«Ղարաբաղը հիշատակված չէ»

08/09/2009

«Երկու ոխերիմ թշնամիների հարաբերությունների բարելավումը կարող է շատ ժամանակ պահանջել: Տասնամյակներ տեւած թշնամանքից հետո արդյո՞ք Հայաստանը եւ Թուրքիան մոտ են խաղաղությանը»,- իր «Ֆուտբոլային դիվանագիտություն» ծավալուն հոդվածում գրել է «Economist»-ը: «Երկու կառավարությունները որոշել են նախքան դիվանագիտական հարաբերություններ հաստատելն ու սահմանը բացելը ներքաղաքական քննարկումներ անցկացնել: Բարեկամության հույսը ծագել էր անցյալ տարվա սեպտեմբերին, երբ նախագահ Աբդուլլահ Գյուլը, ընդունելով նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը, մեկնել էր Հայաստան` դիտելու ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը, որը հայերը տանուլ տվեցին»,- ընդգծել է թերթը: Նաեւ հավելել է. «Այս տարվա ապրիլին արդեն խոսք եղավ համապարփակ համաձայնության, այդ թվում` սահմանը բացելու մասին: Թուրքերն այն փակել էին 1993-ին` այդպիսով համերաշխություն հայտնելով Ադրբեջանին, որը տանուլ էր տվել Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ մղած պատերազմը: Նախկինում Թուրքիան պնդել է, որ կբացի սահմանը միայն այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն կկնքեն: Ապրիլին թուրքերը վերանայեցին այդ սկզբունքը: Հիմնական նպատակն էր` կանխել ամերիկյան Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը: Դա հաջողվեց` նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի ուղերձում չկիրառեց այդ տերմինը»: Դրանից օրեր անց վարչապետ Ռեջեփ Էրդողանը վերստին փորձեց Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կապել Ղարաբաղի խնդրի հետ, ինչը «Economist»-ը բացատրում է Թուրքիայի ներսում ազգայնական շրջանակների դժգոհությամբ եւ դեպի Ռուսաստան շրջվելու մասին Ադրբեջանի արած ակնարկներով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրան արձագանքեց, թե հոկտեմբերի 14-ին պատասխան խաղը դիտելու համար Թուրքիա չի մեկնի, քանի դեռ սահմանը բաց չէ, կամ առկա չէ դրա իրական հեռանկարը: Նշելով, որ ներքաղաքական քննարկումների համար հատկացված ժամկետը սպառվում է հենց պատասխան խաղից առաջ, «Economist»-ը հավելում է, որ երկու երկրներում էլ ընդդիմությունը թշնամանքով է ընդունում գործարքը: «Հայաստանում ազգայնականները Սարգսյանին դատապարտում են ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու համար, քանի որ գործարքը ենթադրում է պատմական հարցեր ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծում: Բացի այդ, նրան մեղադրում են «Ղարաբաղը ծախելու» մեջ: Ներքաղաքական դժգոհությունը մեղմելու, գուցեեւ թուրքերին անհարմար վիճակի մեջ դնելու համար Հայաստանը հրապարակել է ապրիլյան համաձայնությունների ամբողջական տեքստը, որում Ղարաբաղը հիշատակված չէ»: «Թուրքիայի արձագանքն էլ հակասական է` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հույս է հայտնել, որ սահմանը կբացվի մինչեւ տարեվերջ, բայց միաժամանակ ընդգծել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարատեւ խաղաղությունը հնարավոր է միայն Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության պարագայում,- նշում է թերթը` հավելելով,- Հայ-ադրբեջանական երկարատեւ բանակցություններն անորոշ վիճակում են: Հայ- թուրքական երկխոսության վերաբերյալ պարոն Դավութօղլուի առավել ճշգրիտ գնահատականն այն է, որ Հայաստանը եւ Թուրքիան գտնվում են երկարատեւ գործընթացի սկզբնական փուլում: Ոչ ոք չի կարող ասել, թե որքան երկար կարող է լինել այդ գործընթացը»: