Բողոք կալանավայրից

08/09/2009

«168 Ժամ» թերթի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներից: Վերջիններիս դժգոհությունը մասնավորապես կապված է վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովի աշխատանքի հետ: Օրերս մեզ էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ք/հ-ում գտնվող, 4,5 տարվա ազատազրկման դատապարտված Սեյրան Մակարյանը: Ըստ նրա, անկախ հանձնաժողովը մերժել է վաղաժամկետ ազատման իր դիմումն առանց պատճառաբանության: «Ես սպորտսմեն տղա եմ: Կալանքիս ընթացքում առավոտից իրիկուն սպորտով եմ զբաղվել, մարզվել եմ եւ քրեակատարողական հիմնակների ադմինիստրացիայի կողմից մշտապես դրական եմ բնութագրվել: Կալանքս կրելու ընթացքում տույժեր, նկատողություններ չեմ ունեցել, բայց չեմ հասկանում, թե հանձնաժողովն ինչո՞ւ է մերժել»,- վրդովված ասաց Ս. Մակարյանը` հավելելով, որ, փաստորեն, հանձնաժողովը դատապարտյալին ազատ արձակելու կամ մերժելու որոշում է կայացնում առանց նրան տեսնելու կամ առանց հասկանալու՝ փոխվե՞լ է արդյոք հանցագործություն կատարած մարդը, կամ տարիների ընթացքում զղջացե՞լ է կատարածի համար: «Էս ի՞նչ աբսուրդ բան է: Նախագահականից մի «օլուխ» գալիս, գործերը հավաքում տանում է, ու մի 10 օրից ասում են, որ մերժելու որոշում են կայացրել: Բայց ինչի՞ց ելնելով»,- դժգոհում է նա` տեղեկացնելով, որ իր անձնական գործում առկա է քրեակատարողական հիմնարկների ղեկավարության կողմից խրախուսանքներ, ինչը, սակայն, հանձնաժողովի անդամների համար էական նշանակություն չունի: