Առնչություն չունեն

08/09/2009

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանն «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակից Նովրուզ Մամեդովի հայտարարությունը՝ վերահաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ արցախյան հիմնախնդրի բանակցությունները որեւէ առնչություն չունեն, եւ, որ դա նաեւ ողջ միջազգային հանրության դիրքորոշումն է: Հիշեցնենք, որ Ն. Մամեդովն ասել էր, թե «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցող գործընթացները անպայման կազդեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման վրա»: «Կկայանա՞ այդ հանդիպումը, թե՞ ոչ, չեմ կարող ասել, սակայն ներկայիս գործընթացները անպայման կազդեն այդ հանդիպման վրա»,- ասել էր Ն. Մամեդովը: Վերջինիս կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ պարբերաբար կրկնվող հայտարարությունների առնչությամբ էլ Տ.Բալայանն ասել է. «Մամեդովի մտքի գոհարները եւս մեկ անգամ վկայում են նրա անտեղյակության, ցանկալին իրականության տեղ մատուցելու պատրանքի մասին»: