Անստորագիր նամակի հետքերով
Մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Արհեստագործական ուսումնարանի ներկա եւ նախկին աշխատակիցները հարկադրված անստորագիր նամակ էին ուղարկել մեր թերթի խմբագրություն: Նամակում աշխատակիցները պատմում էին իրենց տնօրենի` Խաչիկ Կզլյանի, ու վերջինիս «զեղծարարությունների» մասին, թե ինչպե՞ս է տնօրենը ուսումնարանին պատկանող ճաշարանը վերածել իր սեփական բնակարանի, ինչպե՞ս է նա վաճառել ուսումնարանի գույքը, եւ այլն, որոնց հետքերով էլ հասանք Մարտունի: Իսկ թե իրականում ի՞նչ է կատարվել ԱԺՄ կուսակցության նախկին անդամի, այժմ` Մարտունու Արհեստագործական ուսումնարանի ՀՀԿ-ական տնօրեն Խաչիկ Կզլյանի դեմ, ամեն ինչ ներկայացնենք հերթականությամբ եւ, ամենագլխավորը` փաստերով:
Եվ այսպես, 1966թ. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի թիվ 487 որոշման 14-րդ կետի համաձայն՝ հավանություն է տրվում Մարտունու շրջանի կոլտնտեսության կոլտնտեսականների ընդհանուր ժողովի գործկոմի որոշումներին ու հիշյալ կոլտնտեսության վարելահողերից 3 հա հատկացվում է շրջսովետի գործկոմին` գիշերօթիկ դպրոց կառուցելու համար: Սա եղել է նույն արհեստագործական ուսումնարանի, նախկին` պրոֆտեխնիկական ուսումնարանի տարածքը: Սակայն հողատարածքը ուսումնարանի սեփականություն է մնում մինչեւ 2005թ.: Հենց այս ժամանակ էլ ՕԵԿ Կուսակցության նախագահ, ներկայումս՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Մարտունիում բացում է Մարտունու եվրոպական քոլեջը, որի համար, բնականաբար, տարածք էր անհրաժեշտ: Եվ քոլեջին հատկացվում է ուսումնարանի ուղիղ կեսը, այսինքն` Մարտունու Արհեստագործական ուսումնարանին պատկանող 2900 քմ տարածքից 1450քմ-ն, ինչպես նաեւ՝ ուսումնարանին պատկանող 240 քմ նկուղը Կառավարության որոշմամբ տրվում է այդ քոլեջին: Ի դեպ, ուսումնարանի շենքի եւ քոլեջի սահմանն էլ ընդգծվում է այն պատով, որը բաժանում է «մարտունիական Եվրոպան» եւ պարզապես «հայաստանյան Մարտունին»: Շուտով Մարտունու եվրոպական քոլեջը սկսում է իր ընդունելությունները, իսկ Մարտունու քաղաքապետարանը, ըստ աշխատակիցների՝ ուսումնարանին պատկանող ճամփեզրյա հողակտորների վաճառքը, որտեղ այսօր կարելի է տեսնել երկհարկանի կառուցվող շինություններ: Ավելին` առուծախի է ենթարկվում նույնիսկ ուսումնարանի 240քմ արհեստանոցի ամբողջ շրջակայքը, ընդ որում ` առանց շենքի: Ու ստացվում է այնպես, որ արհեստանոցի կիսաքանդ շենք մտնելու համար պետք է թույլտվություն հարցնել բակի նոր տիրոջից: Արհեստագործական ուսումնարանի տնօրեն Խաչիկ Կզլյանն էլ այս ամենի մասին տեղեկացնում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանը, քանի որ 2004թ. սեպտեմբերի 20-ից ՀՀ ԿԳ նախարար Սերգո Երիցյանի հրամանով էր ստեղծվել Մարտունու նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատությունը` «Մարտունու արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ը: «Ես սկզբից տեղեկացրի Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանին: Բայց շատ չանցած նախարարը փոխվեց, եկավ Լեւոն Մկրտչյանը, որը ոչինչ չարեց: Իսկ Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանն էլ իմանալով այս մասին` կանչեց ուսումնարանի 2 թոշակառու աշխատակիցների, թե՝ եկեք Կզլյան Խաչիկի դեմ բողոք գրեք»,- մեզ հետ զրույցում նշեց Խ. Կզլյանը: Եվ որպես նրա խոսքերի ապացույց` մեջբերենք 2006թ. մայիսի 15-ին քաղաքապետին ուղղված այն դիմումը, որը գրել էին ուսումնարանի նախկին աշխատակիցներ Ժորա Աբգարյանը եւ Գուրգեն Մարտիկյանը: «Ուսումնարանի հիմնադրման օրվանից աշխատել ենք եւ մասնակցում ենք ստեղծման եւ հիմնադրման աշխատանքներին, այնպես որ, ուսումնարանի ապագան կարեւոր նշանակություն ունի մեզ համար, անկախ այն բանից` այնտեղ աշխատե՞լ ենք, թե՞ ոչ: Ներկայումս այնտեղ տնօրինում է Խ. Կզլյանը, որը վերջին 10 տարում հիմնահատակ քանդել եւ շարունակում է վերացնել այն…..»,- գրված է դիմումի մեջ, որի մյուս հատվածները նույն բովանդակությունն ունեն այն բոլոր նամակներում, որոնցից շատերը անստորագիր ուղարկվել են այս կամ այն գերատեսչությանը: Քաղաքապետին ուղղված նամակը մակագրվում է անմիջապես հաջորդ օրը` մայիսի 16-ին, որից հետո այն ուղարկվում է Կրթության եւ գիտության նախարարություն: «Դրանից անմիջապես հետո տեսչությունից ուսումնարան ստուգումների են գալիս Արայիկ Խաչատրյանն ու Մարո Կարախանյանը: Ամեն ինչ նորից ճշգրտվում է: Նրանք պարզում են, որ ոչ մի խախտում չի եղել»,- նշում է տնօրեն Խ. Կզլյանը: Իսկ ստուգումներից մեկ ամիս անց` 2006թ. հունիսի 29-ին, ՀՀ ԿԳՆ-ի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մինասյանը պատասխան-նամակն է ուղարկում Մարտունու Արհեստագործական ուսումնարանի տնօրենին` հետեւյալ բովանդակությամբ. «ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին ուղղված կոլեկտիվի դիմումում բարձրացված հարցը` ուսումնարանի 1,04 հա հողատարածքը պահպանելու վերաբերյալ, ուսումնասիրվել է տնտեսական բաժնի կողմից եւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետ պարոն Բ. Հարությունյանին ուղարկվել է նամակ` խնդրելով վերանայել 2006թ. մարտի 28-ի «Մարտունու տարածքում գտնվող ՀՀ ԿԳՆ Մարտունու արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ի պետականություն հանդիսացող շենքերի եւ շինությունների զբաղեցրած տարածքը իրեն հատկացնելու մասին» թիվ 3 որոշումը եւ հիմք ընդունել Մարտունու շրջսովետի գործկոմի նախագահի կողմից հատկացված հատակագիծը` «Մարտունու արհեստագործական ուսումնարան»: «Սա եղավ վերջին գրությունը: Նախարարությունն էլ մեզ ոչ մի պատասխան չգրեց: Վաճառված հողերի վրա շենքեր բարձրացան, էն մնացած տարածքներն էլ բաժանվեցին: Իսկ նախարարության կողմից սկսվեցին ստուգումները ստուգումների ետեւից»,- ընդգծում է Խ. Կզլյանը: Իսկ մինչ ստուգումների ավարտը նամակագիր-աշխատակիցները ժամանակ չեն կորցնում: Հունիսի 16-ին 2006թ. նամակագիրները, ովքեր արդեն չորսն էին, նամակ են ուղարկում ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Այս նամակում եւս աշխատակիցները ներկայացնում են իրենց բողոքը: Մեջբերում ենք մի քանի տող, ըստ որի` օտարվել եւ վաճառվել են ուսումնարանի հացահատիկային կոմբայնը, անիվավոր էքսկավատորները եւ անիվավոր մի քանի տրակտորները, կարտոֆիլ ցանող տրակտորը, խոտհնձիչ մեխանիզմը եւ այլն: Նամակագիրներ Ժորա Աբգարյանը, Գուրգեն Մարտիկյանը, Անահիտ Անտոնյանը եւ Աշոտ Խլղաթյանը չեն մոռանում նշել նաեւ գլխավորի մասին` այն մասին, որ Կզլյանն իր ընտանիքով բնակվում է ուսումնարանի շենքում, զբաղեցնում է մոտ 200քմ մակերես, Կզլյանի թողտվությամբ ուսումնարանի շենքի կողքին կառուցվել են սրճարան-տաղավարներ, իսկ վերջում աշխատակիցները նաեւ անդրադառնում են ուսումնարանում կատարված ստուգումներին. «Մարտունի ժամանած նախարարության պատասխանատու աշխատակիցները (խոսքը Մարո Կարախանյանի եւ Արայիկ Խաչատրյանի մասին է.- Մ.Մ.) փորձում էին պաշտպանել ոչ թե պետության եւ նախարարության շահերը, այլ անձամբ Խ. Կզլյանի շահերը, որը մեզ թելադրեց անպայման դիմել Ձեզ, հայոց պետականության շահերը պաշտպանելու ակնկալիքով»,- ասվում է նամակում: Ի դեպ, այս մարդկանցից երկուսի հետ մեզ հաջողվեց զրուցել, ովքեր մինչ օրս աշխատում են, ինչպես շատ անգամ էին գրել` «խարդախ» տնօրեն Կզլյանի տնօրինած ուսումնարանում: Նամակագիր-աշխատակիցների նամակներից հասնում են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Սակայն վերջինիս ուղղված նամակի համար աշխատակիցներն ընտրել էին կեղծանուն` ոմն Անան Մուշեղյան Ներքին Գետաշեն գյուղից: Այսպիսով` 2008թ. նոյեմբերի 7-ին նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում ասվում է. «Լսելով Ձեր ուղերձը` հավատացինք, որ այսուհետ անհաշտ պայքար է մղվելու կաշառակերության եւ պետական պաշտոնները իրենց շահերին ծառայեցնողների դեմ: Մարտունի քաղաքի արհեստագործական ուսումնարանի տնօրեն Խաչիկ Կզլյանը դրանցից մեկն է, ով թքած ունենալով օրենքների վրա, իր 3 սենյականոց բնակարանը վաճառելուց հետո, օգտվելով իր պաշտոնական դիրքից, ուսումնարանի շենքում գտնվող ճաշարանը քանդել, ձեւափոխել է այն եւ 170քմ տարածքը հատկացրել իր ընտանիքին (նկատենք, որ նախորդ նամակներում նշված տարածքը 200քմ էր.- Մ.Մ.)»։ Նամակում աշխատակիցները խնդրում են, որ այս փաստերը ստուգվի, ինչպես նաեւ մանրամասն նկարագրվում է այն մասին, որ ուսումնարանում ձեւակերպված մոտ 300 սովորողների մեծ մասը իրականում գոյություն չունեն, եւ «մեռած հոգիներ են»: Ի դեպ, այս դիմում-բողոքին ի պատասխան՝ այս անգամ էլ ուսումնարանի մյուս աշխատակիցներն են դիմում գրում ՀՀ նախագահին եւ ԿԳՆ նախարարին` հերքելով այն փաստը, որ իրենց ուսումնարանում երբեւէ Անան Մուշեղյան անունով աշխատակից չի եղել: Եվ քանի որ մեր թերթին ուղարկված նամակում էլ կային նույն հարցադրումները, ինչ մյուս նամակներում, որոշեցինք պարզել փաստերը, որոնք, թերեւս, «բողոքական» աշխատակիցների սրտով չլինեն: Իրականում այս բողոքական ալիքը ավելի հեռու անցյալ ունի` ընդ որում` քաղաքական երանգներով, որն սկսել է դեռեւս 1990-ական թթ., երբ Խաչիկ Կզլյանը դարձավ Մարտունու արհեստագործական ուսումնարանի տնօրեն:
Քաղաքական թթխմոր` շատ ջրով
Մինչ օրս Մարտունու Արհեստագործական ուսումնարանի տնօրեն Խաչիկ Կզլյանը մարտունեցիների համար մնացել է այն նույն «ախպարը», ում հայրը եղել է 1946թ. բուլղար հայրենադարձներից: Չնայած այն պարագային, որ Խ. Կզլյանը ծնվել է Մարտունիում եւ մինչ օրս ապրում է այնտեղ: «Միեւնույն է` ինձ միշտ էլ որպես «ախպար» են ընդունել, ոչ տեղացի, խորթ մարդ»,- նշում է տնօրենը` ներկայացնելով ուսումնարանի տարեգրությունը: «1997թ. ուսումնարանը անցնում է Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության տակ: Իսկ մինչ այդ այն գտնվում էր նախարարության ենթակայության տակ: Եվ մարզպետարանի ենթակայության տակ անցնելով` մինչեւ ընդունելության քննությունների կազմակերպումը, մարզպետարանի Կրթության բաժնից ինձ տեղեկացնում են, որ մարզպետ Ռուդիկ Ղուկասյանից հանձնարարություն ունեն իմ հարցով զբաղվելու` որպես ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի ստվերային ընկերոջ: Էդ ժամանակ գրեթե բոլորը ՀՀՇ-ական էին: Մի խոսքով, մարզպետարանից գալիս են ֆրոնտալ ստուգումների, հետո այդ նույն ստուգումները կրկնվում են փետրվարին: Կարելի է ասել, որ տարին մի 20 անգամ ստուգումների էին գալիս»։ Խ. Կզլյանը այդ տարիներին կորցնում է իր բնակարանը: «Մոտ 2 տարի մենք ընտանիքով մնալու տեղ չունեինք: Քանի որ 1993թ. Կառավարության որոշմամբ կար ծառայողական բնակարանների մասին օրենք` ես օգտվեցի դրանից եւ դիմեցի մարզպետարան հետեւյալ խնդրանքով, որ ինձ թույլ տան մնալ ուսումնարանի հանրակացարանային մասում գտնվող ճաշարանում, որը վաղուց չէր գործում: Դրանից հետո մի շարք փորձագետներ եկան, ստուգեցին, նկարեցին: Հետո օրինական ճանապարհով բոլոր փուլերն անցա: Ու հիմա զարմանալին էնա, որ այսօր ուսումնարանի հատկացրած ուսուցչի տանն ընդամենը մի չորս ուսուցիչ ա ապրում, մնացած բնակարանները վաճառքի են հանել: Ինչո՞ւ այս մասին չեն գրում»,- ասում է տնօրեն Խաչիկ Կզլյանը` հերթով ցույց տալով նաեւ այն փաստաթղթերը, որոնք վկայում են ճաշարանի օրինական սեփականատիրոջ իրավունքների մասին: Ավելի ուշ Խ. Կզլյանը դիմում է գրում ԿԳՆ, այն հարցով, թե հնարավոր է ուսումնարանում բացել արհեստագործական 4 դասարաններ, ինչը նախարարությունը չի մերժում: «Սա մարզպետարանում պատճառաբանվեց, թե իբր ես առանց թույլտվության դասարաններ եմ ուզում բացել:
2000թ. մարզպետարանի կողմից ինձ ազատում են աշխատանքից` առանց հաշվի առնելու Կրթության նախարարից ստացած իմ փաստաթուղթը: Հետաքրքիրն այն է, որ այդ աշակերտների հետ մենք կոլեկտիվով աշխատեցինք անվճար: Կրկին դիմեցի նախարարություն: Եկան ստուգումների, ու նորից պարզվեց, որ դասարան բացելու թույլտվություն եմ ստացել նախարարից: Ինձ վերականգնում են, որից 2 տարի անց` 2002թ., ուսումնարանը եւ թիվ 2 միջնակարգ դպրոցը միաձուլում են իրար: Սա կատարվում է Կառավարության դեկտեմբերի որոշմամբ: Ուսուցիչների հիմնական մասը մնում է առանց աշխատանքի, իսկ այդ տարիներին վիճակն ավելի ծանր էր: Ուսումնարանի շենքը դատարկվեց: Միայն 2 տարի հետո Կառավարությունը կրկին որոշում կայացրեց ուսումնարանը եւ դպրոցը տարանջատելու մասին: Հենց այդ տարին էլ իմացանք, որ ուսումնարանի շենքի կեսն արդեն մերը չէ, չնայած անջատման պահին պետռեգիստրով այն ներկայացրել էին իբրեւ ուսումնարանի ամբողջ շենք: Սա օրենքի լուրջ խախտում էր»,- նշում է ուսումնարանի տնօրենը, ում կրկին ազատում են, բայց այս անգամ՝ նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով: Սակայն Խ. Կզլյանը հերթական անգամ վերականգնվում է աշխատանքի` եռամսյա դատավարությունից հետո:
«Իմ վերականգնման պահին բերել են փոխտնօրենին մի փաստաթուղթ տվել, թե Կզլյանը վերականգնվել ա, էնպես պիտի անենք, որ ինքը ուսումնարան չմտնի: Դատավարությունից անմիջապես հետո գալիս են, հանձնաժողովով ստուգում են: Դրանից հետո ստիպված նամակ ենք գրում Սերժ Սարգսյանին` ներկայացնելով բոլոր փաստաթղթերը, մեր վիզաները, ու նշում, որ մեր դեմ ահաբեկչություն է կատարվում էս դաշնակների կողմից: Էդ նույն Նաղդալյան Արտակը` ԿԳՆ-ի մասնագիտական եւ նախամասնագիտական վարչության պետը, կնոջս ասում է` «Լսիր, ամուսնուդ ասա, թող գա դիմում գրի` հեռանա»: Քաղաքապետի ու ԿԳՆ-ի միջեւ փոխադարձ կապ կա: Իսկ ամբողջ միտքը հետեւյալն է` Կզլյան Խաչիկին հեռացնեն, բերեն իրենց մարդուն, որը ցանկացած փաստաթղթերի տակ կստորագրի, ու հողերը լիարժեք կվաճառեն»,- նշում է Խ. Կզլյանը, ում դեմ գրած նամակագիր-աշխատակիցների հետ հանդիպեցինք հենց իր տանը:
Անհայտ նամակագիրների հայտնի ձեռագրերը
Նախկին նամակագիրներ Անահիտ Անտոնյանի, Աշոտ Խլղաթյանի, Ժորա Աբգարյանի կնոջ` Թամարա Բաղդասարյանի հետ հանդիպեցինք տնօրենի տանը: Հետաքրքիրն այն է, որ եթե նախապես տեղյակ չլինեի նրանց կողմից գրված նամակներին, կարելի էր կարծել, թե ամենաքիչը 35 տարվա փորձ ունեցող այս աշխատակիցները պարզապես պաշտում էին իրենց տնօրենին: Ակնածանքի ու չափից դուրս ջերմ խոսքերին քիչ անց միացավ նաեւ ուսումնարանի հայոց լեզվի մասնագետ Լեյլա Սարգսյանը (ըստ փաստերի` վերջինս նամակներին մասնակից չի եղել): Նախեւառաջ, այս բոլոր աշխատակիցները բավական հարձակողական սկսեցին հարցեր տալ, թե ինչո՞ւ մեր թերթը տպագրեց այդ հերյուրանքով լցված նամակը: «Զարմանալ կարելի ա, էլի: Չէի՞ք կարող սկզբից գալ փաստերը ստուգելու: Դուք գիտե՞ք` ում մասին եք գրել»,- եւ սա ասում են այն աշխատակիցները, ովքեր ստորագրել էին այնպիսի նամակների տակ, որոնց մասին մենք վերը խոսեցինք: Նրանցից Աշոտ Խլղաթյանը կրկին խոսեց իրենց տնօրենի գովելի հատկությունների մասին` նույնիսկ հրաժարվելով տարիներ առաջ գրած նամակի ստորագրությունից, որտեղ փաստացի կա եւ՛ նրա ստորագրությունը, եւ՛ հեռախոսահամարը: «Ես երդվում եմ, որ այդպիսի նամակ չեմ գրել: Բերեցին այդ փաստաթուղթը եւ ասացին՝ ստորագրի: Ես չստորագրեցի, եւ նույնիսկ այդ թղթի օրինակը մեր տանը կա»,- պատասխանեց Ա. Խլղաթյանը: Ուսումնարանի նախկին աշխատակից Ժորա Աբգարյանի կինն էլ` Թամարա Բաղդասարյանը, ով այժմ էլ աշխատում է ուսումնարանում` որպես ավագ վարպետ, չհերքելով նամակները` միայն ասաց, որ իրենք միշտ էլ համագործակցված աշխատել են: Իհարկե, տարիներ առաջ, ըստ տնօրենի, երբ նույն անձը իր ամուսնու հետ զրպարտիչ նամակներ էր գրում, նախարարության ստուգումներից մեկի ժամանակ պարզ դարձավ, որ Թ. Բաղդասարյանը իր աշխատանքային գրքույկը փոխել է քրոջ աշխատանքային գրքույկով, որտեղ «ստաժը» ավելի շատ էր: «Երբ նախարարության աշխատակիցը` գրքույկը վերցրած, մոտեցավ Թամարային ու ցույց տվեց իր լուսանկարով քրոջ աշխատանքային գրքույկը, Թամարան կարմրեց: Իհարկե, ես ամեն ինչ արեցի, որ իմ աշխատակիցը քրեական պատասխանատվություն չկրի»,- ժամեր անց անկեղծացավ ուսումնարանի տնօրենը: Վերջինս հիշեց նաեւ տարիներ առաջ ներկա աշխատակիցներից Անահիտ Անտոնյանի հետեւյալ խոսքերը. «Ես գալու եմ էստեղ աշխատեմ, բայց քեզ հաստատ չեմ խնդրի: Վերեւներից են ասելու ու գալու եմ այ էս երկու մատով աչքերդ հանեմ»: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ Ա. Անտոնյանը ուսումնարանում աշխատելու համար չէր դիմել Խ. Կզլյանին, ու ինքն էլ գրել էր նամակներ, նա պատասխանեց. «Չգիտեի կարգը` ի՞նչ անենք»: Այնուհետեւ զրուցակիցներից յուրաքանչյուրը փորձեց գտնել մեր թերթին ուղարկված հարկադրված անստորագիր նամակի այն հեղինակներին, որոնք բավարարվել էին միայն ներկայանալ որպես ուսումնարանի ներկա եւ նախկին աշխատակիցներ` ճիշտ այնպես, ինչպես շատ նամակներում: Աշխատակիցները համոզված էին, որ նամակագիրները դրսից են եւ ոչ իրենց կոլեկտիվից: Իսկ նամակներում իրենց քաղաքապետի մասնակցության մասին վերջիններս միանգամից ժխտեցին։ «Ո՞նց կարելի է էդպիսի բան մտածել: Նամակագիրը հաստատ ուզում ա մեր կոլեկտիվը պառակտի: Քաղաքապետն ի՞նչ կապ ունի էստեղ»,- ասաց նախկին աշխատակից Ժ. Աբգարյանի կինը` Թամարա Բաղդասարյանը, ում եղբայրն ու տղան աշխատում են քաղաքապետարանում: Նրանց հետ զրույցն այդպես էլ կավարտվեր, եթե չլիներ Թ. Բաղդասարյանի խնդրանքը՝ պատերազմի հաշմանդամ որդու մասին հոդված գրելու մասին, որի ընտանիքը մինչ օրս չունի բնակարան: Իսկ մեր թերթին ուղղված նամակի հետգրությունում նամակագիրներին Պետական կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանից հետաքրքրում էր հետեւյալ հարցը. «Մարտունու արհեստագործական ուսումնարան ՊՈԱԿ-ի օգտագործման հանձնված շենք-շինության կազմում կա՞ն արդյոք բնակելի նշանակության տարածքներ: Եթե այո, ապա ի՞նչ մակերեսով, ի՞նչ հաշվեկշռային արժեքով, ո՞ւմ է հանձնվում, ի՞նչ իրավունքով»: Տվյալ պարագայում, կարծում եմ, արդեն պարզ է հարկադրված նամակի անստորագիր հեղինակների ինքնությունը, որն այս անգամ գուցե որեւէ կապ չունի Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի անվան հետ, քանի որ այստեղ ակնհայտ են միայն մեկ մարդու անձնական շահերը: Ինչեւէ, աշխատակիցների ու տնօրենի զրույցը շարունակվեց ճաշի սեղանի շուրջ: «Դու չգիտես մեր լավ կոլեկտիվի մասին: Պատերազմական տարիներին մենք ամբողջ կոլեկտիվով` սկսած պարոն Կզլյանից, աշխատում էինք առանց վարձատրվելու: Այ, էդ ենք եղել: Թե հիմա ինչո՞ւ են ուզում մեզ խառնել…»,- ասացին աշխատակիցները` խմելով իրենց համերաշխ կոլեկտիվի կենացը:
Հ.Գ. Սեպտեմբերի 11-ին Խ. Կզլյանը նամակ է ուղարկել ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ «Մոտ 3 տարի է, ինչ ուսումնարանը գտնվում է հանրապետության տարբեր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում, որի հիմքը դարձավ քաղաքի քաղաքապետի դրդմամբ 2006թ. քաղաքապետին ուղարկված կենսաթոշակի անցած նախկին աշխատակիցների դիմումը»,- ասված է նամակում, որին կից ներկայացված է նախարարության աշխատակիցների կատարած ստուգումների փաստաթղթերի առդիրը: