Խարբերդի մասնագիտացված մանկատուն տանող ճանապարհը նույնն է, ինչ դեպի եկեղեցի տանող ճանապարհը: Երկու դեպքում էլ զգացողությունները խիստ անհասկանալի են, եւ ամենագլխավորը` որոշակի անհանգստությամբ ես ներշնչված: Տարբերությունը մեկն է` մի դեպքում չարանում ես իրականություն կոչվող կյանքի վրա, մարտահրավերներ նետում մարդկանց, իսկ մյուս դեպքում իրականության նկատմամբ պարզապես ընդունում ես հաշտ կեցվածք, շնորհակալ ես լինում այս կյանքի համար:
Երկաթե դարպասներից ներս
Մանկատան դռները յուրաքանչյուր հյուրի առջեւ, կարծես ներսի անդորրը չխանգարելու համար, բացվում են առանց ճռռոցի, անձայն: Բակում ծաղկանոցն է, նստարաններն ու քամին, որը հանգիստ օրորում է երեխաների երազներն ու սպասումները: Բակում տիրող մաքրությունը առկա է նաեւ շենքի ներսում: Սա իսկական մեծ տուն է, որի ամեն անկյունը կահավորված է խնամքով ու ջերմությամբ: Շենքի պատերին փակցված են երեխաների լուսանկարները, որոնք, կարծես, ամեն մի այցելուի պատմում են իրենց երազների ու կարոտի մասին: Լուսանկարներից յուրաքանչյուրն ունի իր վերնագիրը: Նույնիսկ «Մենք խաղում ենք» լուսանկարում զգում ես այն չասված բառերի ուրվագծերը, որոնք ամեն մի երեխայի մեջ թաքնվում են ինչ-որ հիվանդության տակ: «Այս մանկատունը մասնագիտացված մանկատուն է: Եվ ըստ մանկատան կանոնադրության` այստեղ ընդունվում են միայն խորը մտավոր խնդիրներ ունեցող երեխաները»,- նշում է մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը: Տնօրենը նաեւ նկատում է, որ երեխաներին մանկատուն են հանձնում հիմնականում ծնողները, որոնք ունեն իրենց պատճառաբանությունները: Ծնողներից շատերի համար երեխան լուրջ խոչընդոտ է համերգ կամ թատրոն գնալու համար, մյուսների համար հիվանդ երեխան պատվաբեր չէ ընտանիքի չամուսնացած աղջիկների համար, իսկ երրորդ պատճառը պայմանավորված է սոցիալական խնդիրներով: «Բոլոր երեխաները սպասում են իրենց ծնողներին, հարազատներին, որքան էլ մենք ուշադիր ենք լինում: Հաճախ ինձ հարցնում են, թե երբ է իր հայրը կամ մայրը իրեն տանելու: Այդ պահերին ես պարզապես չգիտեմ` ի՞նչ պատասխանել, որովհետեւ իրենք շատ շուտ են զգում, երբ իրենց խաբում են: Իհարկե, ամբողջ ճշմարտությունը չեմ ասում, բայց փնտրում եմ այնպիսի պատասխան, որ մոտ լինի ճշմարտությանը»,- ասում է Հարություն Բալասանյանը: Այսօր մանկատանն ապրում է շուրջ 272 երեխա: Նրանց համար մանկատան պայմանները պարզապես, կարելի է ասել, հիանալի են` կահավորված ննջասենյակներն ու խաղասենյակները, բուժարան-մեկուսարանը, սնունդը ու էլի շատ բաներ, բայց, այնուամենայնիվ, նրանց նյարդային ցնցումների, անվարժ քայլքի ու խոսքի մեջ էլ տեսնում ես տուն գնալու անզուսպ ցանկությունը: «Էստեղ լավ ա, էլի: Բոլորը լավն են, բայց ես իմ տունն եմ ուզում»,- ասում է մանկատան սաներից Համլետը` հրավիրելով մանկատան փոքրիկ արհեստանոցը:
Մանկատան շենքի «կարճ» ճանապարհով Համլետն ինձ ուղեկցում է այն սենյակը, որտեղ արդեն երկու տարի աշխատում է: Յուրաքանչյուր դռան առջեւ Համլետը լուռ մի կողմ է քաշվում ու առաջինը ինձ հրավիրում ներս: Աստիճաններին նկատում եմ, որ Համլետը վատ է զգում իր ոչ վարժ քայլքի համար, հետո հայացքը թաքցնում է իր անվարժ խոսքը շաղախելու համար: Այսպես հասնում ենք այն սենյակը, որտեղ ամեն օր վերանորոգվում են մեծ տան փոքր երեխաների կոշիկները: Համլետը մատնացույց է անում այն աթոռը, որտեղ ինքն է մշտապես նստում, հետո կապում է գոգնոցն ու մոտենում է սեղանին: «Առաջին անգամ կոշիկ սկսել եմ կարել երկու տարի առաջ: Հիշում եմ` դոշակ կարելու մեծ ասեղ էր: Շատ դժվար էր: Մատներս ծակում էր ասեղը, բայց հետո դրան սովորեցի»,- կոշիկն այս ու այն կողմ շրջելով` ասում է Համլետը: Այս կոշկակարանոցը տարբերվում է մյուսներից իր ոչ պաստառաշատ պատերով: «Ամենադժվարը կոշիկի տակը դնելն ա: Շատ դժվար եմ կարում: Հիմա քիչ-քիչ վարժվում եմ»,- շարունակում է տղան` հետեւելով ասեղի ու թելի ներդաշնակ խաղին: Ու այնպիսի տպավորություն է, թե Համլետի ձեռքում ասեղը վերածվել է դիրիժորական փայտիկի: Մի քանի ակորդից հետո Համլետը սկսում է անկեղծանալ: «Տարիներ առաջ ես սայլակի վրա էի: Ամբողջ օրը նստած էի լինում: Ու երբ նայում էի շուրջս ու տեսնում էի, թե մարդիկ ոնց են ակտիվ քայլում, մտածում էի` ես էլ կարող եմ: Սկսեցի շատ տխրել, երբ ինձ չէր հաջողվում կանգնել: Միակ բանը, որ ինձ ուժ էր տալիս, իմ ընտանիքն էր, որին ես համարյա չէի հիշում: Դե, երեք տարեկանում ինձ տարան Գյումրիի մանկատուն: Հետո բերեցին էստեղ: Միայն տարիներ առաջ տեսա մամայիս: Անունը Օֆելյա ա»,- արհեստանոցի պատուհաններից դուրս նայելով՝ պատմում է Համլետը` ավելի շատ ինքն իր հետ խոսելով: «Ինձ վիրահատեցին, ու սկսեցի քայլակով քայլել: Հիմա էլ, արդեն տեսնում եք, առանց քայլակի եմ: Լավ չեմ քայլում` գիտեմ: Բայց մի օր հաստատ լավ կքայլեմ: Ուզում եմ տուն գնալ: Շատ եմ կարոտում»,- այս անգամ Համլետի աչքերում այնպես զիլ փայլեց սեւը, որ հասկանում ես 18-ամյա տղայի հաստատակամությունը: «Հիմա եսքայլում եմ, չէ՞: Ու իմ ընկերներին էլ եմ ասում, որ ուզեն, կարող են քայլել: Ուղղակի պետք է պայքարել ու չուշանալ: Դե, երեւի իրենց համար հաճելի ա, երբ վիզները ծռած նայում են, թե ինչ ա կատարվում իրենց շուրջ»,- մոլեգնող բարկությամբ շարունակում է Համլետը: Հետո պատմում է այն մասին, որ գրքեր չի սիրում, խղճում է հարուստներին, ովքեր ազատ չեն ապրում, եւ դրա համար էլ նախընտրում է պարզապես կիսահարուստ լինել: «Ես շարունակելու եմ կոշիկ կարել: Ուզում եմ ինքս լավ կարեմ, որ երբ տուն գնամ, աշխատեմ, մամայիս պահեմ: Մամաս անցած տարի որ եկավ, ասաց, որ մենք տուն չունենք, ինքն էլ բարեկամների տանն ա մնում: Չէ, մենք տուն ունեինք: Ես Ղարաբաղում եմ ծնվել: Զույգ էինք: Հիմա էն մի ախպերս բանակում ա: Հա, մեր տունը փլվել ա պատերազմի ժամանակ: Էդպես ա մամաս ասում»,- դռան հանկարծակի բացվելուց ու վարպետ Արարատի ներս գալուց հետո Համլետը միանգամից ընդհատում է խոսքը ու ժպտալով նայում վարպետին: Քիչ անց երբ վերջինս դուրս է գալիս, Համլետը նկատում է. «Էնքան շատ եմ սիրում վարպետ Արոյին: Ես իրան ամեն ինչ պատմում եմ, երբ տխուր եմ լինում: Գիտես, ես շատ եմ սիրում մենակ մնալ: Լացել չեմ սիրում, բայց շատ եմ տխրում: Ու հետո գալիս եմ էստեղ: Հիմա եմ զգում` կոշիկն ու կյանքը նման են իրար»: