Երեկ հրապարակվել է Հայաստանի տնտեսության մասին հերթական միջազգային զեկույցը, որը հավասարաչափ օգտագործվելու է թե՛ իշխանության, թե՛ իշխանություններին քննադատողների կողմից։ Խոսքը վերաբերում է Համաշխարհային բանկի կողմից ամեն տարի հրապարակվող Գործարարություն (Doing Business) զեկույցին։
Հետազոտությունն անցկացվել է 2008թ. հունիսից մինչեւ 2009թ. մայիս ընկած ժամանակահատվածը։ Եվ պատահական չէ, որ «Գործարարություն 2010»-ի հեղինակներն այս անգամ հրապարակման համար խոսուն խորագիր են ընտրել՝ «Բարեփոխումներ դժվարին ժամանակներում»։ Նշենք, որ հետազոտությունը, ըստ ավանդույթի, վերլուծում է գործարարության շղթայի կանոնակարգերը 10 ոլորտներում, այդ թվում` բիզնեսի բացում եւ գործունեություն, սահմանային առեւտուր, հարկերի վճարում ու բիզնեսի փակում: Ըստ գործարարությամբ զբաղվելու դյուրինության ինդեքսի` տնտեսությունները դասակարգվում են 1-ից 183-րդ տեղերում:
Միանգամից նշենք, որ գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ Հայաստանը բարելավել է իր տեղը. նախորդ տարվա 50-րդ տեղի փոխարեն այս անգամ զբաղեցրել է 43-րդ տեղը: Հենց այս լուրը ամենայն հավանականությամբ կդառնա պաշտոնական լրատվության մեխը։ Միգուցե այս թեման արծարծվի նաեւ կառավարության այսօրվա նիստում. ի վերջո՝ հո ամեն օր դրական զեկույցներ չե՞ն լինում։ Ինչպես սիրված ֆիլմի հերոսն էր ասում. «Շուրջդ այնքան գորշություն կա, որ երբ մի լուսավոր կետ ես տեսնում, ուզում ես շուրջը անվերջ պտտվել, պտտվել…»։ Եվ, բնական է, որ մի որոշ ժամանակ կպտտվեն։
Պտտման առանցքը կլինի այն, որ «Doing Business»-ի հեղինակները Հայաստանում առաջընթաց են արձանագրել դիտարկվող 10 ոլորտներից 3-ում՝ բիզնես սկսելը, վարկեր ստանալը (տեղեկատվություն), եւ սահմանային առեւտուրը:
Նոր բիզնես սկսելը դյուրին է դարձել` նվազագույն կապիտալի պահանջը եւ ոստիկանությունից ընկերության կնիք պատրաստելու համար հավանություն ստանալու անհրաժեշտությունը վերացնելու, ինչպես նաեւ գրանցման ձեւերը առցանց մատչելի դարձնելու շնորհիվ: Բարելավվել է վարկային տեղեկատվության մատչելիությունը` վարկային բյուրոների համար իրավական դաշտի ստեղծմամբ եւ վարկային տեղեկատվության հավաքագրումն ու վարկային հաշվետվությունների կազմումը կանոնակարգելով: Ինչ վերաբերում է սահմանային առեւտրին, ապա այն արագացել է շնորհիվ բանկային, տրանսպորտի եւ մաքսային միջնորդական ծառայությունների ոլորտներում մրցակցության խրախուսման, ինչպես նաեւ զննում պահանջող ապրանքների թվի կրճատման եւ ապրանքների մաքսազերծման համար պահանջվող փաստաթղթերի թվի փոփոխության: Նշենք, որ անգամ սահմանային առեւտրին առնչվող բարեփոխումներից հետո Հայաստանն այս ցուցանիշով զբաղեցնում է
102-րդ տեղը։ Բիզնես սկսելու առումով շատ ավելի լավ վիճակում ենք՝ զբաղեցնում ենք 21-րդ տեղը։ Իսկ ամենաբարենպաստ ցուցանիշը «սեփականության գրանցումն» է՝ եզրափակում ենք լավագույն հնգյակը։
Թվում է՝ նորմալ ցուցանիշներ են, սակայն եթե «բարի» ավանդույթի համաձայն` համեմատում ենք մեր տնտեսությանը տրված գնահատականները մեր անմիջական հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ապա առանձնապես ոգեւորվելու առիթ չի մնում։ Վրաստանը շարունակում է բարեփոխումների ընթացքը եւ զբաղեցնում է 11-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 38-րդ տեղը: Տվյալ դեպքում, հարցը ոչ թե այն է, որ պետք է տխրել, ասենք, Ադրբեջանի ավելի բարենպաստ ցուցանիշներից։ Եվ ոչ էլ կարիք կա չափից շատ ուրախանալ Ադրբեջանի արտահանման ցուցանիշների անկմամբ (ինչի մասին տեղեկություններով երեկ հեղեղված էր լրահոսը)։ Շատ ավելի տրամաբանական է փորձել հասկանալ՝ ինչո՞ւ մե՛նք ավելի առաջ չենք շարժվել, ո՞ր ոլորտներն են կաղում եւ որո՞նք լուրջ բարեփոխումների կարիք ունեն։
Ինչպես երեւում է աղյուսակից, Հայաստանում ներդրողները պաշտպանված չեն։ Այս ցուցանիշով մենք զբաղեցնում ենք 93-րդ հորիզոնականը. նախորդ տարվա համեմատ նահանջել ենք 5 տեղով։ Սահմանային առեւտրի մասին արդեն նշեցինք։ Չնայած 34 հորիզոնականով բարելավմանը, այս առումով դեռ բավականին հետ ենք։ Ամենաանմխիթարը «հարկերի վճարումն» է։ Նախորդ զեկույցում 151-րդ տեղում էինք, իսկ այս անգամ 2 տեղով ետ ենք գնացել՝ 151-րդ տեղ։ Սակայն ցուցակում ետ ու առաջ շարժվելը հարաբերական է, դա կարող է արձանագրվել մյուս երկրների առաջընթացի կամ ետընթացի հաշվին։ Օրինակ՝ վարկերի ստացման առումով նահանջել ենք 2 հորիզոնականով, սակայն հետազոտության հեղինակները առաջընթաց են նկատել այս ոլորտում։
Ինչ վերաբերում է հարկերին, այստեղ «Doing Business»-ի հեղինակները ոչ մի առաջընթաց չեն տեսել։ Կարծում ենք, ավելորդ չի լինի, եթե մի քիչ մանրամասնենք։ Զեկույցի հեղինակները «հարկերի վճարման» չափանիշը գնահատում են մի քանի ցուցանիշների հիման վրա։ Օրինակ՝ հարկային բեռը, տարվա ընթացքում կատարվող վճարումների քանակը եւ ժամանակը։
Հարկային բեռը, կամ, ինչպես զեկույցում ներկայացվում է, հարկային ընդհանուր դրույքը ցույց է տալիս, թե հարկատուն իր շահույթի քանի տոկոսի չափով է հարկեր վճարում (բոլոր հարկատեսակների գծով)։ Մեզ մոտ այդ ցուցանիշը 36.2% է։ Համեմատության համար նշենք, որ Եվրամիությունում այդ թիվը կազմում է միջինը 44.5%, Լատինական Ամերիկայում՝ 54.3%։ Հարկային դրույքի ցուցանիշով մենք միջանկյալ տեղ ենք գրավում աֆրիկյան եւ Արեւելյան Ասիայի երկրների միջեւ։ Ինչեւէ, սա դեռ նորմալ ցուցանիշ է։ Շատ ավելի վատ պատկեր է, երբ խոսքը վերաբերում է տարվա մեջ կատարվող վճարումների քանակին։ Հայաստանում հարկատուն տարեկան կատարում է 50 վճարում։ Եվրամիությունում վճարումների քանակը 18 է, Ադրբեջանում՝ 22։ Սակայն ամենաահավորը Հարկայինին տրամադրվող ժամաքանակի ցուցանիշն է, որով Հայաստանը գրավում է վերջից առաջին տեղը։ Մեր երկրում հարկատուն Հարկայինի հաշվետվություններ կազմելու, վճարումներ կատարելու, մի խոսքով՝ Հարկայինի հետ հարաբերությունների վրա ծախսում է տարեկան 958 ժամ։ Սա ահավոր ցուցանիշ է։ Մեր տարածաշրջանում՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում, միջին ցուցանիշը 336.3 ժամ է։ Ինքներդ համեմատեք. Ադրբեջանում հարկերի վրա ծախսվող ժամանակը 372 ժամ է, Վրաստանում՝ 376, Թուրքիայում՝ 202։ Սակայն ավելի վատ է այն, որ այս ցուցանիշը նախորդ զեկույցներում էլ նույնն էր։ Այսինքն՝ այս առումով առաջընթաց չկա։
Ինչեւէ, ի մի բերելով բոլոր չափանիշները, «Doing Business»-ի հեղինակները 183 երկրների շարքում մեզ դասել են 43-րդ տեղում։ Եթե պոտենցիալ ներդրողները առաջնորդվեն այս զեկույցով, մեր շանսերը վատը չեն (չնայած, տվյալ հետազոտությունը չի գնահատում մակրոտնտեսական կայունությունը կամ կոռուպցիան)։ Մնում է դրանում համոզվեն հենց մերոնք՝ տեղացի եւ արդեն գործող գործարարները։