Եվրամիությունը Հարավային Կովկասի երեք երկրների համար նոր մարտավարություն է մշակում: Սեպտեմբերի 14-ին Բրյուսելում հերթական անգամ հավաքվող ԵՄ երկրների ԱԳ նախարարները ծրագրում են քննարկել այդ հարցը` ինչպե՞ս ձեռք մեկնել տարածաշրջանի երեք երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին: Ըստ «Ազատության»` ապագայում կյանքի կոչվելիք այդ սկզբունքները հուշում են, որ Վրաստանը այդ նոր ծրագրով զրկվում է տարածաշրջանում ունեցած առաջատար կարգավիճակից: ԵՄ-ի պաշտոնյաները կարծում են, որ ԵՄ-ում ներկայումս նախագահող Շվեդիան պետք է մանրակրկիտ մի փաստաթուղթ մշակի, որտեղ կնշվեն Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին վերաբերող` ԵՄ բոլոր նպատակները, քանի որ Հարավային Կովկասին վերաբերող 2 նախորդ ծրագրերն էլ` թե՛ Եվրոպական հարեւանության եւ թե՛ Արեւելյան գործընկերության, նրանց կարծիքով, չեն կարողացել պատասխանել հարցին` ի վերջո, ի՞նչ քաղաքականությամբ առաջնորդվել Կովկասում: Հարավային Կովկասի տարածաշրջանում եվրոպական այդ նոր ռազմավարության մասին «Ազատությանը» հաջողվել է պարզել, որ նոր ծրագրում ներառված սկզբունքները չեն տարբերվի եվրոպական արդեն իսկ գործող քաղաքականությունից: ԵՄ հիմնական նպատակը կշարունակի մնալ նույնը. որքան հնարավոր է` իր օրենսդրությանը մոտեցնել երեք երկրների օրենսդրությունները: ԵՄ-ն ընդունում է, որ Հարավային Կովկասը իր համար կարեւորություն է ձեռք բերում նաեւ տարածաշրջանային կայունության, էներգետիկ եւ առեւտրի ոլորտներում: Բոլոր երեք երկրներին այս առումով կառաջարկվի ընկերային համաձայնագիր կնքել Եվրոպայի հետ, որը ՀՀ-ի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար կենթադրի առեւտրի, նաեւ վիզային ռեժիմի ազատականացում, սակայն ԵՄ անդամակցություն, ինչպես եւ նախկինում, երեք երկրներին չի առաջարկվի: Եթե երկրները շահագրգռված են համագործակցությամբ, ապա, եվրոպացի պաշտոնյաների հավաստմամբ, նրանց կտրվի այդ հնարավորությունը, եւ նրանցից յուրաքանչյուրի առաջընթացը պայմանավորված կլինի ցուցադրած արդյունքներով: Բայց 3 երկրները մեկը մյուսին առաջ շարժվելու համար չեն կարող խոչընդոտել այս ծրագրով: Ծրագրի նորությունը նաեւ այն է, որ Եվրամիությունը վերադառնում է տարածաշրջանային մոտեցման, այսինքն` այն առաջարկները, որոնք կներկայացվեն, երեք երկրների համար էլ նույնը կլինեն: Սա, ըստ էության, նշանակում է, որ վերջ կտրվի տարածաշրջանում Ուկրաինայի կարգավիճակին հավասարվելու` Վրաստանի հավակնություններին. Վրաստանը Եվրամիությունից սպասվող նոր առաջարկների ժամանակ ՀՀ-ի եւ Ադրբեջանի հետ միեւնույն դիրքում կհայտնվի: