Հանուն «Բուկետի»

10/09/2009

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բոլոր երկրների քաղաքացիներից պահանջել է հարգել Վրաստանի օրենքները: «Մենք արել ենք ամեն հնարավորը՝ Թուրքիայի հետ սահմանները բացելու համար, սահմանել ենք առանց մուտքի արտոնագրի ռեժիմ. մեզ համար նշանակություն ունի ամեն մի թուրքի ժամանումը մեր երկիր»,- Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նա: «Սակայն նրանք պետք է հետեւեն Վրաստանի օրենքներին, քանի որ անհարգալից վերաբերմունքը մեր օրենքների եւ մեր տարածքային ամբողջականության նկատմամբ պատժվում է օրենքով»,- հավելել է Սահակաշվիլին: Նշենք, որ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն թուրքական «Բուկետ» բեռնատար նավի կապիտանի ազատ արձակման շուրջ: Հիշեցնենք, որ «Բուկետ» նավը մաքսանենգ նավթամթերք էր մատակարարում Աբխազիային, որի ջրային գոտիներում էլ նավը բռնագրավվել էր: Այսպիսով, Վրաստանը նավի կապիտան Մեհմետ Օզթյուրքի ազատ արձակման համար մեծ տուգանք կստանա: