Քշիշտոֆ Զանուսսիի ստրատեգիան

10/09/2009

Սեպտեմբերի 8-15-ը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից հիմնադրած հայաստանյան միջազգային կինոդպրոցում վարպետության դասեր կվարի լեհական կինոյի խոշորագույն վարպետ Քշիշտոֆ Զանուսսին: Լեհ ռեժիսորը գործնական աշխատանքների ձեւաչափով (work shop) կփոխանցի իր փորձն ու կինոփիլիսոփայությունը տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին: Մեկ շաբաթ տեւող դասընթացների ընթացքում երիտասարդներին կառաջարկվի 2-3 րոպեանոց ֆիլմեր ստեղծել, որտեղ առկա պիտի լինի լարված դրամատուրգիան ու կինոկադրերի պրոֆեսիոնալ կոմպոզիցիան: «Դրամատիկ լարումը շատ կարեւոր եմ համարում, եւ զգում եմ, որ այն դանդաղորեն անհետանում է եվրոպական կինոյից»,- ասել է ռեժիսորը: Ք.Զանուսսիի պնդմամբ` իր վարպետության դասերը իմպրովիզացիա են լինելու: «Երիտասարդ կինոգործիչների համար դասընթացներ վարելը բավական համարձակ քայլ է, քանի որ երիտասարդ սերունդը սովորաբար ավագներին «սպանելով» է փորձում ինքնահաստատվել»,- ասել է Ք.Զանուսսին` միաժամանակ նշելով, որ հենց այդ «սպանության» ցանկությունն է կինոն զարգացնում: Լեհ ռեժիսորը, որն արդեն 70 տարեկան է, կինոֆիլմեր եւ թատերական ներկայացումներ ստեղծելուց բացի, մեծ մանկավարժական փորձ ունի: Նա տարիներ շարունակ դասավանդում է աշխարհի տարբեր կինոհաստատություններում: Իսկ Շվեյցարիայում եւ ԱՄՆ-ում նաեւ «կյանքի ստրատեգիա» կոչվող դասախոսությունների շարք է վարում: Խոսելով ժամանակակից կինոյի խնդիրների մասին՝ Ք.Զանուսսին նշել է, որ կինոն օրինական դաշտի կարիք ունի: Լեհաստանում, օրինակ, չնայած ֆինանսական ճգնաժամին` չի դադարել կինոարտադրությունը, քանի որ օրենքի համաձայն` ցանկացած արտասահմանյան ֆիլմ մուտք գործելով իրենց հանրապետություն, սնում է ազգային կինոն: «Մենք ոչ մի գյուտ չենք արել, նման օրենք կա Ֆրանսիայում, եւ մենք այն պարզապես պատճենահանել ենք: Լեհական էկրան բարձրացող ցանկացած ֆիլմի հասույթի 1,5 %-ը (Ֆրանսիան կարողացել է 3% շահութահարկ ապահովել) տրամադրվում է մեր ազգային կինոյին: Ստացվում է, որ նույնիսկ հոլիվուդյան ֆիլմերն են մեզ օգուտ բերում»,- ասել է նա: Պրակտիկ բնույթ կրող Ք.Զանուսսիի վարպետության դասերին կմասնակցեն 8 ուսանողներ, որոնք կներկայացնեն Վրաստանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ռումինիան, Մոլդովան եւ Հայաստանը: «Ոսկե ծիրանի» հիմնադիրները ուսանողներին ընտրել են հարցազրույցի միջոցով` 85 դիմորդներից թողնելով ընդամենը 8-ին: Նախկինում կինոդպրոցում վարպետության դասեր են վարել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն ու իրանական կինոյի ամենահետաքրքիր ռեժիսորներից մեկը` Աբբաս Քիառոսթամին: Նրանց միացել են նաեւ ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը, հնչյունային ռեժիսոր Կարեն Ծատուրյանն ու օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը: