Կրթական ոլորտի պատասխանատուների որոշմամբ` արդեն 2 տարի է, 9-10 տարեկան երեխաները պարտավոր են հայրենիքը որպես գիտություն ընկալել, քանի որ մեր կրթական նորագույն համակարգի «ձեռքբերումներից» մեկը դարձել է «Հայրենագիտություն» առարկան: Եվ այդ «գիտությունը» նախատեսվում է ուսուցանել 5-րդ դասարանում: Նման նախադեպեր աշխարհը դեռ չէր տեսել:
Սովորաբար հայրենիքի մասին երեխան պատկերացում պիտի կազմի պատմական դրվագների, գրական ստեղծագործությունների, աշխարհագրական փաստերի կամ մշակույթի ուսումնասիրության միջոցով: Սակայն այդ ամենը հիմա նրանց առաջարկվում է, այսպես ասած` մեկ փաթեթով, որպեսզի կասկած անգամ չլինի, որ հայրենիքը գիտություն է: Ընդ որում, պետք է հստակեցվի նաեւ, ինչո՞ւ է այդ առարկան կոչվում «հայրենագիտություն», եթե այնտեղ ներկայացված են միայն Հայաստանին առնչվող փաստերը: Եթե միայն Հայաստան է, ապա այն պետք է «հայաստանագիտություն» կոչվի, այլապես անհասկանալի է դառնում «հայրենիք» տերմինի գործածումը:
Սակայն այդ տերմինի ճշգրիտ օգտագործումը բնավ էլ չի հետաքրքրել դասագիրք պատվիրողներին ու ստեղծողներին, նրանք որոշել են, որ կարելի է ամեն ինչն իրար խառնել ու մի կաթսայում «եփել» բանակը, ազգային տարազը, Սարյանին եւ Արշիլ Գորկուն (՞), Պարույր Սեւակին ու մայրենի լեզուն, Աշտարակի ձորի գեղատեսիլ վայրերն ու Նժդեհին, թագավորներին ու վերջին տարիներին օլիմպիական չեմպիոն դարձած շախմատիստներին եւ, իհարկե, այդ կերակուրը մատուցել «ծովից ծով Հայաստան» սոուսի տակ: Գիտականորեն դիտարկելով «հայրենիք» բառը` սույն առարկան ներմուծողներն ու դասագիրք ստեղծողները համոզված են, որ այդպես իրենք կկարողանան անկախ Հայաստանի ապագա քաղաքացիներ դաստիարակել: Դասագիրքը թերթող յուրաքանչյուր մարդ միայն մի եզրակացության է հանգում. ըստ պետական դպրոցի` ապագա քաղաքացիները պետք է առավել ողորմելի ու խոցելի վիճակում լինեն, քան հիմա են: Եթե մարդ արարածի ուժը նրա իրատես լինելու մեջ է, ապա այդ առարկան ճիշտ հակառակն է հուշում` երեխաներին սուզելով մշուշոտ պատրանքների մի աշխարհ, որը ոչ մի կապ չունի իրականության հետ եւ միայն հիմարացնում է նրանց: Դասագիրքը ստեղծում է վերացական մի կույտ, որտեղ շախմատիստները սխրանք են գործում Վարդան Մամիկոնյանի նման, Մարտիրոս Սարյանը նկարելով` «հայրենանվեր» գործ է անում, իսկ շանսոնյե Շառլ Ազնավուրը ներկայացվում է որպես «յուրաքանչյուր հայ մարդու հարազատ» (ինչո՞ւ միայն հայ` չի նշվում): Պարզվում է` նույնիսկ ամերիկացի սյուրռեալիստ Արշիլ Գորկին էր նկարում «ներթափանցված լինելով հայկական ոգով» (ո՞րն է հայկական ոգին եւ ո՞րը՝ ամերիկյանը` դասագիրքը չի պարզաբանում): Երեխաներին առաջարկվում է հպարտանալ ամեն հայ բանով` սկսած Մեսրոպ Մաշտոցից, ազգային ճաշատեսակ հռչակած խաշից, վերջացրած Երրորդ Հանրապետության ժամանակավոր դժվարություններով` «հովհարային անջատումներով», «ոգեղեն ուժով տարածաշրջանում հզորագույնը դարձած ՀՀ բանակով» ու «վարդագույն քարե ծաղիկ քաղաքամայր Երեւանով»: Հիշատակվում են Զվարթնոցը (հետո էլ՝ տասնյակ այլ տաճարներն ու վանքերը), Արագածի «ձյունափայլ գագաթները» (հետո էլ՝ բոլոր այլ ձյունափայլ հայոց լեռները), «ազգապահպան գանձ ու սրբության սրբոց մայրենի լեզուն» ու տարբեր զորավարներն ու հրամանատարները (վերջինն այս շարքում, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն է) ու այս ամենը ներկայացվում է՝ որպես գիտություն:
Շիլաշփոթն այնքան է խտացվում, որ արդեն շունչ քաշելու վայրկյան չի մնում: Դասագրքի հեղինակներն արագ-արագ բառակույտ-աղբակույտեր են շարում, օգտագործելով բառեր, որոնք վաղուց արդեն արժեզրկվել ու կորցրել են իրենց իմաստը` «ազգի օջախ», «անշեջ օրրան», «հայրենի տուն», «հայկազունների բազկի ամրությամբ ձեռք բերած սրբություն», «բոցկլտացող հայրենասիրություն»: Հարց է ծագում` միգուցե հայրենասիրությունը ոչ թե բոցավառվում է, այլ հանդարտ ու լո՞ւռ է վառվում: Ոչ, իհարկե, հայրենասիրությունն, ըստ դասագրքի` միայն բոցավառ է լինում: Եվ սա զուտ հայկական երեւույթ է, կարծես այլազգիները հայրենասեր լինելու իրավունք չունեն: Ինչպես չունեն նաեւ՝ լեզու, խոհանոց կամ տարազ: Կարդում ենք. «Հայկական տարազը հայ ժողովրդի տարբերակիչ գծերից մեկն է»: Բոլոր ազգերի համար էլ տարազը տարբերակիչ գիծ է եղել, ինչպես լեզուն, մշակույթն ու ճարտարապետությունը: Ինչո՞ւ ենք մենք «սեղմում» մեր երեխաների ուղեղները` նրանց անընդհատ «հայ» բառն էքսկլյուզիվ եղանակով մատուցելով: Գրքից, համենայնդեպս, հասկանալի է դառնում, որ միայն հայերն են հասկացել գորգագործության գաղտնիքները եւ միայն հայերն են կարողացել հայրենիքի համար «արյուն թափել»: Ուղեղների նման շրջափակումն առանց այդ էլ ամենուրեք նկատվում է, հիմա էլ դա արվում է նոր գիտության միջոցով եւ սարսափազդու բառապաշարով: Կարծես ամեն գնով ուզում ենք մեր երեխաներին մտավոր հաշմանդամներ դարձնել: Կարդում ենք. «Դեպի ապագան գնացող հայության հայրենաբաղձ առաքելությունն է` ամբողջական հայրենիքի գաղափարով Հայաստան երկրի միասնության վերականգնումը եւ շենացումը»: Եվ եթե երեխան փորձի իրականում հասկանալ այս նախադասության իմաստը, նա հաստատ կխելագարվի, քանի որ ստացվում է, որ նա Հայաստանում չի ապրում: Կամ էլ` նրա ապրած տարածքը դեռ Հայաստան չի կոչվում:
Ահա ոչ միայն ամենավերամբարձ, այլեւ` ամենավտանգավոր ձեւակերպումը. «Ճշմարիտ հայորդին երբեք չի մտածի, թե Արարատ-Մասիսը, .. Վանը, Մուշը, Սասունը սահմանից այն կողմ են, քանզի քաղաքական (՞) սահմանից վեր է հայրենի եզրերի հոգեւոր գիտակցումը»: Ստացվում է, որ քաղաքական քարտեզին լավ ծանոթ երեխան` այսուհետ պետք է ընկալի, որ Հայաստանի Հանրապետություն պարզապես գոյություն չունի, որ իրեն տարիներ շարունակ խաբել են: Եվ իրականում չկան ՀՀ նախագահը, սահմանները, օրենքները, սահմանադրությունը, փոխարենը կա «Հայոց աշխարհ» վերացական ու վիրտուալ մշուշոտ մի բան: Երբ այդ նույն միտքը ռոմանտիկ ենթատեքստում առաջ էր մղում ՀՀ վարչապետը, կարելի էր ենթադրել, որ այն հասցեագրված լինելով մեծահասակներին` ամեն դեպքում ճիշտ կընկալվի, իսկ երեխաներին այն ուղղակի մոլորեցնում է: «Մա՛մ, իսկ ի՞նչ է հոգեւոր եզրի գիտակցումը: Եթե ես գիտակցում եմ, կարո՞ղ եմ Արարատը բարձրանալ» հարցին կարող է պատասխանել միայն իր երեխային բանի տեղ չդնող ու լիակատար մոլորության մեջ հայտնված ծնողը: Օրինակ` այսպես (նմանակելով Ս.Կապուտիկյանի ոճը, որն առատորեն կիրառվում է գրքում). «Որդիս, դու կարող ես մտքով գնալ ուր ուզում ես, իսկ իրականում չես կարող»: «Ինչո՞ւ չեմ կարող» հարցն արդեն ավելի լայն դաշտ է բացում երեւակայության համար: Կարելի է պատասխանել այսպես. «Որովհետեւ դու դեռ չես ապրում, այ, երբ մենք միասնական Հայաստան կունենանք, դու կապրես, բալես, իսկ հիմա սուս արա ու դասդ սովորիր»:
Կարդում ենք մեկ այլ հատված. «Արցախ աշխարհը հայրենիքի անբաժան մասն է», ու փորձում ենք պատասխանել երեխաների հարցին` ուրեմն Արցախը անկա՞խ չի ու նախագահ չունի՞: Պատասխանում ենք. «Անկախ է, ունի, բայց մաս է»: «Այդպես լինո՞ւմ է»: «Մեզ մոտ ամեն ինչ էլ լինում է»:
Գնա, բալիկ ջան, ու լուծիր ՀՀ Կրթության նախարարության առաջարկած այդ ռեբուսը: Լինելով հայրենասեր իրատես, սույն դասագրքի հեղինակները պետք է նկատած լինեին, որ հիմա երեխաներն արդեն 21-րդ դարում են ապրում, անգլերեն տառերով sms-ներ են իրար գրում, փորփրում են ինտերնետը, ինֆորմացիա են «քաշում», դիտարկում ու հետեւություններ են անում եւ շատ լավ տեսնում են, թե ինչպես են միասնականորեն ապրում ՀՀ քաղաքացիները: Հատուկ նրանց է ուղղված այս վիրտուալ բացեիբաց սպառնալիքը. «Սիրելի երեխաներ, եթե դուք հայրենապաշտ ու հայրենաճանաչ չլինեք, հարցախույզ միտք չունենաք, օտար հողմերը կպոկեն ձեզ ձեր հայրենի հողից»:
Ի դեպ` այդ օտար հողմերը պոկում են «հայրենիքի թելերը» հենց այն պահին, երբ երեխաները հարցախույզ են լինում: Այն վայրկյանին, երբ երեխան ինքն իրեն շատ բնական հարցեր է տալիս, նա պոկվում է բոլոր տեսակի «հողմերից»: Ցանկացած երեխա կարող է ասել, որ դասագրքի կարգախոսը` «Բոլոր հայերի համար հայրենիքը մեկն է` Հայաստանը», սուտ է: Հայաստան չկա, կա Հայաստանի Հանրապետություն, եւ ոչ բոլոր հայերն են ՀՀ քաղաքացիներ: («Եթե բոլոր հայերի հայրենիքը Հայաստանն է, ինչո՞ւ է մեր բարեկամ Գրիգորը ամերիկացի: Հողմե՞րն են նրան պոկել»):
Անհույս ու անհեթեթ «Հայրենագիտություն» կոչվող առարկան, կարծես, խաղում է մանկական բանականության հետ: Եվ եթե երեխան, իրոք, համարձակություն է ունենում ի հեճուկս բոլոր պետական ծրագրերի` ասել. «Չեմ հասկանում» կամ «Համաձայն չեմ», ուրեմն պետք է դեն շպրտի այդ գիրքն ու ծիծաղելով բոլոր տեսակի «հայրենաբաղձ» կույտերի վրա, գնա բակ խաղալու կամ էլ նստացույց-բողոք կազմակերպի ԿԳ նախարարության շենքի մոտ: Այնպիսի տպավորություն է, որ լավագույն ելքը երեխաներին հենց 9 տարեկանից սկսած բողոքելու նախապատրաստելն է: Իսկ բողոքելն ավելի լավ է, քան սուսուփուս այդ դասագիրքը կարդալը: