Փոքր ու միջին բիզնեսի զարգացման մասին այսօր խոսում են բոլորը, ամեն տեղ` պատեհ-անպատեհ առիթով։ Ասում են՝ պետք է աջակցել փոքր ու միջին բիզնեսին, քանի որ առանց դրա տնտեսությունը ոտքի չի կարող կանգնել։
Փոքր ու միջին բիզնեսին աջակցելու միտքը կարմիր թելի նման անցնում է իշխանական բոլոր քննարկումների ու նիստերի ժամանակ։ Կառավարության հակաճգնաժամային ծրագրի (պաշտոնյաները հավաստիացնում են, որ նման ծրագիր գոյություն ունի) հիմնական բաղադրիչը հենց ՓՄՁ-ների աջակցությունն է։ Այնքան են խոսում այս մասին, որ մարդ սկսում է ակամայից մտածել, թե այս ոլորտն իրոք պետության ուշադրության կենտրոնում է։ Իսկ ի՞նչ է կատարվում իրականում. կարելի՞ է ասել, որ պետությունը օգնում է այս ոլորտին։ Դեռ 2008թ. վերջից կառավարությանը հաջողվեց հարյուրավոր միլիոն դոլարների վարկային միջոցներ ներգրավել արտերկրից։ Դրանց մի մասն ուղղվեց շինարարության ոլորտին, մյուս մասը՝ բյուջեի դեֆիցիտի ծածկմանը, մի մասն էլ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ փոքր ու միջին բիզնեսի աջակցությանը։ 2008-ի դեկտեմբերին կառավարությունը 15 միլիարդ դրամ տրամադրեց բանկային համակարգին՝ ՓՄՁ-ն վարկավորելու համար։ Հետո «մեծ ուրախությամբ» հայտարարվեց, որ եւս 50 մլն դոլար տրամադրել է Համաշխարհային բանկը։ Իսկ այնուհետեւ հերթը հասավ ռուսական կես միլիարդ դոլարանոց վարկին, որից պետությունը 18.5 միլիարդ դրամի (մոտ 50 միլիոն դոլարի) չափ գումար կրկին ուղղեց փոքր ու միջին բիզնեսին՝ բանկային համակարգի միջոցով։
Գումարների բաշխումը կառավարությունն իրականացնում է Գերմանահայկական հիմնադրամի միջոցով։ Այսինքն՝ միջոցները տրամադրվում են ԳՀՀ-ին, որն էլ տրամադրում է առեւտրային բանկերին։ ԳՀՀ տնօրեն Գեւորգ Թումանյանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ ընթացքում է վարկավորումը։ Նրա խոսքերով, 2008-ի վերջին կառավարության տրամադրած 15 միլիարդ դրամը գրեթե ամբողջությամբ տրամադրվել է բանկային համակարգին` 8.25% տոկոսադրույքով։ Ռուսական վարկի 18.5 միլիարդից այս պահի դրությամբ ՓՄՁ-ի ոլորտին տրամադրվել է դեռեւս 620 միլիոն դոլար։ Ընդ որում, տոկոսադրույքը բավականին ցածր է՝ բանկերը վարկային միջոցները ստանում են 7%-ով։ Այստեղ հարկ է նկատի ունենալ, որ գործընթացը դեռ նոր է սկսվում. ՓՄՁ-ի գծով առաջին տեղաբաշխումն իրականացվել է օգոստոսի վերջին։ Պրն Թումանյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ բանկերը անտարբեր են Համաշխարհային բանկի տրամադրած ռեսուրսների նկատմամբ. 50 միլիոն դոլարից վարկավորում գրեթե չի իրականացվել։ Գլխավոր պատճառը բարձր տոկոսադրույքն է։ Առեւտրային բանկերին ՀԲ-ի միջոցները տրամադրվում են 8.7%-ով, ինչը ձեռնտու չէ։ Գ. Թումանյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք դիմել են ՀԲ-ին՝ առաջարկելով տոկոսադրույքն իջեցնել մինչեւ 7%։ ԳՀՀ տնօրենը չի բացառում, որ այդ դեպքում շուկայում հնարավոր է միջին տոկոսադրույքը նվազի։ Վերջինիս համոզմամբ, ընդհանուր առմամբ արդեն իսկ նկատվում է բիզնես վարկերի միջին տոկոսադրույքի նվազում։ Եթե մի քանի ամիս առաջ բանկերը վարկավորում էին բիզնեսը նվազագույնը 18%-ով, ապա այժմ տոկոսադրույքը իջել է մինչեւ 16%։
Նշենք, որ մի շարք բանկեր արդեն իսկ բիզնեսի վարկավորում իրականացնում են 15%-ով՝ հատուկ փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտների համար, 5 տարի մարման ժամկետով։ Այդուհանդերձ, միջին տոկոսադրույքը շարունակում է բարձր մնալ՝ մինչեւ 22%։ Օրինակ՝ «Պրոկրեդիտ» բանկը տրամադրում է «ՊրոԷքսպրես» բիզնես վարկ՝ 1.5 տարի մարման ժամկետով, 21% տոկոսադրույքով, առավելագույնը 3 միլիոն դրամ գումար։ Սա նշանակում է, որ փոքր բիզնես ունեցող գործարարը, 3 միլիոնի վարկ վերցնելով, ամեն ամիս պետք է վճարի 200 հազար դրամի չափ գումար, ինչը բավականին ծանր բեռ է։
Մի տեսակ անհասկանալի պատկեր է ստացվում. Հայաստանում գործող առեւտրային բանկերը, փաստորեն, այսօր ռեսուրսների պակաս չունեն։ Դրսից հայթայթված վարկային ռեսուրսների դեռ կեսի կեսն էլ չի տեղաբաշխվել։ Այսինքն՝ վարկային ռեսուրսների առաջարկը բավականին մեծ է։ Սակայն տոկոսադրույքը շարունակում է բարձր մնալ։ Բանկերը միջոցներ ներգրավում են 7%-ով, սակայն վարկավորում են նվազագույնը 15% տոկոսադրույքով։ Իրենք՝ առեւտրային բանկերը, այս տոկոսադրույքը բարձր չեն համարում։ Տոկոսադրույքի մարժայի այս մեծ տարբերությունը (8% եւ ավելի) բացատրում են նրանով, որ փոքր ու միջին բիզնեսի վարկավորումը ավելի աշխատատար է։ Այսինքն՝ բանկի համար շատ ավելի հեշտ է 100 հազար դոլար տրամադրել մեկ ընկերության, քան՝ 5 հազարական դոլար՝ 20 տարբեր գործարարների։ Երկրորդ հիմնավորումը բարձր ռիսկայնությունն է։
Իհարկե, բանկերի տեսակետից սա ճիշտ մոտեցում է. ի վերջո, բանկը բարեգործական կազմակերպություն չէ, եւ առաջին հերթին մտածում է իր շահերի մասին։ Սակայն, մյուս կողմից, գործարարն էլ մտածում է իր շահերի եւ եկամտաբերության մասին։ Եթե վարկերի տոկոսադրույքը բարձր է, ապա անիմաստ է բյուրոկրատական քաշքշուկի միջով անցնել եւ վարկ վերցնել, հետո ունեցածքը վաճառել՝ վարկը մարելու համար։ Հենց դրանով է բացատրվում, որ մանր ու միջին շատ գործարարներ այսօր ձեռնպահ են մնում վարկեր վերցնելուց։ Բանկերից վարկ վերցնում են հիմնականում այն գործարարները, ում, ինչպես ժողովուրդն է ասում, «վիզ փող է պետք»։
Այս վիճակի համար մեղավորներ փնտրել պետք չէ։ Շուկայական տոկոսադրույքը ժամանակի ընթացքում կիջնի (եթե հիշում եք, 90-ականների տոկոսադրույքը 40-50%-ի էր հասնում)։ Խնդիրն այն է, որ վերը շարադրվածը իշխանությունները ներկայացնում են որպես աջակցություն փոքր ու միջին բիզնեսին։ Այսինքն՝ գործարարին տոկոսով փող տալը (այն էլ՝ բավականին բարձր տոկոսադրույքով) պետությունը անվանում է «աջակցություն»։ Եվ զարմանալի չէ, որ մանր ու միջին շատ գործարարներ հրաժարվում են այս «աջակցությունից»՝ գերադասելով սեփական միջոցներով յոլա գնալ, մինչեւ գան ավելի լավ ժամանակներ։ Ստացվում է, որ «օգնություն» օպերացիան ավելի շատ նմանվում է PR-ի, քան կոնկրետ գործողության։ Այսպես, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Ռուսաստանը Հայաստանին տոկոսով փող են տալիս եւ աշխարհով մեկ հայտարարում, որ օգնում են մեզ։ Հայաստանի կառավարությունն էլ այդ փողերը տոկոսով տալիս է տնտեսվարող սուբյեկտներին եւ հայտարարում, որ օգնում է նրանց։ Եվ զարմանալի չէ, որ մեր տնտեսվարող սուբյեկտները՝ ոմանք՝ գիտակցաբար, ոմանք էլ՝ ինտուիտիվ, խուսափում են մասնակցել այս PR-ակցիային։ Ո՞ւմ է պետք՝ ընկնել ծանր բեռի տակ ու մի բան էլ անուն հանել, թե պետությունից օգնություն են ստացել։ Այս ամենից բացի, կա նաեւ հարցի մյուս կողմը։ Ինչպես երեւում է՝ դրսից հայթայթված միջոցների նկատմամբ մեծ պահանջարկ չկա։ Այլ կերպ ասած՝ գումարների մեծ մասը «պարապ է մնացել»։ Իսկ այդ գումարները Հայաստանին տրվել են ոչ թե գեղեցիկ աչքերի համար, այլ վերադարձնելու պայմանով՝ ընդ որում, տոկոսներով հանդերձ։ Մտահոգություններին, թե պետությունը ինչպես է դուրս գալու պարտքերի տակից, կառավարությունը պատասխանում է՝ անհոգ եղեք, մենք էլ այդ գումարները անվերադարձ չենք տալիս, տոկոսով ենք տալիս։ Օրինակ, ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը վերջերս ասուլիսի ժամանակ նշեց, որ պարտքերի բեռը մնալու է ոչ թե պետության ուսերին, այլ տնտեսվարող սուբյեկտների (չնայած, մինչ այդ մեզ թվում էր, որ տնտեսվարող սուբյեկտներն էլ այս պետության մի մասն են)։ Հետաքրքիր է՝ նման հայտարարություններից հետո տնտեսվարող սուբյեկտները կցանկանա՞ն մտնել այդ բեռի տակ։ Եվ եթե ոչ՝ ո՞ւմ ուսերին է ի վերջո մնալու այդ բեռը։ Իսկ Հայաստանին վարկեր տրամադրողներին առանձնապես չի հետաքրքրում՝ այդ միջոցները արդեն շրջանառության մե՞ջ են, թե՞ ոչ։ «հփպՑփՌՍ ՉՍս՚փպվ»,- կասեն ռուսները։ Մանավանդ ռուսները։