Պետության «խորթ տղերքից՞է Ջրահովիտը

10/09/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պարոն Հարությունին հանդիպում եմ Ջրահովիտ գյուղի մուտքի մոտ` իր սպիտակ ձիով ու սայլով: Մոտենում եմ նրան ու կատակելով հարցնում, թե տեղյա՞կ է արդյոք ՀՀ վարչապետի վերջին «հրահանգի» մասին, ըստ որի` սայլերի վրա էլ պարտադիր պետք է ամրագոտիներ կապել: «Դե հանկարծ չգրեք, որ ռեմենս չեմ կապել… Միլիցիան կարող ա տուգանի: Համ էլ գյուղում թույլատրվում ա առանց ռեմենի»,- ծիծաղելով պատասխանում է գյուղացին եւ նկատում, որ անգամ իր սպիտակ ձին չի կարող որեւէ բան փոխել մեր իրականության մեջ: Պարոն Հարությունն այս միտքն ամրագրեց ու մտրակելով ձիուն` առաջ սլացավ:

Ջրահովիտն` առանց ջրի

Ջրահովիտ անունը գյուղի բնակիչներին ավելի շատ բարկացնում է, քան ուրախացնում: Անվանումը նրանց անընդհատ հիշեցնում է ոռոգման ու խմելու ջրի բացակայության մասին: 1950-ականներին Ջրահովիտ գյուղը վերաբնակեցվեց: Մինչ այդ նախկին գյուղում ապրում էին թուրք ընտանիքներ. ընդամենը 7 հայ ընտանիք կար այնտեղ: Ու քանի որ գյուղում թուրքերն էին գերակշռում, գյուղն անվանակոչվեց Ջաբաչալու, ինչի մասին այսօրվա ջրահովիտցիները հիշում են խիստ անտարբերությամբ: Տիկին Փառքուհին, արդեն 19 տարի, ապրում է Ջրահովտում: Նա այստեղ հարս է եկել հարեւան Ջրաշեն գյուղից: «Ասում եք` գյուղի անունը սիրուն ա: Աղջիկ ջան, էդ ի՞նչ ասելու բան ա: Էս գյուղը Երեւանին էդքան մոտիկ ա, բայց էստեղ հըլը նախնադարյան հասարակարգ ա: Եթե մի գյուղում ջուր չլինի, գազ չլինի` էլ ինչի՞ մասին ա խոսքը: Սա Ջրահովիտ չի է, սա իսկական անապատ ա»,- խիստ զայրացած ու առանց դադարի խոսում է տիկին Փառքուհին: Քիչ անց նա սկսում է թվարկել տիղմաշատ ջրերի վնասները: «Գիտե՞ս` քանի հիվանդություն ա տարածվել էս ջրերից: Հեն ա` ռեւմատիզմով եմ հիվանդացել: Գարնանն էլ, որ էս ջրերը վարարում են, չէ՞, հասնում են մինչեւ տները»,- շարունակում է Ջրահովիտի բնակչուհին` մատնացույց անելով այն խորքային հորը, որտեղից ջուր են վերցնում տան ու իրենց կարիքները հոգալու համար: «Ու էդ հըլա քիչ չի` հոսանքով էլ այգին ենք ջրում` ամիսը մի 18.000 բռնում ա: Բայց բերքն էլ` ի՞նչ»,- դժգոհում է տիկին Փառքուհին` կանչելով նաեւ հարեւանուհի Ռուզանին: Վերջինս, իհարկե, խոզերին կերակրելուց հետո միացավ մեզ, սակայն ավելի նպատակահարմար համարեց չբողոքելը, քանի որ դա անօգուտ աշխատանք է. «Մենք էստեղ նոր ենք տեղափոխվել: Երեւանում էինք ապրում: Երկու երեխաներս դպրոցական են: Ծերը ծերին հասցնում ենք: Մի կերպ հարմարվում ենք: Բայց էդ ի՞նչ կարեւոր ա, կամ ո՞վ ա մեր մասին մտածում: Պետության ի՞նչ հոգսն ա, թե գյուղերում մարդիկ են ապրում: Դրանից օգուտ չկա` ավելի լավ ա հնդկահավերիս նկարեք»,- խորհուրդ է տալիս տիկին Ռուզաննան: Նույն կերպ են մտածում նաեւ գյուղի շատ բնակիչներ, ովքեր կեսօրվա արեւի կարմրի տակ ստիպված են հասնել գյուղի մյուս ծայրը` ջուր բերելու համար: Գյուղում ընդամենը մի քանի ջրամատակարարման կետ կա, ավելի ճիշտ` գյուղի բնակիչներին համբերությունից հանող հազիվ ծորացող ծորակ-աղբյուրները: Դա է նաեւ պատճառը, որ մի քանի կետերում դույլեր էին շարված, ապակե տարաներ, որոնք բերանները մեծ բաց արած սպասում են ջրի լցվելուն: «Էս հըլա լավ ա, նոր են քաշել: Հասկանո՞ւմ եք, գյուղում կան մարդիկ, ովքեր խորքային հորեր ունեն: Նրանց համար` ի՞նչ: Բայց մենք էլ, որ խորքային հոր չունենք, ստիպված ենք այստեղից ջուր տանել: Առաջ թոռնիկներս փոքր էին, շուտ-շուտ էինք լողացնում, ու ջուր էլ չկար: Մենք ստիպված էինք լինում հասնել գյուղի վերջը` գերեզմանատուն: Այ հենց էդտեղից էլ բերում էինք ջուրը»,- ասում է աղբյուրի մոտ կանգնած գյուղացի կինը, ով պահածոների համար տարաներ էր լվանում:

Փոխարենը գյուղի դպրոցը հատկապես անձրեւաշատ եղանակներին ջրի պակաս չի զգում, ավելին` դպրոցի աշխատակիցներն ու աշակերտները դժգոհում են խոնավ եղանակներից: 1974թ. հիմնադրված դպրոցն ապրում է այն ծեր մարդու պես, որն իր կարիքների մասին դադարել է խոսել եւ միայն ուրախանում է այն պարզ ու սովորական երեւույթներով, ինչպիսին, ասենք, արեւագալն է: Մինչդեռ անծանոթ մարդու աչքից հաստատ չեն վրիպի դպրոցի լուսամուտների վրա հայտնված սպիները, անգույն վարագույրները, շենքի տեղ-տեղ քայքայված պատերը: Բայց այս ամենի գոյության մասին միանգամից մոռանում ես, երբ տեսնում ես բակում խաղացող աշակերտներին` միաձեւ կարմիր շապիկներով: «Բարեւ»,- առանց այլեւայլ կեղծավորությունների, նրանց աչքերից կարծես ջրի պես ժայթքում է բարեւը: Քիչ հետո աշակերտները սկսում են պատմել, թե ինչպես են ամեն օր դասի գնալուց իրենց պայուսակում նաեւ շշեր տեղավորում: «Բա ի՞նչ անենք: Աղբյուրից ջուր պիտի տանենք տուն: Դաշտից մաման-պապան հոգնած գալիս են, ջուր չի լինում: Համ էլ` մեզ էդ շշերը չեն խանգարում»,- ասում են աշակերտները: «Ձմռանն ավելի դժվար է լինում: Ճանապարհները սառչում են: Երազում եմ, որ մեծ հաջողություններ ունենամ ու մեր գյուղին ջուր մատակարարեմ»,- նշում է 9-րդ դասարանցի Վաղարշակը` երազելով լեզվաբան դառնալու մասին: Ու հետաքրքիրն էլ այն է, որ գյուղի երեխաներն ու երիտասարդները նախընտրում են ապրել առանց ջրի, քան հեռանալ սեփական գյուղից: Բարձրացա դպրոցի երկրորդ հարկ, որտեղ դասասենյակներից մեկում վերանորոգման աշխատանքներ էին սկսել: Գրատախտակին ՀՀ կառավարության կառուցվածքի գծագիրն է, որը կարծես քմծիծաղ է տալիս գյուղացիների դեռեւս անկեղծ հավատի վրա: «Մի քանի օրից ՀՀ Պաշտպանության նախարարությունից են գալու: Օրեր առաջ նախարար Սեյրան Օհանյանը մեզ DVD ու հեռուստացույց է նվիրել: Մենք դրա կարիքը, իրոք, ունեինք»,- ասում է ռազմագիտության ուսուցիչ մայոր Ստեփանյանը: Սակայն կիսավեր առաստաղից թափվող ջուրը հաստատ կփչացնի նախարարի նվերը: Ու չնայած սրան` դպրոցի տնօրեն Արտակ Բաբայանը լավատես է ու վստահ, որ մի օր ՀՀ կառավարությունը 200 աշակերտ ունեցող իրենց դպրոցին էլ ուշադրություն կդարձնի: «Դպրոցն ունի հիմնանորոգման լուրջ խնդիր` թե՛ տանիքը, թե՛ ջրմուղկոյուղին պետք է նորոգվեն: Ու թեեւ այս խնդիրներին, շատերի համար գուցե զարմանալի թվա, բայց կարգ ու կանոնը խիստ է մեր դպրոցում, օրինակ այն, որ աղջիկներին չի թույլատրվում դասին տաբատով ներկայանալ: Եվ ինչպես տեսնում եք` բոլորը միայն սեւ ու սպիտակ համազգեստներով են»,- նշում է տնօրենը: Դպրոցի ավազաշատ ճանապարհից փոքր-ինչ վերեւ էլ գտնվում է Ջրահովտի գյուղապետարանը, որտեղ գյուղի հիմնախնդիրները շարային պատրաստակամությամբ սպասում են իրենց լուծումներին: «Այսօրվա դրությամբ ոռոգման ջրի խնդիրը գրեթե լուծվել է: «Հազարամյակների մարտահրավեր» ծրագրի կողմից կատարվել է նախահաշվարկ, ըստ որի` 50 միլիոն դրամ պետք է հատկացվի ոռոգման ջրի ցանցերի վերակառուցման եւ կիսախողովակներով ապահովելու համար: Այդ գումարի 15 տոկոսը մենք ենք տալու, այսինքն` շուրջ 7 միլիոն դրամ»,- ասում է գյուղապետ Վարդան Գրիգորյանը` նշելով, որ դեռեւս անլուծելի է խմելու ջրի խնդիրը: Ըստ գյուղապետի` Մարմարաշենում կատարվող ջրամատակարարման համակարգի աշխատանքների ավարտից հետո միայն հնարավոր կլինի գյուղն ապահովել խմելու ջրով: Բնական գազի խնդրի լուծման մասին էլ Ջրահովիտ գյուղի ղեկավարը նշում է, որ 2008թ. ՀՀ կառավարությունը տրամադրել էր 30 միլիոն դրամ, որը հազիվ բավականացրել է գազիֆիկացման հիմնական աշխատանքներն ավարտելու համար: «Այսօր 15 միլիոն դրամ է հարկավոր, որ գազիֆիկացումն ամբողջապես ավարտին հասնի»,- շեշտում է 376,7 հա վարչական տարածք ունեցող գյուղի ղեկավարը: Ավելի ուշ` գյուղապետը նաեւ անկեղծացավ, նշեց, որ 7 միլիոնը ոչ թե իրենք են տալու, այլ հոլանդական «Կամրջակ» բարեգործական կազմակերպությունը: «Մենք ո՞նց կարող ենք այդ գումարը տալ: Դա մեզ համար շատ մեծ գումար է: 2005թ. մեզ օգնում է հոլանդական մի կազմակերպություն: Եվ, բացի դրանից, այն մեզ շատ հարցերում է օգտակար լինում»,- շարունակում է Վարդան Գրիոգորյանը: Բայց գյուղապետի խիստ լավատեսական տրամադրությունը կարծես միայն գյուղապետարանի պատերի ներսում է մնում ճիշտ այնպես, ինչպես ջրահովիտցիների հուշերը սովետական Հայաստանի մասին: Գյուղի միակ փոստատան աշխատակից պարոն Բորիսն էլ երանությամբ հիշում է խորհրդային գյուղի ծաղկուն ժամանակները: Սակայն այդ խոհերը մի ակնթարթում թանձրանում են իրենց գյուղի տիղմաշատ ու դեռեւս ճահճի չվերածված ջրերի պես: «Հասկանո՞ւմ եք` մեկ ա, մենք վաղուց ենք խորթացել էս իշխանությունների համար: Հիմա էլ ոչ մի լավ բան չկա: Ասում ես` Հայաստանը Առեւտրի միջազգային կազմակերպության անդա՞մ է, ու գյուղացիներն էլ պիտի հա՞րկ վճարեն շուկաներում վաճառվող իրենց բերքի համար: Գնա ասա` եկեք գյուղացիներին սաղ-սաղ թաղեք: Էլ բան չեմ ասում»,- վիրավորված եզրափակում է պարոն Բորիսն ու դեռ երկար նայում փոստատան ցաք ու ցրիվ իրերին: Հենց այս նույն հայացքն էլ հանդիպում եմ գյուղացի Սոֆյա տատիկի մոտ: Վերջինս նախ հետաքրքրվում է, թե ո՞ւմ եմ փնտրում կամ ի՞նչ եմ անում իրենց անապատում, եւ պատասխանի փոխարեն՝ տատը միայն արձագանքում է. «Էնքան ծարավ եմ, որ ամաչում եմ մեկից ջուր ուզեմ: Ի՞նչ անեմ` մարդիկ չարչարվում են, ջուրն էլ ոսկուց թանկ ա դառել»,- կապտած շրթունքների ճաքերի արանքից ասում է Սոֆյա տատը, հետո դառնում է ինձ ու մատնացույց անում գյուղից դուրս գալու ճանապարհը: