Հաճախորդ է «կպցնում»

02/09/2009

Մինչ Հայաստանի տնտեսությունը շարունակում է երկնիշ թվերով անկում ապրել, իշխանություններն էլ ամեն օր խոսում են հարկային վարչարարության բարելավման եւ բյուջեի մուտքերի մեծացման անհրաժեշտության մասին, Պետական եկամուտների կոմիտեի որոշ պաշտոնյաներ զարգացնում են իրենց անձնական բիզնեսները: Օրինակ` ՊԵԿ նախագահի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը, որը «կրթված մարդու» եւ «պարկեշտ պաշտոնյայի» համարում ունի, վերջին շրջանում հասցրել է ծաղկեցնել իրեն պատկանող «Ահարոն Պարադիգմա» խորհրդատվական ընկերությունը: Մասնավորապես` Չիլինգարյանը օգտագործելով պաշտոնը՝ հաճախորդներ է ապահովում իր ընկերության համար: «Ահարոն Պարադիգման» զբաղվում է հարկային օրենսդրության հարցերով խորհրդատվությամբ, մատուցում է հաշվապահական, հարկային հաշվետվությունների պատրաստման ծառայություններ, պետական մարմինների հետ հարաբերություններում պաշտպանում է հարկ վճարողի շահերը եւ այլն: Այսինքն` այս ընկերության գործունեությունը գրեթե ամբողջությամբ կապված է հարկային մարմինների աշխատանքի հետ, եւ ՊԵԿ նախագահի տեղակալը տնտեսվարողներին երեւի «բարեկամաբար» խորհուրդ է տալիս օգտվել հատկապես այդ կազմակերպության ծառայություններից: Արդյունքում, մեր տեղեկություններով, միայն Չիլինգարյանի պաշտոնավարման շրջանում «Ահարոն Պարադիգմայի» հաճախորդների թիվը աճել է ավելի քան 100 տնտեսվարողներով: Նշենք, որ Չիլինգարյանի «տանիքը» համարվում է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչը նրան հնարավորություն է տալիս պետական աշխատանքի փոխարեն սեփական բիզնեսի համար «կլիենտ կպցնել», շատ դեպքերում նաեւ, ի հեճուկս ՊԵԿ-ի ղեկավարության: