Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից հետո դա դարձել է Հայաստանում քննարկվող հիմնական թեման: Գրեթե բոլորը խոսում են հայ-թուրքական հարաբերությունների մասին` դրանք քննարկելով ամենատարբեր տեսանկյուններից: Այս քննարկումներում այլ մտահոգություններ, կարծիքներ են հնչում նաեւ այդ արձանագրություններում հայ-թուրքական սահմանի ճանաչման, տարածքային հնարավոր պահանջներից հրաժարվելու մասին: Այդ տեսակետը առաջին հերթին առաջ են քաշում հիմնականում դաշնակցականները, որոնց կարծիքով, ինչպես նախօրեին ասել էր ՀՅԴ-ական կարկառուն գործիչներից մեկը, սա «ինքնասպանություն է հայ ժողովրդի համար»: Չխորանալով հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, բովանդակային եւ ցուցադրական, PR-ային քննարկումների մանրամասների մեջ, հրապարակում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված այն հիմնական պայմանագրերը, որոնցով ամրագրվել են նաեւ ներկայիս սահմանները: Նշենք միայն, որ այդ պայմանագրերից որոշները, սակայն ամենաճակատագրականները ստորագրվել են Հայաստանի Առաջին Հանրապետության դաշնակցական կառավարության կողմից: Կարծում ենք՝ նշված պայմանագրերի հրապարակումը օգտակար կլինի այս թեմայով հետագա քննարկումների համար: Քանի որ շատերը (որքան էլ զարմանալի լինի, նաեւ այդ քննարկումներում բոցաշունչ ելույթ ունեցողներից ոմանք) նույնիսկ չեն կարդացել այդ փաստաթղթերը: Բացի հոկտեմբերի 13-ի Կարսի, 1920թ.-ի Սեւրի պայմանագրերից, ստորեւ ներկայացնում ենք նաեւ այս պայմանագրերին առնչվող, բայց երրորդ կողմերի միջեւ կնքված պայմանագրերը (Բրեստ-Լիտովսկի, Մոսկվայի)` Հայաստանին վերաբերող հատվածները (ժամանակագրական հաջորդականությամբ):
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԲՐԵՍՏ-ԼԻՏՈՎՍԿՈՒՄ ՄԻ ԿՈՂՄԻՑ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԵՎ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ` ԳԵՐՄԱՆԻԱՅԻ, ԱՎՍՏՐՈ-ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ, ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ
3 մարտի, 1918թ.
Ծանոթություն 1: Առաջին համաշխարհային պատերազմի (Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը, վերջում նաեւ` ԱՄՆ-ն պատերազմում էին Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի եւ Թուրքիայի դեմ) ավարտից 6-7 ամիս առաջ Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից եւ կնքեց այս հաշտության պայմանագիրը, որով Թուրքիային էին անցնում ոչ միայն Արեւմտյան Հայաստանի այն տարածքները, որոնք պատերազմի տարներին գրավվել էր ռուսական զորքերի կողմից, այլեւ Կարսի, Արդահանի ու Բաթումի նահանգները, որոնք մինչեւ պատերազմը` 1914թ., մտնում էին ռուսական կայսրության կազմի մեջ (այսինքն` այս պայմանագրով ՀՀ-ի ու Թուրքիայի միջեւ որոշված սահմանը գրեթե համընկնում է այսօր գոյություն ունեցող սահմանի հետ):
… Հոդված 4
… Ռուսաստանը կանի այն ամենը, ինչ որ իրենից կախված է, որպեսզի ապահովի իր զորքերի դուրս բերումը Արեւելյան Անատոլիայի նահանգներից եւ վերջիններիս կանոնավոր վերադարձը Թուրքիային:
Ռուսական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն նաեւ Արդահանի, Կարսի եւ Բաթումի մարզերից: Ռուսաստանը չի միջամտի այդ մարզերի պետական իրավական եւ միջազգային իրավական նոր կազմակերպման գործին, այլ այդ մարզերի բնակչությանը հնարավորություն կտա դրացի պետությունների, մանավանդ Թուրքիայի համաձայնությամբ հաստատել նոր կարգ:
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Բաթում, 4 հունիսի,1918թ.
Ծանոթություն 2: 1917թ. հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Անդրկովկասի երկրները, որոնք մինչ այդ հեղափոխությունը ռուսական կայսրության տիրապետության տակ էին, հրաժարվեցին ճանաչել բոլշեւիկների իշխանությունը, ինչպես նաեւ Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը, եւ 1918թ. հերթով իրենց անկախ հռչակեցին ու Թուրքիայի հետ առանձին հաշտության պայմանագրեր կնքեցին, որոնք, սակայն, շատ ավելի աննպաստ էին նորանկախ Հայաստանի ու Վրաստանի համար, քան Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրն էր: Հայաստանը անկախ հռչակելու օրվանից (1918թ. մայիսի 28) 1 շաբաթ անց դաշնակցական կառավարության եւ Թուրքիայի միջեւ կնքված Բաթումի պայմանագրով Հայաստանի տարածքը կազմելու էր 9000 քկմ, երկաթուղիների վերահսկողությունը անցնում էր Թուրքիային, Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք եւ այլն: Սակայն այս պայմանագիրը կարճատեւ գոյություն ունեցավ, քանի որ 1918թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով (Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ) Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը պատերազմում եւ մինչեւ 1919թ. գարուն հետ քաշեց իր զորքերը մինչեւ 1914թ. գոյություն ունեցող սահմանը (Հայաստանի տարածքը դարձավ մոտ 70 հազ. քկմ` ներառելով Կարսի մարզն ու Արդահանը):
Օսմանյան կայսերական կառավարությունը` մի կողմից, եւ իրեն անկախ հռչակած Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մյուս կողմից, փոխադարձաբար համաձայնվելով երկու կողմերի միջեւ հաստատել բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ` քաղաքական, իրավաբանական, տնտեսական եւ մտավոր բնագավառներում, իրենց լիազորներ նշանակեցին հետեւյալ անձնավորություններին.
Օսմանյան կայսրությունը
Դեպուտատ արդարադատության մինիստր եւ պետական խորհրդի նախագահ, Նորին գերազանցության Խալիլ բեյին` առաջին պատվիրակ, եւ Կովկասյան ռազմաճակատի օսմանյան զորքերի գլխավոր հրամանատար, Նորին գերազանցություն գեներալ-լեյտենանտ Վեհիբ Մահմեդ փաշային` ռազմական պատվիրակ:
Հայկական հանրապետությունը
Պարոն Ալեքսանդր Խատիսովին` պատվիրակության նախագահ.
Պարոն Ռուբեն Քաջազնունուն` պատվիրակ:
Պարոն Միքայել Պապաջանովին` պատվիրակ:
Սույն անձինք, ծանոթանալով երկու կողմերի լիազորություններին եւ գտնելով դրանք ըստ պատշաճի, համաձայնվեցին հետեւյալ դրույթների վերաբերյալ:
Հոդված I
Օսմանյան կայսերական կառավարության եւ Հայկական Հանրապետության կառավարության միջեւ հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն:
Հոդված II
Ներքոհիշյալ ուղղությունն ունեցող սահմանագիծը բաժանում է Օսմանյան կայսրությունը Վրաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից եւ Ադրբեջանի Հանրապետությունից:
Սահմանն սկսվում է այն կետում, որտեղ Ճորոխ գետը թափվում է Սեւ ծովը եւ մինչեւ Շավնաբերդ սարը միաձուլվում է հին սահմանի հետ, որ գոյություն ուներ Օսմանյան կայսրության եւ Ռուսաստանի միջեւ` մինչեւ 1877թ. պատերազմը, անցնելով լեռնագագաթների գծով` այն հասնում է Խալխամ եւ Մեպիսկար սարերը (1856թ. սահմանով), ապա թեքվում է դեպի հարավ, անցնում է Փիրսաղադ սարի գագաթով, Աբասթումանից երկու կիլոմետր հարավ եւ թեքվելով դեպի հյուսիս- արեւելք, հասնում է կարխուլ Դաղի գագաթը, այստեղից սկզբում 5 կմ ձգվելով դեպի հյուսիս-արեւելք եւ ապա դեպի հարավ-արեւելք, այն հասնում է Գուրկել վայրը, անցնում է Քուռ գետի վրայով` Ածխուրիից 2 կմ հարավ եւ, անցնելով Ղայաբաշի, Օրթաթափա, Ղարաղայա սարերի գագաթների գծով` հասնում է Տաբիցկուրի լիճը` Մոլիտի վանքից անմիջականորեն հարավ: Սահմանն այդ լիճը կտրում է այնպես, որ Օսմանյան տերիտորիայում է մնում լճի մի մասը, որը գտնվում է հարավում` ուղիղ գծով, որ Սոլիտի վանքի հարավից անմիջականորեն գնում է մինչեւ լճի հյուսիսային վերջավորությունից 1.5 կմ հարավ-արեւելք` հակադիր ափին գտնվող կետը, եւ հասնում է Թավկոտելի սարը: Այնուհետեւ այն իջնում է դեպի հարավ, անցնում Շավնաբադ, Կարագուզու, Սամսար սարերի գագաթներով եւ, թեքվելով դեպի արեւելք, անցնում Դավագիրան լեռնաշղթայի գագաթներով, ապա ուղղվում է դեպի հարավ, անցնելով Աչրիքար, Բաշգիրան, Նուրռահման սարերի գագաթներով: Նուրռահման սարից հետո այն շարունակում է գնալ հարավային ուղղությամբ եւ շարունակ անցնելով լեռնագագաթների գծով, հանդիպում է Ալեքսանդրապոլ Թիֆլիս երկաթուղագծին` Աղբուլաղ բնակավայրից 5 կմ արեւմուտք. այստեղ այն անցնում է լեռնագագաթներով մինչեւ խանվալի վայրը, որտեղից համարյա ուղիղ գծով այն հասնում է Ալագյազ լեռան առավել բարձր գագաթը եւ, շարունակելով գնալ ուղիղ գծով, հասնում է Էջմիածին-Սարդարապատ խճուղին` Էջմիածնից 7 կմ արեւմուտք գտնվող կետում, ապա այն շրջանցում է Էջմիածինը 7 կմ տարածության վրա եւ շարունակում է գնալ Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղուն զուգահեռ ուղղությամբ, մնալով նրանից մոտ 6 կմ, իսկ Բաշգիրան վայրից դեպի հարավ-արեւմուտք 16 կմ հեռավորության վրա, այն հատում է այդ վայրից դեպի երկաթուղին տանող ճանապարհը, ապա թեքվում է դեպի հարավ-արեւելք, անցնում է Աշաղի Ղարաբաղլար գյուղի մոտով` 1 կմ հարավ եւ Շահաբլու, Ղարախաչի, Աշաղի-Չանախչի բնակավայրերի վրայով հասնում է Էլփին-չայ գետը, որով գնում է մինչեւ Արփա բնակավայրը, այս վերջին բնակավայրից սկսած այն մտնում է Արփաչայի հովիտը, հասնում է Ղայալու բնակավայրը եւ Ղաիդ գետով գնում է մինչեւ Աղթաբան սարի գագաթը, ապա այն անցնում է Ղարադուղնա, Արաջին, Ղարանլիխ սարերի գագաթներով, հասնում է Ռեանլա-չայ զառիթափը, շարունակվում է այդ գետի հովտով Ազա բնակավայրի հարավային կողմից հասնելով Ալիջին բնակավայրը, որ գտնվում է նախկին ռուս-պարսկական սահմանագծի վրա:
Սահմանագծի վերջնական որոշումը կկատարվի հենց տեղում, երկու կողմերի անդամներից կազմված հանձնաժողովի կողմից:
Հոդված III
Հայկական Հանրապետության կառավարության եւ Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջեւ կնքված, նրանց փոխադարձ սահմանների որոշմանը վերաբերող համաձայնագիրը կհաղորդվի Օսմանյան կայսերական կառավարությանը:
Հոդված IV
Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայկական Հանրապետության կառավարությանը այն դեպքում, եթե վերջինս այդ օգնությունը կխնդրի նրանից` երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար:
Հոդված V
Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի բանդա չկազմավորվի եւ չզինվի իր տերիտորիայի սահմաններում, ինչպես եւ զինաթափել ու ցրել բոլոր բանդաները, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ:
Հոդված VI
Հայկական Հանրապետության մեջ ապրող մուսուլմանների կրոնն ու սովորույթները կհարգվեն: Նորին կայսերական մեծություն սուլթանի անունը կարտասանվի մուսուլմանների հանրային աղոթքներում: Նրանք կօգտվեն նույն քաղաքացիական եւ քաղաքական իրավունքներից, ինչ եւ ուրիշ կրոնների պատկանող քաղաքացիները: Մահմեդականները կարող են սովորել իրենց մայրենի լեզվով եւ իրենց կրոնի լեզվով:
Կրոնական պաշտամունքի եւ բարեգործության կատարումն ապահովելու նպատակով կարող են ստեղծվել մուսուլմանական համայնքներ, իբրեւ բարոյական օրգաններ, որոնք լիազորված կլինեն կառուցելու մզկիթներ, հոսպիտալներ, դպրոցներ, կրոնական ու բարեգործական հիմնարկներ եւ դրանց պահպանության համար ձեռք բերելու շարժական ու անշարժ գույք: Դրանք կկառավարվեն հատուկ կառավարիչների կողմից:
Գլխավոր մուֆթին կնստի Երեւան քաղաքում` Հայկական Հանրապետության մայրաքաղաքում (գլխավոր քաղաքում), իսկ մյուս մուֆթիները կբնակվեն հանրապետության այլ վայրերում, որտեղ նրանց գտնվելը կհամարվի անհրաժեշտ:
Այս մուֆթիների փոխհարաբերությունները Շեյխ-ուլ-Իսլամաթի հետ, ինչպես եւ նրանց իրավունքներն ու պարտականությունները, սահմանված են սույն տրակտատին կցվող համաձայնագրում:
Հոդված VII
Նկատի ունենալով, որ Օսմանյան կայսրության եւ Հայկական Հանրապետության միջեւ բացակայում են ամեն տեսակի պայմանագրեր, կոնվենցիաներ, համաձայնագրեր, ակտեր, հրահանգներ եւ այլ միջազգային փաստաթղթեր, երկու պայմանավորվող կողմերը համաձայնվեցին կնքել հյուպատոսական կոնվենցիա, առեւտրական պայմանագիր եւ այլ ակտեր, որոնք նրանք անհրաժեշտ կհամարեն իրենց իրավաբանական եւ տնտեսական հարաբերությունները կարգավորելու համար: Հյուպատոսական կոնվենցիան կկնքվի երկու տարվա ընթացքում` սույն տրակտատի վավերացումից եւ փոխանակումից անմիջապես հետո:
Այդ անցման ժամանակաշրջանում գլխավոր հյուպատոսները եւ փոխհյուպատոսները համապատասխանաբար կօգտվեն նրանց արտոնությունների ու պաշտոնների նկատմամբ առավել բարենպաստող ազգի դրությունից, ընդհանուր միջազգային իրավունքի հիման վրա, փոխադարձության սկզբունքներով:
Ընդհանուր միջազգային իրավունքի հիման վրա առեւտրական պայմանագիր կնքելու համար բանակցությունները կսկսվեն այն բանից անմիջապես հետո, երբ ընդհանուր հաշտություն կկնքվի, մի կողմից` Թուրքիայի, եւ մյուս կողմից` նրա հետ պատերազմի վիճակի մեջ գտնվող պետությունների միջեւ: Մինչեւ այդ, համենայնդեպս` մինչեւ 1919թ. դեկտեմբերի 3-ը, սույն պայմանագրի հավելվածով սահմանված ժամանակավոր դրույթը կկիրառեն երկու կողմերն էլ: Այն կարող է չեղյալ հայտարարվել` սկսած 1919 թվականի հունիսի 30-ից եւ ուժի մեջ կմտնի վեց ամիս հետո:
Ցամաքային հաղորդակցությունը կսկսվի սույն պայմանագրի վավերացումից եւ փոխանակումից հետո:
Հոդված VIII
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխադարձաբար թույլ տալ ամեն հնարավոր թեթեւացում երկաթուղային տրանսպորտի նկատմամբ, սահմանելով ու կիրառելով իջեցված տարիֆներ:
Մասնավորապես, երկաթուղիների կառուցման, շահագործման ու պահպանման, կամ այլ ամեն տեսակի հասարակական աշխատանքների համար անհրաժեշտ նյութերի տեղափոխման նկատմամբ կկիրառվեն հատուկ իջեցված տարիֆներ:
Պայմանավորվող կողմերի միջեւ երկաթուղային գծերի շարժակազմի փոխանակումը կկատարվի այդ հարցի վերաբերյալ սահմանված միջազգային սկզբունքներով:
Պայմանավորվող կողմերն անհապաղ կմտնեն բանակցությունների մեջ` նախորդ դրույթների մանրամասնությունները որոշելու համար:
Հոդված IX
Մինչեւ Հայկական Հանրապետության` Միջազգային փոստ-հեռագրական միության մեջ մտնելը, Օսմանյան կայսրության եւ Հայկական Հանրապետության միջեւ փոստային եւ հեռագրական կապերը կվերականգնվեն նույն պայմանագրի վավերացումից ու փոխանակումից հետո, Միջազգային միության փոստային եւ հեռագրական կոնվենցիաների, համաձայնագրերի ու ռեգլամենտների կանոնադրություններով:
Հոդված X
Պայմանավորվող կողմերից մեկի տերիտորիայի բնակիչները կամ համայնքները, որոնք ունեն սեփականության կամ օգտագործման իրավունք սահմանի մյուս կողմում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, կարող են օգտագործել դրանք, շահագործել կամ վարձակալության տալ, վարել կամ վաճառել անձամբ կամ վստահված անձանց միջոցով:
Ոչ ոք չի կարող զրկվել այդ անշարժ գույքի նկատմամբ իրեն պատկանող սեփականության իրավունքից այլ կերպ, քան նկատի ունենալով հասարակական շահը, եւ միշտ փոխհատուցմամբ:
Ոչ մի արգելք չպետք է հարուցվի բնակիչներին կամ նշված համայնքների ներկայացուցիչներին, երբ նրանք սահմանը կանցնեն` ներկայացնելով ճանապարհային թերթիկները, որոնք կտրվեն ըստ բնակավայրի համապատասխան իշխանությունների կողմից եւ որոնք կօրինականացվեն մյուս կողմի իշխանությունների կողմից:
Թեթեւացումներ ու հատուկ արտոնություններ կտրվեն սահմանն անցնելու եւ սահմանային բանկավայրերում առեւտուր անելու համար:
Նախորդ դրույթների մանրամասնությունները կկարգավորվեն ըստ սույն պայմանագրի 11-րդ հավելվածի:
Հոդված XI
Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանագրի ստորագրումից հետո Բաքու քաղաքից անհապաղ էվակուացվեն այնտեղ գտնվող բոլոր հայկական զինվորական ուժերը, ինչպես եւ ապահովել, որ այդ էվակուացումը առիթ չտա որեւէ ընդհարման:
Հոդված XII
Բրեստ-Լիտովսկում Օսմանյան կայսրության ու նրա դաշնակիցների եւ Ռուսաստանի միջեւ կնքված հաշտության ընդհանուր եւ լրացուցիչ պայմանագրերի դրույթները, որքանով որ դրանք չեն հակասում ներկա պայմանագրին, ուժի մեջ են պայմանավորվող կողմերի համար:
Հոդված XIII
Սույն պայմանագրով որոշվող տերիտորիաների սահմաններից դուրս գտնվող զորքերը կէվակուացվեն պայմանագրի կնքումից հետո:
Հոդված XIV
Սույն պայմանագիրը կվավերացվի եւ վավերացված օրինակների փոխանակումը կկատարվի Կ.Պոլսում, մեկ ամսվա ընթացքում կամ ավելի վաղ, եթե դա հնարավոր կլինի: Այն ուժի մեջ կմտնի փոխանակման օրից:
Ի հաստատումն սրա` լիազորված անձինք ստորագրեցին հաշտության ու բարեկամության սույն պայմանագիրը եւ դրեցին իրենց կնիքները:
Ստորագրեցին` Խալիլ, Ա. Խատիսով, Վահիբ, Ռ. Քաջազնունի, Մ. Պապաջանով
ՍԵՎՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
10 օգոստոսի, 1920թ.
Ծանոթություն 3: Սեւրի պայմանագրի իրագործման դեպքում 70 հազ. քկմ տարածք զբաղեցնող Հայաստանի տարածքը դառնալու էր մոտ 160 հազ. քկմ` ներառելով Արեւմտյան Հայաստանի 6 վիլայեթները: Սակայն Թուրքիայում 1920թ. ապրիլի 23-ին գումարված Ազգային մեծ ժողովը` Մուսթաֆա Քեմալ Փաշայի գլխավորությամբ, որն այս պայմանագրի կնքման պահին արդեն իր ձեռքն էր վերցրել գրեթե ամբողջ իշխանությունը, հրաժարվեց ճանաչել Թուրքիայի սուլթանական կառավարության կնքած պայմանագրերը (Սեւրի պայմանագիրը Թուրքիայի կողմից կնքել է սուլթանական կառավարությունը): Դաշնակիցները գործնականում ոչինչ չարեցին Սեւրի պայմանագրի` Հայաստանի վերաբերող մասը իրագործելու համար, իսկ թուրքերը, որպեսզի ստիպեն Հայաստանին հրաժարվել այս պայմանագրից, 1920թ.սեպտեմբերին հարձակվեցին Հայաստանի վրա եւ երկու ամիս հետո հասան Ալեքսանդրապոլ` դադարեցնելով առաջխաղացումը այն պահին, երբ կարմիր բանակը մտավ Հայաստան:
Մեկ կողմից
Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան, որոնք սույն պայամանագրում նշված են որպես Գլխավոր դաշնակից տերություններ, Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Հեջասը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբա-Խորվաթա-Սլովենական պետությունը եւ Չեխոսլովակիան, որոնք վերոհիշյալ Գլխավոր տերությունների հետ կազմավորում են դաշնակից տերություններ, եւ մյուս կողմից Թուրքիան,
Նկատի առնելով, որ Օսմանյան կայսերական կառավարության խնդրանքով Գլխավոր դաշնակից տերությունները 1918թ. հոկտեմբերի 30-ին Թուրքիային տվել են զինադադար, որպեսզի հնարավոր դառնա Հաշտության պայմանագրի կնքումը.
Նկատի առնելով, որ դաշնակից տերությունները հավասար չափով են ցանկանում, որպեսզի հաստատուն եւ տեւական խաղաղությամբ փոխարինվի Թուրքիայի դեմ պատերազմը, որի մեջ նրանցից մի քանիսը հաջորդաբար ուղղակի կամ անուղղակի են ներգրավվել եւ որի սկզբնապատճառը եղել է 1914թ. հուլիսի 28-ին նախկին Սերբիայի Կայսերական եւ Արքայական Ավստրո-Հունգարական կառավարության կողմից պատերազմի հայտարարումն ընդդեմ Թուրքիայի եւ 1914թ. հոկտեմբերի 29-ին դաշնակից տերությունների դեմ Թուրքիայի սկսած եւ Թուրքիայի դաշնակից Գերմանիայի կողմից ղեկավարվող թշնամական գործողությունները…
Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնվել են…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ, Բաժին 6-րդ, ՀԱՅԱՍՏԱՆ
Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են Դաշնակից տերությունները, որպես ազատ եւ անկախ պետություն:
Հոդված 89. Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանատումը թողնել ԱՄՆ որոշմանը, եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տերիտորիաների ապառազմականացման վերաբերյալ:
Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տերիտորիան կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տերիտորիայի նկատմամբ բոլոր իրավունքներից եւ իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տերիտորիաների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաեւ այդ տերիտորիայի նկատմամբ:
Հայաստանի սուվերենությանը հանձնվող տերիտորիայի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը, եւ դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն Պայմանագրի 8-րդ մասի (Ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն:
Հաջորդ կոնվենցիաները կկարգավորվեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն Պայմանագրով եւ որոնք կարող են ծնունդ առնել հիշյալ տերիտորիայի փոխանցման կապակցությամբ:
Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տերիտորիայի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա` Սահմանագծման հանձնաժողով, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:
Հոդված 92. Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն ըստ պատկանելույն կորոշվեն շահագրգռված պետությունների ընդհանուր համաձայնությամբ:
Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի, եւ եթե դրանից հետո այս կամ այն շահագրգռված պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն Գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին:
Հոդված 93. Հայաստանն ընդունում է, համաձայնվելով դրանք մտցնել Գլխավոր տերությունների հետ պայմանների մեջ, այն որոշումները, որոնք այդ Տերություններն անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի եւ կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից:
Հայաստանը նմանապես համաձայնվում է Գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերություններն անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը եւ այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
2 դեկտեմբերի, 1920թ.
(Լիազորված անձինք, Հայաստանից` Խատիսյան, Գյուլխանդանյան եւ Կորգանյան, Թուրքիայից` Քյազիմ Կարաբեքիր փաշա, Համիդ բեյ եւ Սուլեյման Բեջադի բեյ):
Ծանոթություն 4: Ալեքսանդրապոլի պայմանագիրը դաշնակցականները թուրքերի հետ կնքեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն դեպքում, երբ դեկտեմբերի 2-ի առավոտյան արդեն ստորագրել էին համաձայնագիր իրենց լիազորությունները վայր դնելու վերաբերյալ` հանձնելով իշխանությունը բոլշեւիկներին: Այս պայմանագրով Հայաստանը, ըստ էության, դառնում էր Թուրքիայի արեւելյան վիլայեթներից մեկը` շուրջ 9 հազ. քկմ տարածքով, իսկ Սեւրի պայմանագիրը անվավեր էր ճանաչվում: Պատմաբան Լեոն Ալեքսանդրապոլի պայմանագիրը անվանել է «դաշնակցության հավիտենական ամոթն ու խայտառակությունը»: 1921թ. մարտի 16-ին Մոսկվայի պայմանագրով Ալեքսանդրապոլի պայմանագիրը չեղյալ հայտարարվեց:
1. Պատերազմը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ավարտված է:
2. Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը սկսվում է այնտեղից, որտեղ Ղարա-սուն թափվում է Արաքսի մեջ մինչեւ Տիքնիսի հյուսիս-արեւմտյան մասը, Մեծ Կեմոյից դեպի արեւմուտք, Կիզիլտայից դեպի արեւմուտք մինչեւ Մ. Աղբաբան, այնուհետեւ Շարուր-Նախիջեւանի եւ Շահթախտի շրջաններով, որոնք գտնվում են Կակիդաղ… Կամասու լեռ… Ղուրդ-Ղուլաղ գյուղ, Սաատ լեռ… Սարայբուլաղ… Արարատ կայարան գծից հարավ մինչեւ Արաքս գետի այնտեղը, որտեղ Ղարա-սու գետը թափվում է Արաքսի մեջ:
Նախիջեւանի, Շարուրի եւ Շահթախտի շրջաններում, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով կհաստատվի հատուկ ադմինիստրացիա, Հայաստանը պարտավորվում է չմիջամտել այդ ադմինիստրացիայի կարգին, անկախ այն բանից, թե ադմինիստրացիան որ կողմը կթեքվի: Այդ շրջանները ժամանակավորապես գտնվելու են Թուրքիայի պաշտպանության տակ:
3. 2-րդ հոդվածում մատնանշված նախկին եւ ներկա սահմանների միջեւ ընկած շրջաններում, այսինքն, ներկա պայմանագրով Թուրքիային զիջված շրջաններում, որոնք անվիճելի, պատմական, էթնիկական եւ իրավական կապ ունեն Թուրքիայի հետ, Թուրքիայի… կառավարությունն իրավունք է վերապահում հանրաքվե կատարել այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը ցանկանա այդպիսին կատարել:
4. Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթեւ եւ երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից` 8 լեռնային կամ դաշտային հրանոթով եւ 20 գնդացիրով: Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի… Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել եւ այնտեղ դնել ծանր հրանոթներ… այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի, պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի եւ հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում:
5. Հայաստանի կառավարությունը սրանով համաձայնում է Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչներին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո կգտնվի Երեւանում, թույլ տալ ըստ իր ցանկության տեսչություն եւ հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերի գծով: Իր կողմից Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը եւ երբ Հայաստանի Հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով:
6. Պայմանավորվող կողմերը համաձայնվում են նախկին սահմանի տերիտորիայում իրենց տեղերը վերադարձնել բոլոր գաղթականներին, բացառությամբ նրանցից, ովքեր արտաքսվել են Համաշխարհային պատերազմի ընթացքում եւ թշնամու շարքերում կռվել են իրենց կառավարության դեմ եւ նրանցից, ովքեր մասնակցել են ջարդերին: Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հայրենիք վերադարձող գաղթականներին տալ այն իրավունքները, որ տրվում են փոքրամասնություններին առավել քաղաքակիրթ երկրներում:
7. Հենվելով մարդկության սկզբունքների վրա… Թուրքիայի կառավարությունը… հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից, պատերազմ, որ նա ստիպված էր ձեռնարկել Հայաստանի դեմ: Պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաեւ Համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից:
8. Թուրքիայի կառավարությունը հավաստիացնում է, որ անկեղծորեն ձգտում է օգնություն եւ աջակցություն ցույց տալ Հայաստանի կառավարությանը` նրա հեղինակության զարգացման եւ ամրապնդման գործում:
9. Երեւանի կառավարությունը համաձայնում է Սեւրի պայմանագիրը, որը կտրականապես մերժել է Թուրքիայի կառավարությունը, համարել եւ հայտարարել անվավեր: Հայաստանի կառավարությունը պարտավորվում է Եվրոպայից ու Ամերիկայից հետ կանչել իր պատվիրակություններին, որոնց Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների քաղաքական կենտրոնը դարձրել է իր մեքենայությունների գործիքը: Նրանք լիակատար անկեղծությամբ պարտավորվում են նաեւ վերացնել այն բոլոր թյուրիմացությունները, որ կարող են ծագել երկու երկրների միջեւ: Որպես հաշտ ապրելու իր ցանկության եւ Թուրքիայի հարեւանական իրավունքները հարգելու անկեղծության ապացույց, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, ովքեր հրահրում եւ հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ` երկու երկրների միջեւ խաղաղությունը խախտելու նպատակով:
10. Հայաստանի կառավարությունը պարտավորվում է ապահովել մուսուլմանական բնակչության իրավունքները հանրապետության տերիտորիայում եւ մուսուլմանական բնակչության կրոնական ու կուլտուրական զարգացումն ապահովելու նպատակով պարտավորվում է նաեւ ոչնչով չարգելակել այդ հասարակությունների կազմակերպումը, մուֆտիների անմիջական ընտրությունների իրավունքը, որոնց հաստատելու է գլխավոր մուֆտին, որին ընտրում են տեղական մուֆտիները եւ Թուրքիայի… կառավարության շեյխուլ-իսլամը:
11. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են երկու կողմերին ինչպես սայլուղիներով, այնպես էլ մյուս ճանապարհներով մեկ երկրից մյուսը մարդկանց ու ապրանքների ազատ տեղափոխության իրավունք տալ եւ հրաժարվում ինչպես ծովից, այնպես էլ որեւէ ուրիշ երկրից եկող ապրանքների վրա դրվող տրանզիտային մաքսերից: Հայաստանի կառավարությունը պարտավորվում է հրաժարվել տրանզիտային մաքսերի ամեն տեսակ իրավունքներից այն ապրանքների, սայլերի, վագոնների վերաբերմամբ, որ Թուրքիայից տրանզիտով գալիս են Ադրբեջան, Պարսկաստան, Վրաստան եւ հետ են դառնում: Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է Շարուր-Նախիջեւան-Շահթախտ-Ջուլֆայի վրայով Հայաստանին ազատ տրանզիտ տրամադրել դեպի Պարսկաստան եւ Մեքքա: Նկատի ունենալով, որ Թուրքիան հարկադրված է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինտրիգների ու մեքենայությունների դեմ, որոնք կարող են ուղղված լինել Թուրքիայի կենսական գոյության դեմ, վերջինը իրավունք կունենա մինչեւ ընդհանուր հաշտություն կնքելու մոմենտը, չխախտելով ազատ երթեւեկությունը, վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցության մյուս ճանապարհները` 4-րդ հոդվածում մատնանշված նորման գերազանցող զենքի ներմուծումն արգելակելու համար: Երկու կողմերը պետք է արգելակեն Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ներկայացուցիչների մուտքը:
12. Թուրքիայի կառավարությունը, չխախտելով ներկա պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքները, իրավունք կունենա ռազմական միջոցներ ձեռք առնել Հայաստանի… տերիտորիայում:
13. Հայաստանի կառավարությունն անվավեր է ճանաչում այն բոլոր պայմանագրերը, որ կարող են կնքվել եւ առնչություն ունենալ Թուրքիայի հետ, ճիշտ այնպես, ինչպես եւ այն բոլոր պայմանագրերը, որ կկնքվեն ի վնաս Թուրքիայի շահերի:
14. Ներկա պայմանագիրը ստորագրելու պահից պայմանավորվող կողմերի միջեւ վերականգնվում են առեւտրական հարաբերությունները, եւ երկու կողմերն իրենց դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցիչներին ուղարկում են երկու երկրների մայրաքաղաքներն ու այլ քաղաքները:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ
Թարգմանություն ռուսերենից
Մոսկվա, 16 մարտի, 1921թ.
Ծանոթություն 5: Մոսկվայի պայմանագրով Հայաստանի տարածքը դարձավ մոտ 30 հազ. քկմ: Ներկայումս գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանը հենց այս պայմանագրով է սահմանվել: Հետագայում Հայկական ՍՍՀ-ի ու Թուրքիայի միջեւ Կարսում կնքված պայմանագիրը կրկնում էր Մոսկվայի պայմանագրի` Հայաստանի վերաբերյալ հոդվածները:
Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը … որոշեցին կնքել բարեկամության եւ եղբայրության պայմանագիր եւ դրա համար որպես իրենց լիազորներ նշանակեցին…
Հոդված 1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սկզբունքորեն համաձայնվում է չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որեւէ այլ ակտեր, եթե Պայմանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այդպիսիք: Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը համաձայնվում է չճանաչել Թուրքիային վերաբերող եւ այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող նրա ազգային կառավարության կողմից չճանաչված որեւէ միջազգային ակտ…
Թուրքիայի հյուսիս-արեւելյան սահմանը որոշվում է այն գծով, որն սկսվելով Սեւ ծովի ափին գտնվող Սարպ գյուղից, անցնում է Խեդիսմթա սարի վրայով, հետո առաջանում է Շավշետ սարի եւ Կաննի-դաղ սարի ջրբաժան գծի ուղղությամբ, այնուհետեւ շարժվում է Արդահանի եւ Կարսի սանջակների հյուսիսային վարչական սահմանագծի երկարությամբ` Արփաչայ եւ Արաքս գետերի հնահունով` մինչեւ Ստորին Կարասուի գետաբերանը (սահմանագծի մանրամասն նկարագրությունը եւ դրան վերաբերող հարցերը պարզաբանված են 1(A) 1(B) հավելվածներում եւ երկու Պայմանավորվող տերությունների կողմից ստորագրված առդրվող քարտեզի վրա:
Հոդված 3. Երկու Պայմանավորվող կողմերը համաձայն են, որ Նախիջեւանի մարզը` սույն Պայմանագրի 1(C) հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա` Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության:
Հոդված 15. Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն սույն պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց:
Գեորգի Չիչերին, Յուսուֆ Քեմալ, Ջելալ Կարկամասով, Դ-ր Ռիզա Նուր Ալի Ֆուադ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-Ի, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ-Ի ՈՒ ՎՐԱՑԱԿԱՆ ՍՍՀ-Ի` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ, ՌՍՖՍՀ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՍՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
(մասնակի կրճատումներով)
13 հոկտեմբերի, 1921թ.,
Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության եւ Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները, մեկ կողմից, եւ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի կառավարությունը` մյուս կողմից, ընդունելով ազգերի եղբայրության սկզբունքները եւ ճանաչելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, առաջնորդվելով նրանց միջեւ մշտական ջերմ փոխհարաբերություններ եւ փոխադարձ շահերի վրա հիմնված անխախտ, անկեղծ բարեկամություն հաստատելու ցանկությամբ` որոշեցին սկսել բանակցություններ Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության մասնակցությամբ…
Հոդված 1.
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը եւ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական հանրապետությունների կառավարություններն անվավեր եւ ուժը կորցրած են համարում այն պայմանագրերը, որոնք կնքվել են ներկայումս պայմանավորվող կողմերի տարածքի մեջ մտնող տարածքում առաջներում իրենց սուվերեն իրավունքները իրականացրած պետությունների միջեւ, եւ որոնք վերաբերում են վերոհիշյալ տարածքներին, անվավեր եւ ուժը կորցրած են համարվում նաեւ երրորդ տերությունների կողմից կնքված եւ Անդրկովկասի հանրապետություններին վերաբերող պայմանագրերը:
Համարվում է որոշված, որ սույն հոդվածը չի վերաբերում 1921 (1337) թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված Ռուս-թուրքական պայմանագրին:
Հոդված 2.
Պայմանավորվող կողմերը համաձայնում են չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որեւէ այլ ակտ, եթե կողմերից մեկին ուժով են հարկադրում այն ընդունել:
Այդ պատճառով Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ՍՍՀ-ների կառավարությունները համաձայնում են չճանաչել որեւէ միջազգային ակտ, որը վերաբերում է Թուրքիային եւ ճանաչված չէ Թուրքիայի ազգային կառավարության կողմից, որը ներկայումս ներկայացված է նրա Ազգային Մեծ Ժողովով:
(Սույն Պայմանագրում Թուրքիա հասկացության տակ հասկացվում են այն տարածքները, որոնք մտցված են 1920 թ. (1336թ.) հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել եւ հռչակել է Դեպուտատների օսմանյան պալատը եւ հաղորդել մամուլին ու բոլոր պետություններին):
Իր կողմից Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի կառավարությունը համաձայնում է չճանաչել որեւէ միջազգային ակտ, որը վերաբերում է Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին եւ ճանաչված չէ այդ հանրապետությունների համապատասխան կառավարությունների կողմից, որոնք ներկայումս ներկայացված են Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի Սովետական կառավարություններով:
Հոդված 3.
Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի Սովետական Սոցիալիստական հանրապետությունների կառավարությունները, ընդունելով, որ կապիտուլյացիաների ռեժիմը համատեղելի չէ որեւէ երկրի ազատ ազգային զարգացման, ինչպես նաեւ նրա սուվերեն իրավունքների լիակատար իրագործման հետ, գտնում են, որ այդ ռեժիմին որեւէ ձեւով առնչվող բոլոր ֆունկցիաներն ու իրավունքները կորցրել են իրենց ուժը եւ համարվում են վերացված:
Հոդված 4.
Թուրքիայի հյուսիսարեւելյան սահմանը (ըստ ռուսական գլխավոր շտաբի 1/210000 մասշտաբով քարտեզի, 1 դյույմը 5 վերստ է) որոշվում է գծով, որն սկսվում է Սեւ ծովի ափին գտնվող Սարպ գյուղի մոտ, անցնում Խեդիս-մթա սարով, Կաննի-դաղ լեռան ջրբաժանով, ապա Արդահանի եւ Կարսի սանջակների նախկին հյուսիսային վարչական սահմաններով, Արփաչայ, Արաքս գետերի ջրհոսի հունով` մինչեւ Ստորին Կարա-սու: (Սահմանների մանրամասն նկարագրությունը եւ դրան առնչվող հարցերը սահմանված են 1-ին եւ 2-րդ հավելվածներում եւ պայմանավորվող երկու կողմերի ստորագրած կից քարտեզում: Պայմանագրի տեքստի եւ քարտեզի տարբերության դեպքում վճռական նշանակությունը տրվում է տեքստին):
Բնության մեջ պետական սահմանի մանրամասն որոշումը եւ անցկացումը, ինչպես նաեւ սահմանային նշանների տեղադրումը իրականացնում է սահմանային խառը հանձնաժողովը` Պայմանավորվող կողմերի հավասար թվով անդամներով եւ ՌՍՖՍՀ-ի ներկայացուցչի մասնակցությամբ:
Հոդված 5.
Թուրքիայի կառավարությունը եւ Հայաստանի ու Ադրբեջանի Սովետական կառավարությունները համաձայնում են, որ Նախիջեւանի մարզը սույն պայմանագրի 3-րդ հավելվածում նշված սահմաններով ձեւավորում է ինքնավար տարածք Ադրբեջանի խնամակալության ներքո:
Հոդված 10.
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի ստեղծում կամ ներկայություն, որոնք ունեն մյուս երկրի կամ նրա տարածքի մի մասի կառավարության դերը ստանձնելու հավակնություն, հավասարապես նաեւ այնպիսի խմբերի ներկայություն, որոնց նպատակն է պայքարել պայմանավորվող մյուս կողմի դեմ:
Համարվում է որոշված, որ սույն հոդվածում հիշատակված թուրքական տարածքի տակ հասկացվում է այն տարածքը, որը գտնվում է Ազգային Մեծ Ժողովի կառավարության զինվորական եւ քաղաքացիական անմիջական կառավարման ներքո:
Հոդված 11.
Պայմանավորվող երկու կողմերի այն քաղաքացիների վրա, որոնք գտնվում են մյուս կողմի տարածքում, կտարածվեն հյուրընկալող երկրի օրենքներից բխող բոլոր իրավունքներն ու պարտականությունները, բացառությամբ ազգային պաշտպանության պարտականությունների, որոնցից նրանք կազատվեն:
Պայմանավորվող կողմերի քաղաքացիների ընտանեկան իրավունքին, ժառանգության իրավունքին եւ իրավունակությանը վերաբերող հարցերը նույնպես բացառվում են սույն հոդվածի որոշումներից: Դրանք կորոշվեն հատուկ համաձայնագրով:
Հոդված 12.
Պայմանավորվող կողմերը յուրաքանչյուրի տարածքում գտնվող մյուս կողմի քաղաքացիների նկատմամբ կկիրառեն առավելագույն բարենպաստման ռեժիմը:
Հոդված 13.
Մինչեւ 1918 թվականը Ռուսաստանի մի մասը կազմած եւ այժմ Թուրքիայի սուվերենության տակ գտնվող տարածքների յուրաքանչյուր բնակիչ, եթե ցանկանա, ունի թուրքական քաղաքացիությունից դուրս գալու, Թուրքիայից ազատորեն հեռանալու եւ սեփական իրերը, գույքը կամ դրանց արժեքը իր հետ վերցնելու իրավունք:
Հոդված 15.
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է սույն Պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարել մյուս կողմի քաղաքացիների լիակատար ներում այն հանցագործությունների եւ հանցանքների համար, որոնք բխել են Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած պատերազմական գործողություններից:
Հոդված 17.
Պայմանավորվող կողմերն իրենց երկրների միջեւ հաղորդակցությունների անընդհատությունն ապահովելու համար պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները այն նպատակով, որպեսզի պահպանվեն եւ հնարավորինս արագ զարգանան երկաթուղային, հեռագրական եւ հաղորդակցության մյուս միջոցները, ինչպես նաեւ այն նպատակով, որպեսզի առանց որեւէ կասեցման ապահովվեն մարդկանց եւ ապրանքների ազատ փոխադրումները: Սակայն համարվում է, որ ճանապարհորդների եւ ապրանքների փոխադրման, մուտքի եւ ճանապարհման վերաբերմամբ լիովին կգործադրվեն պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրում այդ մասին սահմանված կանոնները:
Հոդված 18.
Առեւտրական հարաբերություններ հաստատելու եւ բոլոր տնտեսական, ֆինանսական ու պայմանավորվող երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ մյուս հարցերը կարգավորելու նպատակով սույն Պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո Թիֆլիսում կստեղծվի շահագրգռված երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով:
Հոդված 19.
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն Պայմանագրի ստորագրման օրից հաշված 3 ամսվա ընթացքում կնքել հյուպատոսական կոնվենցիաներ:
Հոդված 20.
Սույն Պայմանագիրը, որ կնքված է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ, ենթակա է վավերացման:
Վավերագրերի փոխանակումը տեղի կունենա Երեւանում հնարավոր մոտ ապագայում:
Սույն Պայմանագիրն ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման պահից, բացառությամբ 6,14,15,16,18 եւ19 հոդվածների, որոնք ուժի մեջ կմտնեն անմիջապես պայմանագրի ստորագրումից հետո:
Ի վավերացումն շարադրյալի` հիշատակված լիազոր անձինք ստորագրեցին սույն Պայմանագիրը եւ հաստատեցին իրենց կնիքներով:
Սույն Պայմանագիրը կազմված է հինգ օրինակից, Կարսում 1921 (1337) թվականի հոկտեմբերի 13-ին:
Ա. ՄՌԱՎՅԱՆ, Պ. ՄԱԿԻՆՑՅԱՆ, Բ. ՇԱԽԹԱԽԹԻՆՍԿԻ, Շ. ԷԼԻԱՎԱ, Ա. ՍՎԱՆԻՁԵ, ԳԱՆԵՑԿԻ,
ՔՅԱԶԻՄ ԿԱՐԱԲԵՔԻՐ, ՎԵԼԻ ՄՈԻԽԹԱՐ, ՄԵՄԴՈՒՀ ՇԵՎՔԵԹ