Հրավեր չի եղել

10/09/2009

«Շարմ հոլդինգի» պրոդյուսերական ընկերության PR մենեջեր, Ինգա եւ Անուշ Արշակյանների հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Ավանեսյանը Tert.am-ի խնդրանքով մեկնաբանել է թուրք երգչուհի Հադիսեի հայտարարությունը Թուրքիայում համատեղ համերգ անցկացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հադիսեն իր ելույթում նշել է, որ ինքը զրուցել է Ինգայի եւ Անուշի հետ, եւ, որ նրանք պատրաստակամություն են հայտնել համերգով հանդես գալ Թուրքիայում: Թուրք երգչուհին նաեւ նշել էր հնարավոր համերգի ամսաթիվը` հոկտեմբերի 14-ը: «Մենք Հադիսեից ոչ մի հրավեր չենք ստացել: Ոչ մի զանգ կամ նամակ չի եղել»,- ասել է Ավանեսյանը: Միեւնույն ժամանակ, նա հերքել է Հադիսեի այն խոսքերը, թե իբր ինքն անձամբ շփվել է Ինգայի եւ Անուշի հետ: