Ադրբեջանցիները` Հայաստանում

10/09/2009

Երեքշաբթի երեկոյան Երեւան է ժամանել Ադրբեջանի ձյուդոյի հավաքականը, որը պետք է սեպտեմբերի 11-ին մասնակցի մեկնարկող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել են, որ ադրբեջանական մարզական պատվիրակությունը բաղկացած է 15 հոգուց. «5 մասնակից, 3 մարզիչ, 2 բժիշկ, 2 լրագրող, 1 մրցավար եւ 2 ղեկավար»: Պատվիրակությունը տեղավորվել է Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում: Նրանց անվտանգությունն ապահովվում է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի եւ Հայաստանի սպորտի նախարարների միջեւ համաձայնագիր էր ստորագրվել, որով հայկական կողմը երաշխավորում է ադրբեջանական մարզիկների անվտանգությունը Երեւանում, ինչպես նաեւ պարտավորվում է ապահովել նրանց մարզումների համար նորմալ պայմաններ: Հայկական կողմը նաեւ երաշխավորում է այլ պետությունների դրոշների շարքում ադրբեջանական դրոշի առկայությունը, ադրբեջանական ձյուդոիստների հաղթանակի դեպքում` Ադրբեջանի օրհներգի կատարման ու պետական դրոշի բարձրացման հնարավորությունը: Ըստ նույն համաձայնագրի, Ադրբեջանի մարզական եւ քաղաքական իշխանությունները պարտավորվում են մասնակցել Երեւանում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը տղամարդկանց եւ կանանց թիմերով, մրցման ժամանակ չցուցադրել երկրների միջեւ թշնամանք: Ի դեպ, ԽՍՀՄ փլուզումից հետո սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի պատվիրակությունը Երեւանում մասնակցում է մարզական միջոցառման: