Ի՞նչ կմնա «Ժառանգության» ժառանգությունից

11/09/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Կարելի է փոքր-ինչ մեր իրականությանը համապատասխանեցնել մեծ դասականի միտքը, որ Հայաստանի բոլոր իշխանական կուսակցությունները երջանիկ են, ընդդիմադիր բոլոր կուսակցությունները դժբախտ են յուրովի: Դժբախտ են, որովհետեւ ի սկզբանե դատապարտված են պառակտման: Բավական է մի փոքր ետ նայել, եւ կտեսնենք, որ երբեւէ ընդդիմադիր գործունեություն ծավալած բոլոր կուսակցություններն այսօր Հայաստանում կա՛մ լուծարված են, կա՛մ լուսանցքում են: Քաղաքական դաշտում որպես իրական, գործող ընդդիմություն ընկալվող ուժերից մեկը` Հայ Ազգային կոնգրեսը, չի աշխատում իր հին ֆորմատով, այսինքն` նոր անվանումով մոռացության է տվել ՀՀՇ հապավումը, իսկ «Ժառանգությունը», որը երիտասարդ կուսակցություն է եւ առայժմ անցյալի հետ կապված խնդիրներ չունի այն պարզ պատճառով, որ դեռեւս չի ձեւավորվել այս կուսակցության անցյալը, արդեն պառակտման լուրջ խնդրի առաջ է:

«Ժառանգությունը» հիմնադրած Րաֆֆի Հովհաննիսյանի մասին կուսակցության երկու թեւերն էլ մինչ այս պահը խոսում են ընդգծված ակնածանքով: Անգամ Արմեն Մարտիրոսյանը ներկուսակցական այս խառնաշփոթին անտարբեր կուսակցության փաստացի ղեկավարի լռությունը ներկայացնում է այսպես` իբր, Րաֆֆի Հովհաննիսյանն այն խոշոր անհատն է, ում հետաքրքրում են զուտ գլոբալ, այսինքն` միջտիեզերական, ծայրահեղ դեպքում` համաշխարհային կամ տարածաշրջանային մակարդակի խնդիրներ, եւ ոչ մի պարագայում՝ իր կուսակցության ներսում տիրող անկանոն վիճակը: Անձի նման պաշտամունքի դրսեւորումները մեզ ծանոթ են գրեթե բոլոր կուսակցություններից:

Եթե «Ժառանգության» ներկայացուցիչներին հաճելի է Ր. Հովհաննիսյանի նման դիրքորոշումը, իրենց խնդիրն է: Ամենայն հավանականությամբ, պրն Հովհաննիսյանը կնախընտրի այս խնդրի մասին կարծիք չհայտնել` գործի դնելով Հայաստանից բացակայելու այնքան փորձված տարբերակը: Սակայն դա հարցի լուծում չէ, քանի որ պրն Հովհաննիսյանը լրջորեն մտադիր է մասնակցել ՀՀ հաջորդ նախագահական ընտրություններին: Եվ, պետք է ասել, ունի լուրջ հնարավորություններ, որոնք էլ, մեր դիտարկմամբ, փորձ է արվում չեզոքացնել արդեն հիմա:

Դասական հարցը տալուց հետո` ո՞ւմ է ձեռնտու «Ժառանգության» պառակտումը, կստանանք երկու պատասխան` ՀԱԿ-ին եւ իշխանություններին: «Ժառանգությունից» հեռացված անդամների մասին կուսակցության վարչության անդամները պարզ արտահայտվեցին` նրանք ՀԱԿ-ի կողմից «Ժառանգություն» ներմուծված մարդիկ են: Միգուցե, այս լուրն ինչ-որ իմաստով համապատասխանում է իրականությանը: Բավական էր տեսնել հեռուստախցիկների առաջ աշխուժորեն բջջայինով զրուցող Զոյա Թադեւոսյանին, ով հեռախոսազրույցների ընդմիջումներին հարցազրույցներ էր բաշխում ցանկացողներին: Նա հայտարարեց, որ իրեն ոչ միայն չի վիրավորում, այլ անգամ հաճելի է իր անձի մասին լսել «ՀԱԿ-ի ական» արտահայտությունը: Գաղափարական մարտիկի համար, որպիսին չէ Զ. Թադեւոսյանը, պիտի որ վիրավորական լիներ որեւէ այլ կուսակցության կամ շարժման ական համարվելը: Սակայն այս դեպքում խնդիրն ամենեւին «Ժառանգությունից» վտարված մարդիկ չեն, այլ այն պատճառները, որոնք կարող են պառակտել յուրաքանչյուր կուսակցություն, յուրաքանչյուր պահի:

Հարցը, որ թվում էր` պիտի միավորի հասարակությանը, անգամ կուսակցություններին, ունեցավ հակառակ ազդեցությունը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, սահմանների բացում: ՀԱԿ-ը ցանկանում է իշխանափոխություն, գտնում է, որ այս իշխանություններն արդեն «ծախել» են Ղարաբաղը, իսկ դրանից առաջ` նաեւ Ցեղասպանությունը, սակայն Ղարաբաղի խնդրի կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով այնքան էլ դեմ չէ իշխանությունների քաղաքականությանը: Դա պատճառ դարձավ, որ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի անձը որպես գործիք ծառայեցնելու կոչ անող Ժիրայր Սէֆիլյանը եւ «ոչ մի թիզ հող` թշնամուն» գաղափարի կողմնակիցները համարեին, որ ժամանակն է չօգտվել Տեր-Պետրոսյանի հեղինակությունից: Այսինքն` տեղի ունեցավ ՀԱԿ-ի թավշյա պառակտումը: Այս առումով պիտի որ ուժեղանար «Ժառանգության» կշիռը քաղաքական դաշտում: Հատկապես որ, Ժիրայր Սէֆիլյանի հետ նույն թիմում էր նաեւ Զարուհի Փոստանջյանը` «Ժառանգությունից», իսկ գաղափարական նման ընդհանրությունների դեպքում՝ նախագահական ընտրությունների ժամանակ «Միացում» նախաձեռնությունը, որի կազմում բազմաթիվ հետաքրքիր ու հարգարժան մարդիկ կան, պիտի որ աջակցեր արդեն «Ժառանգության», այլ ոչ թե ՀԱԿ-ի թեկնածուին:

Ի դեպ, տարբեր մեկնաբանությունների արժանացավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարումը պատգամավորի մանդատից: Անկեղծ լինելու դեպքում պետք է նշել, որ պարոն Հովհաննիսյանին այդ մանդատը ոչ թե օգնում, այլ խանգարում էր: ԱԺ նիստերին ներկա բոլոր լրագրողներն ամեն անգամ ֆիքսում էին, որ նա չի մասնակցում նիստերին, եւ հետաքրքրվում էին` ի վերջո, որտե՞ղ է Ր. Հովհաննիսյանը: Բացի այն, որ պարոն Հովհաննիսյանին այլեւս չեն ձանձրացնի եւ անհանգստացնի այս տաղտուկ հարցով, նա նաեւ հնարավորություն կունենա հեղինակավոր համարվող ԱԺ ամբիոնից դիրքորոշում չհայտնել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ավելի՛ն, եթե գա ժամանակը, երբ երկու երկրների խորհրդարանները ստիպված լինեն վավերացնել հայտնի համաձայնագրերը, զգուշավոր Ր. Հովհաննիսյանի ստորագրությունն այդտեղ չի լինի: Իսկ դա նախագահական ընտրությունների ժամանակ նրա առավելություններից հերթականը կլինի: Եվ տարիներ անց Գալուստ Սահակյանը, որ կլինի այս խորհրդարանի արդեն «թոշակառու» պատգամավորներից մեկը, առիթ չի ունենա երիտասարդ լրագրողներին ասել, թե տարիներ առաջ Ր. Հովհաննիսյանն այսպես ու այսպես: Թեեւ արժե նկատել, որ եթե Ր. Հովհաննիսյանն իրեն համարի վեր իր իսկ հիմնադրած կուսակցության ներսում տիրող իրավիճակի մասին կարծիք հայտնելուց, եթե նա խուսափի կոնկրետ եւ առանց իրեն հատուկ պաթոսի վերաբերմունք հայտնել հայ-թուրքական հարաբերությունների մասին, կկորցնի վստահության մեծ տոկոս:

Չհանդուրժելով միմյանց ներկայությունը քաղաքական նույն դաշտում, ընդդիմադիր ուժերն իրենց էներգիան ուղղում են ոչ թե իշխանությունների դեմ, այլ միմյանց ոչնչացնելու վրա: Դրա հետեւանքն այն է, ինչ տեսնում ենք յուրաքանչյուր ընտրությունների ընթացքում եւ հետո: Կհաջողվի՞ ՀԱԿ-ին չեզոքացնել «Ժառանգությանը», թե՞ ոչ, էական չէ այնքանով, որ դրանից, միեւնույն է` կշահի միայն իշխանությունը: Կկարողանա՞ «Ժառանգությունը»` իր անդամներով, վեր կանգնել Ր. Հովհաննիսյանին կուրորեն պաշտելու` արդեն արխաիկ մոդելից, եւ պահանջել, որ կուսակցության ղեկավարը տարվա լավագույն կեսն անցկացնի ոչ թե Միացյալ Նահանգներում` առիթ տալով, որ նրա հասցեին հնչեն ամեն կարգի մեղադրանքներ, այլ Հայաստանում, որի նախագահը հավակնում է դառնալ տակավին մի քանի տարուց: