Բարեփոխումներ իրականացնողներն այժմ ներդրողներ են փնտրում
մանկապարտեզների ավագ խմբի երեխաներին դպրոցում սովորելուն
նախապատրաստելու համար: «Նախակրթարանների համար պետությունը եւ
համայնքները պետք է գումարներ գտնեն՝ մանկապարտեզների ավագ խումբը
պարտադիր դարձնելու համար»,- ասում է Կրթական ծրագրերի կենտրոն (ԿԾԿ) ԾԻԳ
ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը: Վերջինիս համոզմամբ՝ 12-ամյա
կրթական համակարգին անցումը միջազգային հանրությանն ինտեգրվելու պահանջ է:
Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 10-ամյա կրթության
դեպքում բավական մեծ է սովորողի ծանրաբեռնվածությունը, եւ նշված
ժամանակաշրջանը բավական չի եղել յուրացնելու այն գիտելիքները, որոնք
անհրաժեշտ են նրան կյանքում: ԿԾԿ ներկայացուցիչը չի ժխտում տարածված այն
կարծիքը, որ դպրոցն ավարտում են ոչ բավարար գիտելիքներով. «Այսօր եթե մենք
իրապես անցկացնենք քննություններ, չի կարելի ասել, որ դա ցանկալի արդյունք
կտա»,- նկատեց պրն Մելքոնյանը:
Կրթական նոր ծրագրով հանրակրթարաններում հիմնական ուսուցումը համարվելու է
9 տարի, այժմյան 8-ի փոխարեն: 9-րդ դասարանից հետո երեխաներն ընտրելու են
հոսքային կողմնորոշում: Ընդհանուր ուսումնական նյութի յուրացման
տեւողությունն ընդլայնվում է եւ ներդրվում է եռամյա ավագ դպրոց (10, 11,
12-րդ դասարաններ): Կրթական նոր կարգի ներդրումը հայաստանյան դպրոցներում
որոշ մասնագետներ դեռ վաղ են համարում, քանի որ դրանք եւ՛ համապատասխան
մասնագիտական ներուժով, եւ՛ նյութատեխնիկական հագեցվածությամբ չեն
համապատասխանում պահանջվող նորմերին: Մասնավորապես, մանկավարժ Ռուբեն
Կարապետյանը կրթական նոր կարգը «լավն» է համարում, սակայն ներկայիս
ուսուցիչները պատրաստված չեն ո՛չ հոգեբանորեն եւ ո՛չ էլ գիտելիքներով:
Ավելին, հատկապես հեռավոր գյուղերում ծնողները եւս ի վիճակի չեն իրենց
երեխաներին 12 տարի դպրոց ուղարկել: Ապարանի, Գյումրու եւ Մարտունու
շրջանի գյուղերում մանկավարժի անցկացրած սեփական դիտարկումները ցույց են
տվել, որ երեխաների 30%-ը չի գնում դպրոց, որովհետեւ «կոշիկ չունեն, գիրք
չունեն, տետր չունեն»:
12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում նորարարները նախատեսել են ուսումնական
այնպիսի գործընթացի կազմակերպում, երբ թույլերը հնարավորություն կունենան
նախապատրաստվել դպրոցի ավարտական քննություններին, իսկ ուժեղները՝ լրացնել
իրենց գիտելիքները: Այսինքն, այս դեպքում բացառվո՞ւմ է կրկնուսույցների
(ռեպետիտորներ) մոտ լրացուցիչ պարապելու հանգամանքը: Այս հարցի վերաբերյալ
պրն Մելքոնյանը հստակ պատասխան չունի. «Դպրոցն այդ ժամանակ
հնարավորություն կունենա անհատական կոնսուլտացիաների միջոցով
նախապատրաստվել դպրոցի ավարտական եւ բուհի ընդունելության քննությանը»:
Սակայն Ռ. Կարապետյանի կարծիքով՝ կրկնուսույցներ այլեւս չեն լինի այն դեպքում, երբ կաշառքը վերանա կրթօջախներից:
Ենթադրվող մի շարք փոփոխություններից է նաեւ գնահատման նոր 10 միավորանոց
համակարգի ներդրումը: Երեխաները դրական են գնահատվելու գիտելիքների 40%-ի
դրսեւորման դեպքում: «Եթե 30%-ով գիտի, մենք դա բավարար չենք համարում,
իսկ եթե նա գիտի ուսումնական նյութը գոնե 40%-ով, մենք դա համարում ենք
3-ի գիտելիք»,- ներկայացնում է Կ. Մելքոնյանը:
Նոր կրթակարգով երեխաներին հնարավորություն է տրվելու շատ խաղալ, նկարել,
համակարգչից օգտվել, տիրապետել կյանքի հմտություններին եւ կարողանալ առողջ
ապրել: Սակայն արդյո՞ք ներկայիս դպրոցն իր տեխնիկական հագեցվածությամբ եւ
համապատասխան մասնագետների առկայությամբ պատրաստ է նորարարություններին եւ
կարող է անհրաժեշտ որակ ապահովել: Այստեղ պրն Մելքոնյանի պատասխանը մեկն
է. «Պատրաստ չէ, կպատրաստվի: Եթե 10-ամյան իդեալական համակարգ էր,
որտեղի՞ց են առաջանում այդքան կրկնուսույցներ եւ թերուսներ»: