառության կրճատման շնորհիվ է: Դժվար չէ եզրակացնել, որ բացի ապրանքաշրջանառության աճից՝ պետք է որ զգալիորեն ավելացած լինեն նաեւ անհատ ձեռնարկատերերի կողմից վճարվող եկամտահարկի եւ սոցվճարի ցուցանիշները, քանի որ ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ակտիվացման հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, եւս 9000 սուբյեկտ հարկային հաշվետվություններ է սկսել ներկայացնել հարկային մարմիններին: Նախորդ ամիսների փորձը ցույց տվեց, որ շատ կարճ ժամանակաշրջանում հսկիչ-դրամարկղային կտրոնները մտան մեր առօրյա ու կենցաղ։ Պարզվեց, որ նույնիսկ ամենաանհավատները կարող են բավականին պահանջատեր լինել կտրոնների հարցում՝ դրանցից յուրաքանչյուրի մեջ տեսնելով 5 միլիոն դրամի պոտենցիալ շահում։ Եվս մեկ փաստ. ՀԴՄ կտրոնն անորակ ապրանք գնելու դեպքում սպառողի հետդարձի ճանապարհն է. այն ունենալով՝ անորակ ապրանքն ավելի հեշտությամբ կարելի է վերադարձնել կամ փոխանակել մեկ ուրիշով։ Ու թեպետ որոշակի աշխուժություն կա նաեւ հասարակության մոտ, այնուամենայնիվ, առայժմ դա այն մակարդակի վրա չէ, որը ինքնաբերաբար թույլ կտա որոշակիորեն թուլացնել հարկային վարչարարական «պրեսինգը»: Մարդկանց շահագրգռությունը հատկապես երեւաց բոնուսների տրամադրման գործընթացում, երբ սպառողին տրամադրվում է կատարած գնումների որոշակի տոկոս։ Սեպտեմբերի 3-ի դրությամբ տարածքային հարկային տեսչությունների կողմից միայն երկրորդ եռամսյակում ձեռք բերած եւ չշահած կտրոնների դիմաց տրվել է 790 միլիոն 191.000 դրամի 45.113 միջնորդագիր։ Ընդ որում, քաղաքացիների հոսքը դեռ շարունակվում է։ Այս առումով բավականին լրջանում է բոնուսները ստացող քաղաքացիներին սպասարկման խնդիրը, որը նույնպես վերջին ամիսներին բավականին ակտիվ քննարկվում է եւ՛ մամուլում, եւ՛ բնակչության շրջանում: Հարցի լուծման ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը, օրինակ, կարող է դառնալ հատուկ սպասարկման կենտրոնների ձեւավորումը: Ընդ որում, որպեսզի բոնուսների` ընդհանուր առմամբ հաջողված գաղափարը չվարկաբեկվի, սպասարկման խնդրի լուծումը համապատասխան մարմինները պետք է առավելագույնս հրատապ լուծեն:
Ամեն դեպքում, պետք է փաստել, որ «Շահող կտրոն» վիճակահանության եւ բոնուսների համակարգի ներդրումից հետո այսօր արդեն իսկ քիչ չեն այն մարդիկ, ովքեր վաճառողներին պարզապես պարտադրում են տրամադրել կտրոնները, կամ, որ ավելի կարեւոր է, հրաժարվում են առեւտուր անել ՀԴՄ-ներով չաշխատող խանութներից։ Պարզվում է՝ ցանկության դեպքում մենք էլ կարող ենք դառնալ քաղաքակիրթ առեւտուր անող երկիր։
Ի դեպ, այստեղ աշխատանքի լայն հնարավորություններ ունեն մեզ մոտ գրանցված բազմաթիվ, իբր մեր` «սպառողների շահերը պաշտպանող» հասարակական կազմակերպությունները: Վերջիններս պարզապես կարող են հրապարակայնորեն կոչ անել բնակչությանը` գնումներ չանել կտրոններ չտրամադրող, այսինքն՝ բոնուսների համակարգի ներդրումից հետո գնորդի գրպանը ուղղակիորեն մտնող, խանութներից: Եվ վերջապես, ակնհայտ է, որ ավելի քան կարեւոր է, որպեսզի մեզ մոտ մանրածախ առեւտրի ոլորտում փաստաթղթային կարգուկանոն հաստատելուն զուգահեռ` փաստաթղթաշրջանառության կուլտուրան հաստատվի նաեւ բիզնեսի այլ ոլորտներում:
Սուրեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ