Խուճապ արտարժույթի շուկայում

08/09/2009

Երեկ Հայաստանի բազմաթիվ բանկեր հրաժարվում էին արտարժույթի փոխանակման գործարքներից, մասնավորապես` արտարժույթ չէին վաճառում: Մեր տեղեկություններով՝ դրամի փոխարժեքը կայուն պահելու խնդիրը այնքան լուրջ է դրված, որ իշխանությունները որոշել են դիմել ծայրահեղ քայլերի: Մասնավորապես, ըստ հավաստի աղբյուրների, նրանք որոշել են արտարժույթով բանկային ավանդների պարտադիր պահուստավորման նորման գործող 12%-ից դարձնել 30%: Նշենք, որ պահուստավորման նորման ավանդների այն տոկոսն է, որը առեւտրային բանկերը պարտավոր են պահել ԿԲ-ում: Այսինքն` բարձրացնելով արտարժույթի պահուստավորման նորման` իշխանությունները նպատակ ունեն ԿԲ-ի տրամադրության տակ թողնել ավելի շատ կանխիկ արտարժույթ (առաջին հերթին` դոլար), որից հետո ԿԲ-ի համար ավելի հեշտ կլինի ստիպել (իհարկե, ոչ ֆորմալ ճանապարհներով) առեւտրային բանկերին վաճառել այդ պահուստավորված արտարժույթի մի մասը (օրինակ, երբ ԿԲ-ն դարձյալ իջեցնի այդ նորմատիվը)` դրամի փոխարժեքը կայուն պահելու համար: Սա, ըստ էության, արտարժույթի փոխարժեքի կարգավորման նոր «գործիք» է, որն աշխարհում ոչ մի տեղ դեռ չի կիրառվել: