Իշխանություն, տե՞ր ես

11/09/2009

«Ժառանգություն» կուսակցության շուրջ ծավալված խմորումները բնականաբար շարունակվում են` ամեն օր նոր հարցադրումներ առաջացնելով: Թեեւ այն իրադարձություններից հետո, որոնք տեղի ունեցան նախորդ երկու օրերին ու հատկապես գիշերներին, «Ժառանգությանը» միայն պայմանականորեն կարելի է կուսակցություն անվանել: Թեեւ «Ժառանգությունից» հեռացված գործիչներն ու շարքային անդամները դեռ ինչ-որ քայլեր են անում (մասնավորապես ցանկանում են արտահերթ համագումար հրավիրել) կուսակցությունը փրկելու համար, սակայն ակնհայտ է, որ որպես քաղաքականության մեջ որոշակի դերակատարում ունեցող միավոր, կուսակցության «գրասենյակն այլեւս փակվեց»: Իսկ արդեն մի քանի օր քննարկվող հիմնական հարցն այն է, թե ի վերջո ով պառակտեց կամ վերացրեց «Ժառանգությունը». իշխանություննե՞րը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ երկուսը համատեղ: Ընդ որում, քանի դեռ ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ պարզաբանում չի տվել սեփական կուսակցությունում (գուցե արդեն նախկին) կատարվողի մասին, նրա անունը շարունակելու է հոլովվել «Ժառանգության» շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ: Առավել եւս, որ արդեն տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե Ր. Հովհաննիսյանն ինքն է նախաձեռնել այս գործընթացը: Ըստ այդ լուրերի, դեռեւս մեկուկես ամիս առաջ Ր. Հովհաննիսյանը կուսակցության ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Այլեւս ֆինանսավորում չունենք, եւ դուք ձեր գլխի ճարը տեսեք»: Համենայնդեպս, «Ժառանգության» արդեն նախկին անդամ Զ. Թադեւոսյանը հաստատել է, որ Հովհաննիսյանը նման հայտարարություն է արել (թե ինչու Թադեւոսյանն այդ մասին չի բարձրաձայնել, դժվար է ասել): Փաստորեն, կուսակցությունում մնացած անդամները` Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, հետեւել են իրենց առաջնորդի հորդորին` եւ գլուխների ճարը տեսել են: Առաջիկայում պարզ կդառնա` ճարը եղել է միանվա՞գ, թե՞ երկարաժամկետ կտրվածքով: Մնում է, որ գոնե իշխանությունները հետեւեն Հովհաննիսյանի ժամկետանց կոչին, եւ տեր կանգնեն երիտասարդ ճարահատյալներին: