«ANS PRESS»-ի հաղորդմամբ` Ղարաբաղի ազատագրման կազմակերպության անդամներն իսկական մենամարտի են բռնվել Երիտասարդության եւ սպորտի նախարարության աշխատակիցների հետ: Գործակալության փոխանցմամբ` մի խումբ ակտիվիստներ` ՂԱԿ ղեկավարի տեղակալներ Գյուլթեկին Գուլիեւայի, Իլգար Ալիեւի, Ֆարիդա Ասկերովայի գլխավորությամբ, այցելել են Երիտասարդության եւ սպորտի նախարարություն: Պատվիրակության այցի նպատակն է եղել հանդիպել նախարար Ազադ Ռահիմովի հետ եւ «որոշակի հստակություն մտցնել» վերջինիս` Հայաստան կատարած այցի վերաբերյալ, ինչպես նաեւ պահանջել չեղյալ հայտարարել ադրբեջանցի մարզիկների այցն իրենց համար թշնամական երկիր: Սակայն նախարարության աշխատակիցները կասեցրել են պատվիրակության` նախարարի հետ հանդիպելու բոլոր փորձերը: Ինչպես նշված է ՂԱԿ հաղորդագրությունում, նախարարության, Անվտանգության ծառայության եւ տեխնիկական գծով աշխատակիցներն իրենց չափազանց ագրեսիվ են դրսեւորել, ինչի հետեւանքով կողմերի միջեւ գրեթե ծեծկռտուք է բռնկվել: Սակայն ՂԱԿ-ի անդամներին հաջողվել է ներխուժել նախարարության շենք: Նախարարության անվտանգության ծառայության աշխատակիցները ուժ են կիրառել պատվիրակության անդամների նկատմամբ` մարմնական վնասվածքներ հասցնելով Գյուլթեկին Գուլիեւային, Մեհման Իսմայիլովին, Շահմար Իբրահիմովին եւ ՂԱԿ-ի այլ ներկայացուցիչների: ՂԱԿ-ի անդամները պահանջել են նախարարին անհապաղ ներկայացնել իրենց պահանջները: «Ազադ Ռահիմովը եւ Ֆիզուլի Ալեքպերովը, այցելելով Հայաստան` «ագրեսոր երկիր», ցույց տվեցին, որ իրենք ծառայում են հայկական քաղաքականությանը: Նրանք պետք է պատասխան տան անվայել արարքների համար եւ պետք է ազատվեն իրենց պաշտոններից: Չի կարելի թույլ տալ, որպեսզի երիտասարդ ձյուդոիստները մասնակցեն Հայաստանում անցկացվելիք մրցույթին, եւ այդ նախարարները պետք է հրաժարվեն դավադիր մտադրություններից»,- ասվում է ՂԱԿ-ի պահանջում: