Սա ներդրում է ապագայի մեջ

16/09/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը նախաձեռնել է նոր ծրագիր, որն աջակցելու է գիտակրթական եւ մշակութային նախագծերին: Ծրագրի տնօրենն է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, որի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:

– Սա մի ծավալուն ծրագիր է, որը կոչվում է «Հեռանկար», եւ որն իր առջեւ խնդիր է դրել` գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում աջակցել առավել ակտուալ, զարգացմանը միտված նախագծերի իրականացմանը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցով: Հիմա ծրագիրը նախապատրաստական փուլում է: Հուսով եմ, որ հաջորդ ամիս արդեն կսկսվի առաջին ծրագրերի ֆինանսավորումը, եւ ես կկարողանամ ավելի առարկայական ներկայացնել դրանք: Այս գաղափարը չի ծնվել մեկ օրում եւ պատահաբար: Սա երկար քննարկումների եւ մտահոգությունների արդյունք է: Սա նշված ոլորտներում վերլուծության, օբյեկտիվ իրականության արդյունքն է, արդյունքն է մտավախության, որ եթե չանենք հիմա, վաղը ուշ կլինի:

– Ի՞նչ մտահոգությունների մասին է խոսքը։

– Գիտությունը, կրթությունը եւ մշակույթը ոլորտներ են, որոնց մասին մեծ ներշնչանքով խոսում են բոլորը: Սակայն Հայաստանում այս ոլորտների զարգացման համար չի արվում թերեւս ամենակարեւորը: Մինչ օրս չեն ստեղծվել մեխանիզմներ` ապահովելու օժտված, հեռանկարային երիտասարդների առաջընթացը: Չկան պատկերացումներ` ինչպես պահել նրանց Հայաստանում: Երկիրը չի ապահովում ստեղծագործ մարդու համար անհատական զարգացման նախադրյալներ: Այդ առումով մենք գտնվում ենք խորը փակուղում: Ֆինանսական դժվարություններից առավել խնդրի մեջ մեղավոր է անարդարության մեծ տոկոսը, որը կա բոլոր ոլորտներում: Որպես կանոն` շնորհալի երիտասարդների ճանապարհին հայտնվում են տարբեր ապաշնորհ մրցակիցներ, որոնք մրցում են իրենց ազգականների դիրքով կամ ֆինանսական հնարավորություններով: Սա մշտապես առկա խնդիր է, որն ի վիճակի է կանգնեցնելու ցանկացած առաջընթաց:

Շատ ոլորտներում մենք չունենք լավ մասնագետների բավարար քանակ: Ժամանակին չգնացինք կրթական համակարգի իրական բարեփոխումների եւ այսօր վայելում ենք դրա տխուր հետեւանքները:

Խորը անկում կա նաեւ հասարակական մակարդակով: Մեր հասարակությունը խորապես անտեղյակ է աշխարհի մշակութային, գիտական եւ կրթական զարգացումներից: Թվում է` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն ընձեռում են անսահմանափակ հնարավորություններ, բայց փաստն այն է, որ մենք օգտվում ենք դրանց չնչին մասից: Մենք 2009 թվականին անդրադառնում ենք հարցերի, որոնք պետք է լուծված լինեին գոնե մեկ տասնամյակ առաջ:

– Ո՞րն է Ձեր աշխատանքի հիմնական նպատակը:

– Աշխատող մեխանիզմների մշակումը: Պետք է մշակվեն առաջնահերթությունները, հասկանանք` որ խնդիրներն են ավելի հրատապ, որոնք են ճիշտ լուծումները, որպեսզի ֆինանսավորվող ծրագիրը կարողանա հետագայում ինքնուրույն շարունակել գործել: Շարունակականությունը չափազանց կարեւոր է: Հակառակ դեպքում արդյունքները կլինեն կարճաժամկետ: Կարծում եմ` ժամանակի ընթացքում կֆինանսավորվեն ծրագրեր մրցութային կարգով, որոնց կկարողանան դիմել թե շահույթ չհետապնդող կազմակերպությունները, թե անհատները: Ես հասկանում եմ, որ կան շատ արժանի ծրագրեր, որոնք կարիք ունեն օգնության, բայց մենք հակված ենք օգնել թարմ, նոր գաղափարներին, նոր լուծումներ պարունակող ծրագրերին: Մենք ցանկանում ենք անել մի քայլ, որից հետո առանց մեզ ծրագիրը կշարունակի աշխատել: Եթե ինձ հաջողվի գտնել նախագծերի կազմման, ընտրության իրական, աշխատող մեխանիզմներ եւ ճիշտ կազմել առաջնահերթությունների ցանկը, ինչպես նաեւ վերահսկման մեխանիզմները, ապա ես իմ առաջ դրված խնդիրը կհամարեմ մեծ մասամբ լուծված: Ահա այս խնդիրներն է իմ առջեւ դրել Գագիկ Ծառուկյանը: Կա նաեւ մեկ կարեւոր պայման` ընտրել լավագույն նախագծերը` տուրք չտալով որեւէ միջնորդության:

– Ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը այլ կառույցների հետ:

– Ուզում եմ շեշտել, որ այս ծրագիրը որեւէ կապ չունի քաղաքականության հետ: Սա բացարձակ ապաքաղաքական ծրագիր է եւ միտված է լայն շրջանակների հետ աշխատելուն: Բնականաբար, պետք է լինի համագործակցություն պետական կառույցների հետ, գոնե` խորհրդատվությունների, տեղեկատվության փոխանակման տեսքով: Ի դեպ, նման հաջողված փորձ արդեն կա, եւ ուզում եմ նշել Մշակույթի նախարարության հետ սկիզբ դրված համագործակցությունը: Ամենասեղմ ժամկետներում մեր բոլոր հարցերին տրվեցին ամփոփ պատասխաններ եւ առաջարկներ: Շատ կարեւորում եմ ԶԼՄ-ների հետ համագործակցությունը: Կատարվող աշխատանքների թափանցիկությունը կարեւոր սկզբունքներից է:

– Նման ծրագրերի ի՞նչ փորձ կա հարեւան երկրներում:

– Նշեմ, որ Հայաստանում սա առաջին նախաձեռնությունն է, երբ գործարարը միջոցներ է հատկացնում հեռանկարային նախագծերի ֆինանսավորմանը: Սա դասական բարեգործություն չէ` ուղղված սոցիալապես անապահով խավերին: «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը շարունակելու է իր սոցիալական ծրագրերը, սակայն` այս նախագծից առանձին: Իսկ սա, եթե կարելի է ձեւակերպել, ներդրում է ապագայի մեջ: Մենք հիմնական արդյունքները տեսնելու ենք հեռանկարում` այսօր օգնելով զարգացմանը միտված ծրագրերին:

Ինչ վերաբերում է այլ երկրների փորձին, ապա ցավով պիտի նշեմ, որ շատ հետ ենք, ու ոչ միայն զարգացած երկրներից: Այն, ինչ մենք այսօր նախաձեռնել ենք, դրսում անում են վաղուց եւ հասել են լուրջ հաջողությունների: Մենք շատ հետ ենք թե Ռուսաստանից, թե Ադրբեջանից, թե Ղազախստանից… Ցանկը կարելի է երկար շարունակել: Ռուսաստանի բոլոր հայտնի գործարարները տարբեր հիմնադրամների միջոցով ֆինանսավորում են ապագային միտված ծրագրեր: Օրինակ` Պոտանինի ֆոնդն իր հովանավորչության տակ է վերցրել ռուսաստանցի բացառիկ օժտված դպրոցականներին, Պրոխորովի ֆոնդը ֆինանսավորում է մշակութային ծրագրեր եւ այլն: Կան նման հարյուրավոր հիմնադրամներ, որոնք կարծես ոլորտների բաժանում կատարելով` իրականացնում են մեկ ընդհանուր ծրագիր:

Մենք ուսումնասիրել ենք նրանց փորձը. խոսքը գրագետ կազմված, հստակ մեխանիզմներով ծրագրերի մասին է, որից շահելու է եւ շահում է Ռուսաստանը: Ղազախստանում ծախսվում են ահռելի միջոցներ դպրոցների վրա: Ամենահեռավոր դպրոցները հագեցած են ժամանակակից լաբորատորիաներով ու պարագաներով: Եվ զարմանալի չէ, որ այդ երկրում, որքան էլ խոսենք ավտորիտարիզմից, աչքիդ առաջ հասարակության, ժողովրդի որակ է փոխվում:

Նույն Ադրբեջանում Հեյդար Ալիեւի ֆոնդը հասել է նրան, որ Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու նպատակով ֆինանսավորում է անգամ այլ պետություններում պատմամշակութային հուշարձանների վերականգնումը: Մասնավորապես` Վերսալում նման երկու հուշարձան է ֆինանսավորվել, Պակիստանում երկրաշարժից քանդված դպրոց են կառուցել եւ այլն: Իրենց երկրում անընդհատ միջազգային խոշոր երաժշտական մրցույթներ եւ փառատոներ են ֆինանսավորվում:

Ուզում եմ անպայման նշել, որ եթե չլինեն գրագետ ծրագրեր, մշակված հստակ քաղաքականություն, ապա որեւէ ֆինանսական միջոց, որքան էլ դա մեծ լինի, չի կարող ապահովել մեր երկրի մրցունակությունը: Մենք մեզ խաբելով, անընդհատ պատրանքներով ապրելով` կորցնում ենք երկրի մրցունակությունը: Մեր երկիրը պետք է առաջարկի մեխանիզմներ, որոնցով շնորհալի դպրոցականը, երիտասարդը պիտի հարթեն իրենց անհատական զարգացման ճանապարհը: Առանձին մտահոգության առարկա է գիտությունը. կան ճյուղեր, որտեղ մենք անդառնալի կորուստների շեմին ենք: Նման մեխանիզմների բացակայության պատճառով է, որ տաղանդավոր մարդուն չենք կարողանում պահել երկրում, քանի որ երաժիշտը, նկարիչը կամ ցանկացած այլ ստեղծագործող չեն կարողանում գտնել աշխարհին ներկայանալու ճանապարհը: Սա ինչ-որ տեղ նաեւ Հայաստանն աշխարհի համար ու աշխարհը Հայաստանի համար բացելու ճանապարհն է: Ամեն ինչ սկսվում է փոքրից: Այսօր ֆինանսավորվող ամեն փոքր նախաձեռնություն վաղը կարող է դառնալ լուրջ ձեռքբերում: