Հարգելի ընթերցող, «Դիվանագիտական ընթերցումների» առաջաբանում մենք խոստացել էինք անդրադառնալ դիվանագիտական արվեստին, նրա տեխնիկային եւ մեթոդներին: Այդ իսկ նկատառումով, ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Դիվանագիտական հաղորդակցություն եւ դիվանագիտական զրույց» հոդվածաշարը, որը, մեր կարծիքով՝ կարող է օգտաշատ լինել` առաջին հերթին դիվանագիտությունն ուսումնասիրողներին եւ երիտասարդ մասնագետներին:
Սակայն, նախ փորձենք հասկանալ, թե ի՞նչ է «Դիվանագիտությունը», եւ ինչո՞ւ այն՝ պարուրված լինելով գաղտնապահության շղարշով, բոլոր ժամանակներում շարժում է հասարակության հետաքրքրությունը: Հայաստանը բացառություն չի կազմում: Հավանաբար, նաեւ դրանով է բացատրվում այն փաստը, որ մեր հանրապետության տասնյակների հասնող պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններն այսօր եռանդով պատրաստում են հայրենական դիվանագետներ: Պատրաստում են ինքնամոռաց, առանց պլանավորման եւ այնքան շատ, որ եթե դեսպանություններ բացելու լինենք երկրագնդի ամենաաննշան եւ հեռավոր կետերում անգամ, չենք խուսափի դիվանագետների գործազրկությունից: (Մի առիթով հրավիրված էի ճաշի «Հարսնաքար» ռեստորան: Կողքի երկու երկար սեղանների շուրջը քեֆ էր անում եւ սրտանց ուրախանում երիտասարդների մի գեղեցիկ կոմպանիա, որի կեսից ավելին աղջիկներ էին: Նրանք հավաքվել էին Երեւանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելու առիթով: Անհավանական թող չթվա, բայց ես հաշվեցի 80 ուսանող, որոնց մեծ մասը աղջիկներ էին): Մենք ունենք պետական նվազ ֆինանսներ, սակայն ունենք Եվրոպական միջին երկրների արտգործնախարարություններին հավասար նախարարություններ, ունենք դեսպանություններ շատ մեծ ու փոքր երկրներում, ներկայացուցչություններ մի շարք միջազգային կազմակերպություններում: Եվ պատահական չէ, որ դիվանագիտությունը դառնում է խիստ մոդայիկ մասնագիտություն, հայկական էլիտար հասարակության սեփականությունն ու մենաշնորհը, քանզի դրան տիրապետելու համար, ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս պահանջվում են զգալի միջոցներ, ինչպես նաեւ՝ կլանային-կորպորատիվ կապեր:
Այնուամենայնիվ, ի՞նչ է իրենից ներկայացնում այդքան խորհրդավոր եւ այդքան տենչալի դիվանագիտություն կոչվածը: Հայրենական ու օտար աղբյուրներում տրվող «Դիվանագիտություն» տերմինի բացատրությունը գրեթե նույնանման է. «Պաշտոնական գործունեություն, որ վարում են պետության ղեկավարները, կառավարություններն ու հատուկ մարմինները` պետության արտաքին քաղաքականությունը իրականացնելու նպատակով»: Մյուս կողմից` համաշխարհային գրականության մեջ «Դիվանագիտություն» եւ «Դիվանագետ» բառերը, հիմնականում արտահայտելով նույն իմաստը, երբեմն ունեն տարբեր մեկնաբանություններ: Սակայն մի կետում մասնագետները միակարծիք են. այդ այն է, որ դիվանագիտությունը նույն ինքը՝ «բանակցությունն» է: Իսկ մեծ դիվանագետ կարդինալ Արման Ռիշելյեն ավելի հեռուն է գնացել. նա դրան ավելացրել է «շարունակական» բառը, եւ ստացվել է, որ դիվանագիտությունը «շարունակական բանակցություններ» են, որոնք, նրա կարծիքով, չի կարելի դադարեցնել ո՛չ խաղաղ պայմաններում, ո՛չ էլ պատերազմների ժամանակ: Դիվանագիտությանը` որպես պետական քաղաքականության իրագործման միջոցի` որպես ինքնուրույն գիտության եւ արվեստի, 1716 թվին անդրադարձել է Լյուդովիկոս XIV-ի դեսպան Ֆրանսուա Կալյերը իր «Թագավորների հետ բանակցություններ վարելու եղանակները» հայտնի գրքում: Ուշադրություն դարձրեք. նա օգտագործում է ոչ թե «դիվանագիտություն», այլ «բանակցություններ» տերմինները: Այդ աշխատությունն, ի դեպ, երեք հարյուր տարի համարվում է մասնագետների պատրաստման լավագույն դասագրքերից մեկը: Դիվանագիտությունը եւ բանակցելու, հաղորդակցվելու արվեստը նույնացնում եւ որպես հոմանիշներ են դիտում անվանի դիվանագետ-տեսաբաններ Կամբոն, Նիկոլսոնը, Սատոուն, Մարտենսը եւ ուրիշներ:
Եթե դիվանագիտությունը ընդունելու լինենք իբրեւ հաղորդակցության միջոց, ապա կարող ենք փաստել, որ այն այնքան հին է, որքան ինքը` մարդկությունը: Մարդը «դիվանագետ» է՝ սկսած նախնադարյան ժամանակներից: Հնագույն ցեղերը «դիվանագիտական խողովակներով» էին լուծում պատերազմի եւ խաղաղության, առեւտրի, որսի, ամուսնության եւ այլ կենցաղային հարցերը: Եվ եթե մեր նախնիները իսպառ զրկված լինեին պրիմիտիվ դիվանագիտական ունակություններից եւ ամենակարեւորը` բնազդաբար չճանաչեին բանակցողների անձեռնմխելիությունը, ապա, ամենայն հավանականությամբ, մարդկությունը հասած չէր լինի մինչեւ մեր օրերը: Դիվանագիտական հաղորդակցությունը ի սկզբանե եղել է կյանքի ամենասովորական, բայց եւ ամենաբարդ, ամենանուրբ ոլորտներից մեկը:
Փոքր էքսկուրս պատմության քառուղիներում
Մեզ հասած դիվանագիտական հաղորդակցության առաջին գրառումները պատկանում են Մեսոպոտամիայի քաղաք-պետություններին եւ թվագրված են մ.թ.ա. 2800 թ.: Եգիպտոսի Ռամզես II եւ խեթական առաջնորդները հաղորդակցվել են դիվանագիտական պայմանագրերի օգնությամբ մ.թ.ա. 1280 թվին: Հին Արեւելքի այս եւ մյուս երկրներում` Պարսկաստանում, Հնդկաստանում, Չինաստանում արտաքին քաղաքականության հիմնական նպատակն է եղել հարեւանների հողերի եւ ունեցվածքի զավթումը: Այնպես որ, միջազգային հարցերը հիմնականում լուծվել են զենքի ուժով: Դրա հետ մեկտեղ` Հին Արեւելքի պետությունները ստիպված են եղել ծավալել ակտիվ դիվանագիտական գործունեություն, որով զբաղվել են իրենք` տիրակալները: Հավանաբար, այստեղից է սկիզբ առնում այն սովորույթը, որ պետության արտաքին քաղաքականությունն առ այսօր համարվում է գրեթե բոլոր երկրների լիդերների մենաշնորհը: Արեւելքում դիվանագիտական հաղորդակցությունն ունեցել է բավականին բարդ եւ որոշակի ձեւ: Կնքվել են համապատասխան երկկողմ եւ բազմակողմ պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք ժամանակակից դիվանագիտական փաստաթղթերի համեմատությամբ չեն կորցրել իրենց թարմությունն ու որոշակի ընդհանրությունները:
Դիվանագիտական արվեստը՝ ընդհանրապես, եւ դիվանագիտական հաղորդակցությունը` մասնավորապես մեծ զարգացում ապրեցին ու նոր մակարդակի բարձրացան անտիկ պետությունների՝ Հունաստանի եւ Հռոմի օրոք: Այդ ստրկատիրական քաղաք-պետությունների` պոլիսների արտաքին քաղաքականությունը ուղղված էր տարածքների ընդարձակման, շուկաների նվաճման եւ ստրուկների գերեվարման նպատակին: Այս պայքարը ռազմական արվեստին զուգընթաց պահանջում էր նաեւ դիվանագիտական աշխատանք` բանակցություններ, դաշինքների եւ միությունների կազմում, միասնական ռազմա-քաղաքական գործողությունների պլանավորում եւ իրագործում:
Հունաստանի այնպիսի ակնառու դեմքեր, ինչպիսիք էին` Ֆեմիստոկլը, Պերիկլեսը, Ֆիլիպ Մակեդոնացին, որոնք պայքարում էին սկզբում` Հուանաստանի միավորման, իսկ հետո՝ նրա ընդարձակման համար, ղեկավարում էին ինչպես ռազմական գործողությունները, այնպես էլ բանակցային գործընթացները` ցուցաբերելով դիվանագիտական արվեստի փայլուն իմացություն եւ հմտություններ: Հույները հատկապես առաջացան դիվանագիտական ծառայության մեջ: Որքան տեղին կլիներ, եթե Հայաստանի դիվանագիտության ղեկավարները հիշեին, օրինակ, որ Հունական պետություններում` Աթենքում, Սպարտայում, Կարինֆում եւ մյուսներում դեսպանները ոչ թե նշանակվում, այլ ընտրվում էին Ժողովրդական ժողովի կողմից: Այդ դեսպանները պետք է լինեին ճանաչված, հարգված, պատկառելի, ունեւոր քաղաքացիներ եւ, որպես կանոն` 50-ից ոչ երիտասարդ: «Ավագանի» հասկացողությունը, հավանաբար, սկիզբ է առնում այս պրակտիկայից: Անտիկ աշխարհում մարդիկ հասկացել էին, որ անգամ ֆիզիոլոգիական առումով դեսպանը պետք է լինի հասուն ու փորձառու անձնավորություն: Ուշագրավ է հին հունական դիվանագիտության մեկ ուրիշ առանձնահատկություն եւս: Դեսպանները, որոնք հիմնականում ոչ թե նստավայր ունեցող դիվանագետներ էին, այլ պատվիրակության ղեկավարներ, պատգամաբերներ կամ ներկայումս գործող հատուկ հանձնարարություններով դեսպանների կարգի ներկայացուցիչներ, առաջնորդվում էին ավագանու կազմած հրահանգներով, որոնք գրանցված էին լինում երկտակ սալիկների` դիվանագիտական հավատարմագրերի վրա: Հունարեն դրանք կոչվում էին «Դիպլոմա»: Այստեղից էլ բոլոր լեզուներում ընդունված «Դիպլոմատիա» եւ «Դիպլոմատ» բառերը: (Հայերենում «Դիվանագիտություն» եւ «Դիվանագետ» արտահայտությունների հիմքում, ըստ երեւույթին, ընկած է «դիվան» բառը): Սակայն այդ հրահանգների կողքին դեսպանն իրավունք ուներ իր գործառույթներում հանդես բերել սեփական նախաձեռնություն, ինչը հանդիսանում էր հունական դեմոկրատիայի եւս մեկ դրսեւորում: Սակայն Հին հունական դիվանագիտության կարեւոր ձեռքբերում կարելի է համարել դիվանագիտական ծառայության թափանցիկությունը եւ դրա կիրառման մեխանիզմը: Հունական դեսպանները յուրաքանչյուր առաքելությունից հետո հաշվետվությամբ հանդես էին գալիս Ազգային ժողովի առաջ: Ամենավերջին քաղաքացուն անգամ այստեղ իրավունք էր վերապահված հարցեր ուղղել դեսպաններին: Եվ եթե դեսպանների գործերում ի հայտ էին գալիս լուրջ պարտազանցություններ եւ կամ ֆինանսական խախտումներ, դրանք դառնում էին միջնորդական հանձնաժողովի քննության առարկա, որի պատժամիջոցները կարող էին լինել՝ սկսած ֆինանսականից, վերջացրած ֆիզիկականով: Նման պրակտիկա կիրառվում էր նաեւ Հռոմի Սենատում: Նշենք, որ վերջինիս դիվանագիտական արվեստն իր գագաթնակետին հասավ հանրապետության վերջին երկու տարում եւ Կայսրության առաջին երկու հարյուրամյակում: Այդ շրջանում հռոմեական պետությունը վերածվում է կենտրոնացված կուռ մի կառուցվածքի, որի դիվանագիտությունն ուներ երկու խնդիր. համաշխարհային տերության ստեղծում եւ հարեւան տերություններից սահմանների պաշտպանվածություն: Արեւելքում Պարթեւստանի հզորացման հետեւանքով հռոմեական դիվանագիտությունը ստիպված է լինում դիմելու մանեւրների եւ գաղտնի դիվանագիտության մեթոդների` լայնորեն կիրառելով «Բաժանիր եւ տիրիր» (divide et impera, լատ.) սկզբունքը, ինչը հետագայում դարձավ անգլիական արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկը: Պատահական չեն ասված Հանիբալի խոսքերը, թե «Հռոմի հզորությունը կայանում է ոչ նրա ռազմական ուժի, այլ թշնամիներին բաժանելու ունակության մեջ»: Կայսերական նկրտումների ուժեղացումը չէր կարող իր կնիքը չդնել հռոմեական դիվանագիտական արվեստի վրա, որը սկսեց աստիճանաբար հեռանալ դեմոկրատական ակունքներից, թուլացավ Սենատի դերը դեսպանների նշանակման եւ նրանց գործունեության հաշվետվության հարցում՝ դրանք ամբողջովին թողնելով կեսարների իրավասությանը: Հռոմի դիվանագիտությանը տարբերում էր իր խորամանկությունը, բարդ, նուրբ մշակված ձեւերն ու մեթոդները: Օտար եւ հայրենական պատմագրության մեջ հատուկ տեղ է գրավում 66 թ. Հռոմում Ներոնի ձեռքից Տրդատ Ա-ի Մեծ Հայքի թագը ստանալու արարողության նկարագրությունը: Նշվում է, որ Տրդատի «գործուղումը» ընտանիքի եւ շքախմբի ուղեկցությամբ, որոնց թիվը կազմում էր 3000 մարդ, տեւեց ինը ամիս եւ հռոմեական գանձարանի վրա յուրաքանչյուր օր նստեց 300.000 դրամ կամ 200.000 ոսկի ֆրանկ եւ իր ճոխությամբ ապշեցրեց շփացած պատրիկներին եւ պլեբեյներին: Անշուշտ, այդ ամենը Տրդատի գեղեցիկ աչքերի համար չէր արվում: Ներոնը լրջորեն վախենում էր վերջնականապես կորցնել Հայաստանը: Հարցի քաղաքական էությունը կայանում էր նրանում, որ այն ժամանակվա երկու մրցակից գերտերությունների` Հռոմի եւ Պարթեւստանի միջեւ ընկած Հայաստանը` Մեծ Հայքի թագավորությունը, իր տարածքի ընդարձակությամբ (310.000 քառակուսի կիլոմետր) եւ քաղաքական կշռով հին աշխարհի երրորդ պետությունն էր, որը նրանց` այդ գերտերություններին հարկադրում էր հաշվի նստել իր շահերի եւ հետաքրքրությունների հետ: Մինչ Հռոմը եւ Պարթեւստանը տեւական ընդհարումների ենթատեքստում ճգնում էին իրենց կողմը գրավել Մեծ Հայքը, որը, գտնվելով նրանց ռազմական գործողությունների մերձեփրատյան թեւում, հավասարազոր ռազմաստրատեգիական նշանակություն ուներ թե՛ մեկի, թե՛ մյուսի համար: Մեծ Հայքը ցուցաբերում էր դիվանագիտական ճկունություն երկու հսկաների մեջ մանեւրելու արվեստում: Այնպես որ, վերը նշված արարողակարգային գլուխգործոցը բոլոր դեպքերում մեծ մինուսով կոմպրոմիս` փոխզիջում էր Հռոմի համար: Արդյունքում՝ Հռոմեական բանակը դուրս բերվեց Հայաստանից, եւ երկիրը փաստորեն լիակատար անկախություն ձեռք բերեց: Հայաստանում վերջնականապես հաստատվեց Արշակունիների իշխանությունը: Արեւելքում սկսվեց լիակատար խաղաղության մի տեւական շրջան:
Շարունակելի