Նոր հեռանկարներ

10/09/2009

Հայաստանի եւ Խորվաթիայի գործարարների մասնակցությամբ առաջին համատեղ համաժողովը լավ հնարավորություն է ստեղծում երկու պետությունների գործարարների համար` կապեր հաստատելու եւ հետագա համագործակցության ուրվագծերը նախանշելու համար: Նախօրեին ելույթ ունենալով Զագրեբում բացված հայ-խորվաթական առաջին գործարար համաժողովում` հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Անկախ Հայաստանն ու Խորվաթիան ժառանգել են բազմաճյուղ եւ գիտատար տնտեսություն, մենք նաեւ ունենք համանման հավակնություններ մեր տնտեսության զարգացման ապագայի հարցում: Այդ իրողությունը մեր գործարարներին լայն հնարավորություններ է ընձեռում ծավալել փոխշահավետ գործունեություն տնտեսության ամենատարբեր ոլորտներում»,- ասել է Ս. Սարգսյանը` հավելելով, թե` Հայաստանի ավանդույթները, գիտական եւ տեխնոլոգիական ներուժը զարգացման նախադրյալներ են ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, դեղագործության եւ քիմիական արդյունաբերության ոլորտների համար: Նաեւ ընդգծել է, որ Հայաստանը լուրջ ներուժ ունի նաեւ գյուղատնտեսական արդյունաբերության, շինարարության, թեթեւ արդյունաբերության, ոսկերչության, զբոսաշրջության, էներգետիկայի զարգացման ոլորտներում: «Սրանք հայտարարված են որպես գերակա ոլորտներ, եւ մեր կառավարությունը հաստատուն ջանքեր է գործադրում գործարար միջավայրի զարգացման համար` նպատակ ունենալով կայացնել մեծ «արժեք ավելացնող», արտահանմանն ուղղված եւ միջազգայնորեն մրցունակ տնտեսություն»,- ասել է Ս. Սարգսյանը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը եւ՛ Հայաստանում, եւ՛ Խորվաթիայում պետական մակարդակով հռչակվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղ, եւ երկու երկրներն էլ ունեն բավականին նվաճումներ այդ ոլորտում: ՀՀ կառավարությունը կարեւորում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլեւ որպես ոլորտի արտադրանքի եւ ծառայությունների կիրառման միջոցով Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացին ուղղված գործիք: Այս առումով քննարկել ենք «Էրիքսոն» ֆիրմայի խորվաթական մասնաճյուղի հետ համագործակցության հնարավորությունները` էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ուղղությամբ»,- նշել է Սերժ Սարգսյանը: Նա հայտնել է, որ Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ քննարկել է նաեւ զբոսաշրջության բնագավառում չօգտագործված հնարավորությունները. «Մասնավորապես, Խորվաթիայի փորձի ուսումնասիրումը եւ զբոսաշրջության գործի մասնագետների պատրաստման խորվաթական հնարավորությունների օգտագործումը կարող են նոր եւ լայն հեռանկարներ բացել այս ոլորտի գործարարների համար»: «Երկկողմ համագործակցության մեծ հորիզոններ են բացվում նաեւ Հայաստանում ներկայումս արագ զարգացող ենթակառուցվածքային ոլորտում` «Հյուսիս-Հարավ» մայրուղու, երկաթգծի եւ ատոմակայանի կառուցման ներդրումային ծրագրերի շրջանակներում: Դրանք մի քանի միլիարդանոց ծրագրեր են եւ լայն հնարավորություն են ստեղծում խորվաթական ընկերությունների համար: Հայաստանը կարող է ապահովել ներդրումների արդյունավետ ելք ֆինանսական շուկաների միջոցով: Մասնավորապես, բանկային համակարգում գերիշխում են միջազգային ճանաչում ունեցող բանկեր տարբեր մշակույթներ ունեցող երկրներից, իսկ ֆոնդային բորսան OMX NASDAQ-ի սեփականությունն է: Նախատեսում ենք ներդնել նոր կենսաթոշակային համակարգ, որը կնպաստի կենսաթոշակային հիմնադրամների ստեղծմանը: Պարտադիր կուտակային համակարգի կառուցվածքը շատ նման է Խորվաթիայում գործող համակարգին, որի հնարավորությունները, կարծում եմ, արդեն իսկ առկա փորձից ելնելով, չեք թերագնահատի»,- հայտարարել է ՀՀ նախագահը: