Գարնանային նստաշրջանում խորհրդարան «տարած-հետ բերած» հարկային օրենսդրության փոփոխությունների տխրահռչակ փաթեթը հաջորդ շաբաթ Ազգային ժողովում կրկին դրվելու է շրջանառության մեջ: Հիշեցնենք, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ հարկայինի ներկայացուցչի ներկայության հնարավորություն տվող այդ փաթեթը կառավարությունը ետ էր վերցրել գարնանային նստաշրջանում պատգամավորների կողմից բուռն քննադատության ենթարկվելուց հետո: Այժմ փաթեթը լրամշակվել է եւ նորից ներկայացվում է ԱԺ-ին: Փոփոխված օրինագծի նախնական տարբերակը երեկ քննարկվել է ԱԺ խմբակցությունների հետ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ: Նախագիծը ներկայացնող` ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ համաձայնել են պատգամավորների այն պնդմանը, թե հարկային ներկայացուցիչը չպետք է մուտք ունենա պահեստներ, արտադրամասեր ու հնարավորություն ստանա ստուգել ֆինանսական հաշվետվությունները: Ըստ նրա, առայժմ քննարկվում է այն հարցը` նախատեսված ռեժիմի տակ ընկնելո՞ւ է կոնյակի արտադրությունը, թե՞ ոչ: Սակայն, մեր տեղեկություններով՝ կոնյակի արտադրությունն այլեւս չի ենթարկվելու հարկայինի խիստ հսկողությանը, քանի որ դա կարողացել է կասեցնել նաեւ այդ ոլորտում մեծ հետաքրքրություններ ունեցող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: