«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն օրեր առաջ հայտարարել էր, թե ՀԱԿ-ը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրների հետ կապված որեւէ տարաձայնություն չեն ունեցել, չունեն ու չեն ունենալու, եւ որ, ընդհանուր առմամբ, մի ուժը մյուսի օրգանական շարունակությունն է: Նաեւ հավելել էր. «Վերջում այնպես չստացվի, որ Սերժ Սարգսյանը «դե յուրե» լինի նախագահ, իսկ ՀԱԿ-ից մեկը լինի վարչապետ»: «Որքանո՞վ է հնարավոր Ա. Կարապետյանի մատնանշած այս տարբերակը» հարցին երեկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանել է. «Իսկ ի՞նչ է, մենք հո չե՞նք ուզում անպայման արյունահեղության կամ առճակատման գնով հասնել որեւէ բանի: Հակառակը` էվոլյուցիոն, դեմոկրատական պրոցեսը շատ ավելի գերադասելի է»: Լ. Զուրաբյանը նաեւ հավելել է, թե մինչ այդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք քայլերի շղթա պետք է իրականացնի: