Երեկ միանգամից ԱԺ երկու պատգամավորներ` Խաչատուր Սուքիասյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, վայր են դրել իրենց մանդատները: «ՀՀ ԱԺ պատգամավորների անսկզբունքային դիրքորոշման եւ անհասկանալի քվեարկության հետեւանքով իմ եւ իմ ԱԺ պատգամավոր գործընկերների հետ կատարվածը հիմք է տալիս ինձ գալու այն եզրահանգմանը, որ ես այս խորհրդարանում այլեւս անելիք չունեմ եւ ինձ չեմ պատկերացնում ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակում, հետեւաբար վայր եմ դնում իմ պատգամավորական մանդատը»,- իր քայլը երեկ տարածած հայտարարությամբ այսպես է հիմնավորել Խ. Սուքիասյանը: Վերջինիս դիրքորոշումը միանգամայն հասկանալի է. նույնիսկ մարդկայնորեն դժվար կլինի շփվել այն պատգամավորների հետ, որոնք քաղաքական պատվերով կողմ են քվեարկել իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը: Մինչդեռ դեռեւս այնքան էլ պարզ չէ
Ր. Հովհաննիսյանի քայլի տրամաբանությունը: Թեեւ նա խոստացել է պարզաբանումներով հանդես գալ առաջիկայում, սակայն երեկ շրջանառվում էր այն վարկածը, որ «Ժառանգության» հիմնադիրը պատգամավորական մանդատից հրաժարվել է հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված վերջին զարգացումների պատճառով: «Պատճառը Ր. Հովհաննիսյանի անձնական սկզբունքային մոտեցումն է ազգային կարեւորագույն հարցերի վերաբերյալ»,- նրա` մանդատից հրաժարվելու քայլը երեկ այսպես է մեկնաբանել «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Իհարկե, մանդատից հրաժարվելը նույնպես դիրքորոշում արտահայտելու ձեւ է, երբեմն՝ նույնիսկ արդյունավետ: Սակայն, եթե Ր. Հովհաննիսյանի դրդապատճառը միայն «ազգային հարցերն են», ապա նա կարող էր օգտագործել նաեւ ԱԺ ամբիոնը` իր մտահոգություններն ու անհամաձայնությունը արտահայտելու համար: Մյուս կողմից՝ Հովհաննիսյանի քայլը որոշակիորեն անհասկանալի է` հաշվի առնելով նրա արեւմտյան, հատկապես` ամերիկյան կողմնորոշումները: Այն առումով, որ հայ-թուրքական հարաբերություններում այսօր ընթացող գործընթացների «ակունքում» կանգնած է առաջին հերթին ԱՄՆ-ը: