«Ես չեմ բացառում, որ առաջիկայում մենք կարող ենք որոշակի քայլեր ձեռնարկել ձեր գոնե հինգ օկուպացված շրջանները ազատագրելու համար եւ ձեզ հստակ երաշխիքներ տալ, որ Ռուսաստանը երբեք չի ճանաչի Ղարաբաղը»,- երեկ ադրբեջանական գործակալություններից մեկին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, ով հայտնի է որպես Կրեմլի հիմնական գաղափարախոսներից մեկը, ում կարծիքը հաշվի են առնում Դմիտրի Մեդվեդեւն ու Վլադիմիր Պուտինը: Ադրբեջանին նման աջակցություն հայտնելու մասին նա խոսել է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության կորստի համատեքստում: «Ռուսաստանը կարող է կորցնել Հարավային Կովկասը»,- ասել է Դուգինը, որպես դրա հիմնավորում մատնանշելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում եւ հայ-թուրքական հարաբերություններում ներկայումս ընթացող զարգացումները: «Վաշինգտոնը` հայ-թուրքական մերձեցման նախաձեռնությամբ Հայաստանին հանում է Մոսկվայի ազդեցությունից»,- նշել է կրեմլյան քաղաքագետը` հայտարարելով, որ այդ հեռանկարը կանխելու համար Ռուսաստանը պետք է հնարավորինս մերձենա Ադրբեջանի հետ: «Բոլոր դեպքերում Ադրբեջանը Կովկասի ամենախոշոր երկիրն է, եւ առանց նրա ամերիկացիները հազիվ թե կարողանան վերջնականապես հաստատվել տարածաշրջանում»,- ասել է Դուգինը, բնականաբար, բացասաբար գնահատելով նաեւ հայ-թուրքական հարաբերություններում արձանագրվող զարգացումները: «Վաշինգտոնյան ստրատեգները Թուրքիային ստիպելով բացել սահմանը, ցանկանում են Հայաստանին հանել ռուսական ազդեցությունից եւ միանձնյա հաստատվել տարածաշրջանում: Թեեւ մենք հայտարարությունների մակարդակում դրական ենք արձագանքում այդ մերձեցմանը, սակայն այդ մերձեցումը չի բխում մեր շահերից: Մյուս կողմից՝ այդ մերձեցմանը խոչընդոտելը վեր է մեր ուժերից»,- հայտարարել է ռուսական քաղաքականության վրա որոշակի ազդեցություն ունեցող քաղաքագետը: Նշենք, որ «հետաքրքիր զուգադիպությամբ»՝ երեկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը հայտարարել է, թե «Ադրբեջանը եւս պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը այն բանից հետո, երբ Երեւանը ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները»: Ինչեւէ: Ռուս քաղաքագետի ասածներին, իհարկե, կարելի է լուրջ չվերաբերվել, կարելի է նաեւ ասել, թե այս վերլուծաբանին ադրբեջանցիները գնել են (այդպիսի որակում հայկական ԶԼՄ-ները երեկ արդեն հասցրել են տալ): Սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվի: Մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը պատմության մեջ գրեթե բոլոր ճակատագրական պահերին ավանդաբար «քցել» է Հայաստանին, եւ այսօր էլ բացառել նման հնարավորությունը, նշանակում է՝ դասեր չքաղել պատմությունից: Ինչպես ընդունված է ասել, եւ ինչպես վարվում են հայերը` ավանդաբար: Այնպես որ, կարելի է նաեւ որոշակի լրջությամբ վերաբերվել որեւէ Դուգինի ասածներին, որը ոչ հեռու ապագայում կարող է դառնալ Հայաստանի նկատմամբ ռուսական քաղաքականության հիմնավորումը: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: