Հանձնաժողովը գնում է էքսկուրսիա

08/09/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովում տեղի էր ունենում հերթական «ներկայացումը»: Մարտի 1-ի գործով քննչական խմբի անդամ Բագրատ Ադամյանը եւ Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի փորձագետ Արամ Համբարձումյանը հանձնաժողովականներին էին ներկայացնում Ոստիկանության զորքերի` մարտի 1-ին սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի բաճկոնը, որը զինվորի հագին է եղել վիրավորվելու պահին: Հիշեցնենք, որ Տ.Աբգարյանը մարտի 1-ի 10-րդ զոհն էր, ով վիրավորվելուց հետո մահացել էր անցած տարի ապրիլի 11-ին` Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում:

Պաշտոնական վարկածի համաձայն, Տ.Աբգարյանը մարտի 1-ին վիրավորվել է վզի հատվածից` ցուցարարների կողմից արձակված հրազենային կրակոցից: Սակայն արդեն լուծարված Փաստահավաք խմբում ընդդիմության անդամներ Սեդա Սաֆարյանի ու Անդրանիկ Քոչարյանի չորս զեկույցներից մեկը ներկայացնում է Տ.Աբգարյանի մահվան հանգամանքները, որոնք, մեղմ ասած, տարբերվում են պաշտոնականից: Այդ զեկույցի համաձայն` զինվորի վրա կրակել են ընդհուպ` այսինքն կրակել են հրազենի փողը Տ.Աբգարյանի վզին սեղմած վիճակում: Դեռեւս ամիսներ առաջ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ մարտի 1-ի գիշերը ոստիկանության զորքերի շրջանում խուճապ է սկսվել, զինվորները չեն ենթարկվել ցուցարարների վրա գրոհելու` իրենց ղեկավարների հրամանին: Այդ լուրերի համաձայն, ներքին զորքերի հրամանատար Գրիգորի Գրիգորյանը վազել է զորքերի ուղղությամբ, եւ հենց այդ պահին այդտեղից կրակոց է լսվել: Հետո միանգամից լուր է տարածվել, թե զինվորի վրա են կրակել: Անցած տարի Գ.Գրիգորյանն ազատվեց իր պաշտոնից, բայց այդպես էլ անհայտ մնաց, թե կոնկրետ ի՞նչ պատճառով: Եվ ահա, երեկ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ներկայացվում էր Տ.Աբգարյանի բաճկոնը, բայց չէին ներկայացվում զրահաբաճկոնը եւ մյուս հագուստները: Անհայտ է, թե որտեղ են դրանք գտնվում: Դրանք քննիչների կողմից չեն առգրավվել եւ փորձաքննության չեն ենթարկվել: Այդպիսով զինվորի սպանության հանգամանքների հետաքննությունը կատարվել է կիսատ-պռատ: «Եթե Սամվել Նիկոյանը կարողանա հայտնաբերել Տ.Աբգարյանի հագուստները, կարող եմ ասել, որ օգտակար գործ է կատարել»,- օրեր առաջ հայտարարել էր Փաստահավաք խմբում ՀԱԿ անդամ Ա.Քոչարյանը:

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ս.Նիկոյանը նախաքննական մարմնից պահանջել էր միայն բաճկոնը: «Ինչի՞ համար պահանջեի մյուս հագուստները: Դրա վրա է եղել վերքը»,- երեկ արդարացավ Ս.Նիկոյանը: Ա.Քոչարյանի կարծիքով՝ հատկապես զրահաբաճկոնը զննելուց կարելի էր եզրակացնել, թե զինվորի վրա ինչ հեռավորությունից են կրակել: Տ.Աբգարյանի մահվան հանգամանքներից հիշեցնենք եւս մի դրվագ: Զինվորի հիվանդության պատմության մեջ նշված է, որ «նրա վզի մուտքի անցքի մակերեսը 3×3 չափի է եղել»: «Տ.Աբգարյանի դիակի վրա առկա «մուտքի» անցքի չափերը (5սմ երկարությամբ) մի քանի անգամ գերազանցում են գնդակի չափերը, ինչը բնորոշ է ընդհուպ կրակոցին»,- նշված է Փաստահավաք խմբի անդամների զեկույցում: Եվ ահա երեկ հանձնաժողով ներկայացած փորձագետները փորձում էին պաշտպանել պաշտոնական տեսակետը: Նրանք ներկայացնում էին բաճկոնը, ցույց էին տալիս օձիքի մասի արյունը եւ անցքը` փորձելով համոզել, թե իբր դրանք ապացուցում են, որ հագուստը պատկանում է Տ.Աբգարյանին: Իսկ ավելի կոնկրետ հարցերին նրանք լղոզված պատասխաններ էին տալիս կամ հրաժարվում էին պատասխանել: Հանձնաժողովի անդամներն էլ իրենց հերթին այնպիսի հարցեր էին տալիս, որոնք մինչ այդ բարձրացվել էին ընդդիմության կողմից: «Կարելի՞ է պնդել, որ ընդամենը մեկ գնդակ է եղել»,- հարցնում էր դաշնակցական Արտյուշա Շահբազյանը:

Տեսակետ կար, որ Տ.Աբգարյանի վրա կրակել են ոչ միայն ընդհուպ, այլեւ միանգամից 3 գնդակ են արձակել զինվորի պարանոցին: «Ո՛չ կրակոցի քանակի, ո՛չ տրամաչափի, ո՛չ հեռավորության բնութագրականի հատկանիշներ չկան: Հեռավորություն հնարավոր չէ որոշել»,- ասաց փորձագետներից մեկը` այդպիսով փորձելով պատասխանել ոչ միայն հանձնաժողովի, այլ նաեւ ընդդիմադիրների կողմից բարձրացված հարցերին: Այդպիսով նաեւ փորձում էր պաշտպանել պաշտոնական տեսակետը, թե Տ.Աբգարյանը վիրավորվել է ցուցարարների արձակած կրակոցից: «Եղած հետքից կարելի՞ է եզրակացնել, թե կրակած է մոտիկից կամ հեռվից»,- նորից հարցրեց Ա.Շահբազյանը: «Կոնկրետ այս հետքից` ոչ: Այսինքն՝ կարող էր եւ՛ մոտիկից լինել, եւ՛ հեռվից»,- լղոզեց փորձագետը:

Իսկ իրենց հետ բերած եզրակացության մեջ նշված էր, թե «Աբգարյանի բաճկոնի վրա առջեւից հետ ուղղված առնվազն մեկ կրակոցի հետեւանքով հրազենային վնասվածք է»: Այդպիսով չի հերքվում այն վարկածը, թե զինվորի վրա մեկից ավելի կրակոց է արձակվել:

Հանձնաժողովի քննարկած երկրորդ հարցն էլ կապված էր Փաստահավաք խմբի վերջին զեկույցի հետ, որի համաձայն՝ Պաշտպանության նախարարության զորամասերից հագուստներ են հատկացվել թվով 9 բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների կողմից կազմված անօրինական զինված խմբերին: Փաստահավաք խումբն այդ տեղեկությունը ստացել էր ՀԱԿ-ից, եւ ամիսներ առաջ գնացել էր ստուգելու դրա իսկությունը: ՊՆ զորամասում, սակայն, նրանց թույլ չեն տվել ներս մտնել: Ս.Նիկոյանը հանձնաժողովի անդամներին հարցրեց, թե համաձա՞յն են գնալ ՊՆ զորամասեր եւ ստուգել այդ տեղեկությունը: «Ես հետաքրքրվել եւ պարզել եմ, նրանց մատյաններում հնարավոր չէ բան փոխել»,- ասաց Նիկոյանը:

Առաջարկն ընդունեց միայն ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: «Մի քիչ դժվար է պատկերացնել, որ մեկ տարի անց ստուգելու են մի բան, որը մեկ տարի առաջ չեն թույլատրել Փաստահավաք խմբին: Նման ստուգման դեպքում կասկածներ կային, որ տեղեկությունը կճշտվեր: Հիմա այս աղմուկ-աղաղակից հետո գնալ եւ ստուգել, թե օլիգարխները խմբեր են ստեղծել եւ մարդկանց են գնդակահարել, կարծում եմ` այնքան էլ լուրջ չէ,- ասաց հանձնաժողովի անդամ, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը եւ ավելացրեց,- եթե ստուգեցիք եւ ինչ-որ բան գտաք, ուրեմն մեր երկրում ինչ-որ բան է փոխվել»: Այնուամենայնիվ, աշխատանքային խումբ կազմվեց, որը ՊՆ պահեստներ է այցելելու այսօր: