Երեկ, մեկնաբանելով Հայաստանում իրականացվող հակաճգնաժամային նախաձեռնությունները, Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Նինկե Օմեսը կառավարությանը կոչ է արել չկենտրոնանալ գերազանցապես շինարարության ոլորտի վրա եւ փորձել զարգացնել նաեւ տնտեսության այլ ճյուղեր: «Կարծում եմ, որ շատ կարեւոր է տնտեսության այլ ճյուղեր նույնպես զարգացնել, որովհետեւ վերջին մի քանի տարիներին հայաստանյան տնտեսությունը շատ ուժեղ կախում ուներ շինարարության ոլորտից»: Այնուամենայնիվ, Ն. Օմեսը արդարացված է համարում կիսավարտ շինություններն ավարտին հասցնելու նպատակով կառավարության ձեռնարկած միջոցառումները` կառուցապատողների համար պետական երաշխիքների տրամադրում, Ազգային հիպոթեքային հիմնադրամի ստեղծում, ներդրումներ Աղետի գոտում եւ այլն: «Կան եւ կային շատ շենք-շինություններ, որոնց կառուցումն արդեն սկսվել էր, բայց դեռ չէր ավարտվել: Կարծում եմ, որ պետք է ազդակ տրվեր, որպեսզի այդ շինությունների կառուցումը գոնե ավարտվեր»,- նշել է Ն. Օմեսը` հավելելով, որ մեծ կորուստներ կլինեին, եթե այդ շենք-շինությունները մնային անավարտ: Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսն այս տարի Հայաստանում գրանցված աննախադեպ` մինչեւ 18.5% տնտեսական անկման պատճառներից մեկը համարում է հենց այն հանգամանքը, որ երկրի ՀՆԱ-ում շինարարության ոլորտը հսկայական չափաբաժին է կազմում: «Եթե առաջին յոթ ամիսներին ՀՆԱ-ի անկումը կազմել է 18.5%, ապա 14.1%-ը պատկանում է շինարարության ոլորտին: Այսինքն` մոտ երկու երրորդը»,- ընդգծել է Ն. Օմեսը: